Ադրբեջանի դիպուկահարների գործունեությունը կչեզոքացվի
Նախօրեին ադրբեջանցի դիպուկահարի գնդակից Արցախում` պաշտպանական բանակի շփման գծի հարավ-արևելյան հատվածում, զոհվել է Վիտալի Աշոտի Իգիթյանը (ծնված 1988թ.): Ցավակցություն հայտնելով զինծառայողի հարազատներին` ՀՀ ՊՆ-ն տարածել է հայտարարություն, որում մասնավորապես ասված է. «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը խստորեն դատապարտում է դիպուկահարների միջոցով հայ-ադրբեջանական շփման գծում իրադրությունը սրելու Ադրբեջանի արկածախնդրությունը:
Ադրբեջանի նման գործողությունները, որոնք իրականացվում են հակամարտության գոտում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների անցկացրած դիտորդական առաքելությունից անմիջապես հետո, ցույց են տալիս, որ Ադրբեջանը ոչ միայն չի հետևում շփման գծից դիպուկահարներին հեռացնելու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կիմունի հորդորներին, այլև անտեսում է ադրբեջանցի դիպուկահարների կողմից նախկինում պատճառված զոհերի կապակցությամբ ԵԱՀԿ գործող նախագահի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մտահոգությունները` փորձելով ձախողել ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու միջազգային հանրության ջանքերը:
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ձեռնարկվելու են ռազմադիվանագիտական և ռազմական համապատասխան միջոցառումներ` հայ-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի զինված ուժերի դիպուկահարների գործունեությունը չեզոքացնելու համար»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել