
Արդեն տեւական ժամանակ է, մամուլում խոսվում է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի պաշտոնանկության մասին: Այս խոսակցություններին տեղյակ են նաեւ շարքային կապանցիները: Սյունիքում, արդեն 1 տարի է, լուրեր են շրջանառվում, ըստ որոնց` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանի եւ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տարաձայնություններն ավելի սուր բնույթ են ստացել: Դեռեւս 2 տարի առաջ այս երկու «թեւերը» միասին պաշտպանում էին Կապանի ներկա քաղաքապետ Արթուր Աթայանին, որի արդյունքում էլ վերջինս դարձավ քաղաքապետ: Հետո, սակայն, պարզվեց, որ Ա. Աթայանը գործում է հիմնականում Մ. Հակոբյանի թելադրած կանոններով: Մարզպետ Ս. Խաչատրյանի եւ Մ. Հակոբյանի միջեւ թշնամական հարաբերությունների պատճառը, սակայն, ըստ կապանցիների` այն է, որ Մ. Հակոբյանը հիմա էլ աչք է դրել մարզպետի աթոռի վրա, այս անգամ արդեն որդու` ԱԺ երիտասարդ պատգամավոր Վահե Հակոբյանի համար: Մարզկենտրոնում այս խոսակցություններն այժմ ամենաարդիականն են:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել