HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ո՞րն է Սյունիքի մարզի ապագան

Զբոսաշրջության հարավային առանցք  դառնա՞լը, թե՞ աղետի գոտու վերածվելը ՀՀ Կառավարության դիրքորոշումը ՀՀ Սյունիքի մարզում ուրանի հանքավայրի շահագործման վերաբերյալ. Հիմք ընդունելով 2008 թվականի փետրվարի 6-ի ՀՀ բնապահպանության նախարարության և ՌԴ «Ռոսատոմ» ատոմային էներգիայի պետական կորպորացիայի միջև ուրանի հանքաքարերի երկրաբանական հետախուզման, արդյունահանման և վերամշակման ոլորտում համագործակցության զարգացման վերաբերյալ հուշագիրը` ՀՀ կառավարությունը որոշել է. Հայաստանի Հանրապետության տարածքում ուրանի հանքաքարերի երկրաբանական հետախուզման գործունեություն իրականացնել ՌԴ «Ատոմռեդմետզոլոտո» բաց բաժնետիրական ընկերության հետ: Այս նպատակով ՀՀ կառավարությունը թույլատրել է ներդնել Հայաստանի Հանրապետությանը պատկանող երկրաբանական տեղեկատվությունը` 46120.5 հազ. դրամի չափով: 2009 թվականի ապրիլի  23-ին ՀՀ կառավարությունը N 419-Ն որոշմամբ թույլատրել է «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ-ին ՀՀ տարածքում իրականացնել ուրանի հանքաքարի երկրաբանական հետախուզում` 5 տարի ժամկետով` ուրանի հանքաքարի հետախուզված հանքավայրերի շահագործման ընթացքում ակնկալվող արտադրանքի բաժանման կամ շահույթի բաշխման հարցերի անդրադարձը թողնելով անորոշ ապագային: ՀՀ կառավարության դիրքորոշումը ՀՀ Սյունիքի մարզում զբոսաշրջության զարգացման և խթանման վերաբերյալ. «Տաթևի վերածնունդ»  ծրագիրը պետական և մասնավոր հատվածների համագործակցությամբ իրականացվող նախաձեռնություն է, որն իրագործվում է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի կողմից: Հիմնադրամը ոչ կառավարական կազմակերպություն է, որը հիմնվել է ՀՀ կառավարության և տարբեր երկրների առաջատար գործարարների համագործակցության սկզբունքով: Հիմնադրամը գործում է պետական-մասնավոր համագործակցության սկզբունքով, որը նպատակ ունի տնտեսության առանցքային ոլորտների բեկումնային զարգացման միջոցով հասնել ազգային մրցունակությանը: Այս ոլորտներն են` զբոսաշրջությունը, առողջապահությունը և կրթությունը: Մրցունակության հիմնադրամի խորհրդի նախագահը ՀՀ վարչապետն է: Մրցունակության հիմնադրամը Տաթևը հայտարարել է Հայաստանի զբոսաշրջության հարավային առանցքի հիմնաքար, որը ներառում է Վայոց ձորի և Սյունիքի մարզերը: Այն սկիզբ է առնում Նորավանքից և հարևան Արենի գյուղից, շարունակվում դեպի Հայաստանի հարավային քարանձավներ, Ջերմուկ քաղաքը, Քարահունջի հին աստղադիտարանը և ներառում Տաթևն ու Որոտան գետի կիրճը: Այնուհետև առանցքը բացում է ճանապարհ դեպի Գորիս (այնտեղից էլ' Արցախ) և Կապան (այնտեղից' Մեղրի և Իրան): ՀՀ քաղաքացիների, հասարակական և քաղաքական միավորումների ու տեղական ինքնակառավարման մարմինների դիրքորոշումը ՀՀ Սյունիքի մարզում ուրանի հանքավայրի շահագործման վերաբերյալ. ՀՀ Սյունիքի մարզի բնակիչները` բազմահազար ստորագրություններով,  Հայաստանի Հանրապետության հասարակական և քաղաքական միավորումները`  հայտարարություններով, Սյունիքի մարզի Կապան քաղաքի և Լեռնաձոր գյուղի ավագանիները` որոշումներով, դեմ են արտահայտվել ՀՀ տարածքում իրականացվելիք ուրանի հանքաքարի երկրաբանական որոնման, հետախուզման և ուրանի հանքավայրերի շահագործման վերաբերյալ ՀՀ կառավարության որոշմանը: Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքների ոտնահարում. ՀՀ իշխանությունները խախտել են ազգային և միջազգային օրենսդրությունը: Մասնավորապես, չեն ապահովել հասարակության արդյունավետ մասնակցությունը որոշումների ընդունման վաղ փուլերում, որոշումների ընդունման գործընթացներում հաշվի չեն առնվել հասարակության կողմից ներկայացված կարծիքները, որոշումների ընդունման վերաբերյալ անմիջապես իրազեկում չի կատարվել: Փաստական հանգամանքներ. ՀՀ Սյունիքի մարզն իր ընդամենը 4,506 քառակուսի կիլոմետր տարածքով և աշխարհագրական դիրքով չի կարող միաժամանակ շահագործել ուրանի հանքավայր և զարգացնել զբոսաշրջություն: Հիմք ընդունելով վերը թվարկված փաստերը և ծանոթանալով կառավարության այս երկու դիրքորոշումներին, հարց է առաջանում` արդյո՞ք այս որոշումներն ընդունվել են միևնույն պետության շահը սպասարկելուն կոչված կառավարության կողմից: ՀՀ վարչապետի գլխավորած մրցունակության հիմնադրամը վերոնշալ երեք առաջնահերթությունների կողքին որտե՞ղ տեսավ կամ որտե՞ղ է տեսնում հանքարդյունաբերությունը, այն էլ` ուրանի հանքավայրի շահագործումը: Իրականում ի՞նչ է թաքնված միմյանց ոգով հակասող այս որոշումների հիմքում: Հայտարարելով, որ Տաթևը Հայաստանի զբոսաշրջության հարավային առանցքի հիմնաքարն է և հրավիրելով աջակցել ու ներդրումներ կատարել  «Տաթևի վերածնունդ»  ծրագրի մեջ, միևնույն ժամանակ նույն տարածքում իրականացնելով ուրանի հանքավայրի երկրաբանահետախուզական աշխատանքներ, ակնհայտ է դառնում, որ իրականում կարող է գործել Սյունիքի մարզը դատարկելու հեռահար հանցավոր, հակահայկական ծրագիրը: Մի՞թե պարզ չէ, որ զբոսաշրջիկները չեն այցելի մի տարածք, որտեղ ուրանի երկրաբանահետախուզական աշխատանքներ են տարվում: Ուրանի վերաբերյալ կառավարության ծրագրին ծանոթանալով գործարարներից քանի՞սը ներդրում կանի «Տաթևի վերածնունդ» հիմնադրամում: Շահագործման էպիկենտրոնը Լեռնաձոր համայնքն է, որը գտնվում է մեր պետության համար կարևորագույն նշանակություն ունեցող Երևան-Մեղրի-Իրան մայրուղու վրա, Տաթևից ընդամենը մի քաի տասնյակ կիլոմետր հեռավորությամբ. ակնհայտ չէ՞ հանքավայրի շահագործման հակազգային բնույթը, հատկապես որ` այն ուղղակի կհանգեցնի Նախիջևանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող Լեռնաձորի և հարևան համայնքների հայաթափմանը: Պահանջագիր-ահազանգի  էության մասին. Վաղը նախատեսված Տաթեւ-Հալիձոր ճոպանուղու բացմանը իմ նախաձեռնությամբ և «Ժառանգություն» կուսակցության երիտասարդների ու մի շարք ՀԿ-ների և Սյունիքի մարզի բնակիչների մասնակցությամբ ցանկացել էինք անցկացնել բողոքի ակցիա`  ընդդեմ ուրանի շահագործման ծրագրի և ի զորակցություն հայրենի զբոսաշրջության: Քանի որ բացմանը մասնակցելու են ՀՀ տարբեր պաշտոնյաներ և բազմաթիվ օտարերկրացի հյուրեր` անվտանգության ծառայությունը և մարզի ողջ ղեկավարությունը հատուկ միջոցառումներ են ձեռնարկում` ուղղված Սյունիքի մարզի բողոքող բնակչության դեմ, որպեսզի նրանք չմասնակցեն մեր ակցիային: Նախապես պլանավորված բողոքի միջոցառումը մեր կողմից որոշվեց փոխարինել «Տաթեւի վերածնունդ» ծրագրի ղեկավարներին և ողջ հանրությանն այս պահանջագիր-ահազանգը հղելով: Սա նաև հասարակական պահանջ է` սատար կանգնելու հանքավայրի շահագործման դեմ պայքարին, որովհետեւ մարզի զարգացմանը նպաստող զբոսաշրջային ողջունելի ծրագրի կողքին դրված է մյուս ծրագիրը, որը ոչ միայն հակազգային է ու ապօրինի, շահույթը` չնչին  ու  կարճաժամկետ, այլ նաև իրագործվելու դեպքում լրջագույնս վտանգելու է մեր երկրի ինքնիշխանությունը: Պահանջ. Սույն պահանջագիր-ահազանգով «Տաթեւի վերածնունդ» ծրագրի ղեկավարներից  պահանջում  ենք անհապաղ դիմել ՀՀ կառավարությանը` պահանջելով հրաժարվել ուրանի երկրաբանահետախուզական աշխատանքների և ապագա ուրանի հանքավայրերի շահագործման վերաբերյալ ծրագրերից: Վերջաբան. ՀՀ կառավարությունը, հավատարիմ, մնալով իր որդեգրած քաղաքականությանը,  կշարունակի պնդել իր հնչեցրած պարզաբանումները, թե այս փուլում հանքավայրի շահագործում չի սպասվում և ներկայումս տարվող  աշխատանքներն անվնաս են: Չենք կարծում, որ «Տաթեւի վերածնունդ» ծրագրում ներգրավված գործարարները դյուրահավատ են, հետևաբար` քաջ գիտակցում են, որ հենց այնպես գումարներ չեն ներդրվում ուղղակի հետախուզում անելու. միջոցները ներդրվում են հստակ ակնկալիքով: Իսկ ուրանի հանքավայրի շահագործումը, անխուսափելիորեն հանգեցնելով մարզի բնակչության արտագաղթի նոր ալիքին և բնապահպանական աղետին, «հեռանկարում» ուղղակի նպաստելու է Մեծ Թուրան ստեղծելու թուրքական ծրագրին, որի կենսունակությանն այս դեպքում աջակցողը լինելու է ուրանի հանքավայրի շահագործմամբ շահագրգիռ կառավարությունը: Ու նաև ՀԱՆՈՒՆ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻ անթույլատրելի ենք համարում, որ Գինեսի գրքում, բացի ճոպանուղուց, հայտնվի նաև կոալիցիան` որպես Սյունիքի մարզից արտագաղթին և Հայաստանի բնապահպանական աղետին ամենաշատը նպաստած իշխանություն: Զարուհի Փոստանջյան ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր «Ընդդեմ ուրանի շահագործման» հասարակական նախաձեռնության անունից 15.10.2010թ.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter