Կապանի գյուղմթերքների ցուցահանդեսն աղքատ էր ներկայացված բերքով
Երեկ Կապանի մշակույթի կենտրոնի ճեմասրահում «Կապանի փոքր ֆերմերների ասոցիացիայի» նախաձեռնությամբ անցկացվեց ամենամյա «Կապան ագրոէքսպո-2010» գյուղմթերքների ցուցհանդես-վաճառքը: Այս տարի գյուղմթերքների ցուցահանդեսն աղքատ էր ներկայացված բերքով: Ինչպես կազմակերպիչներն են հավաստում` դրա հիմնական պատճառն անբարենպաստ գյուղատնտեսական տարին էր, գարնանային ցրտահարություններն ու տեւական անձրեւները բացասական անդրադարձան բերքատվության վրա, ուստի այս անգամ կազմակերպված գյուղմթերքների վաճառք-ցուցահանդեսին հիմնականում կաթնամթերք, գյուղի թոնրի գաթաներ, մեղր, ընկուզեղեն եւ այլ գյուղական բարիքներ էին առաջարկվում:
Միջոցառմանը ներկայացել էին Կապանի տարածաշրջանի 18 գյուղական համայնքների ֆերմերներ, ովքեր քաղաքաբնակներին առաջարկում էին իրենց գյուղի բարիքներից:
Հերիքնազ Խաչատրյանը Շիկահողի գյուղական համայնքն է ներկայացնում «Ագրոէքսպո»-ին, ասում է` թեեւ բերքը լավը չէր այս տարի, բայց եղածը հավաքել, բերել է վաճառքի: Իր ասելով` հատկապես միրգն է տուժել անբարենպաստ եղանակից: «Միրգ շատ քիչ ենք բերել, եղածի որակն էլ էդքան էլ հաջող չէր, բայց շատ կարճ ժամանակում վաճառել եմ», - ասում է Հերիքնազը:
Ցուցահանդեսին գերակշռողը կաթնամթերքն էր, բայց գյուղական կաթ ու պանիրն էլ շատ շուտ վերջացավ: Պահանջարկը մեծ էր, իսկ ներկայացված տեսականին` համեմատաբար աղքատ: Անկախ անբարեհաջող գյուղատնտեսական տարուց` գյուղացիները հավաքել, վաճառելու էին բերել իրենց չարչարանքով ստեղծած գյուղբարիքները, նրանց ասելով` սա լավ հնարավորություն էր իրենց բերքն իրացնելու եւ եկամուտ ստանալու համար, քանի որ այսօրվա դրությամբ քաղաքաբնակները գյուղմթերքներ նախընտրում են շուկայից գնել եւ ոչ թե գյուղեր հասնել:
Վաճառվող ապրանքի գները ֆերմերներն էին որոշում: Գյուղմթերքների վաճառքին մասնակցող քաղաքացիներից ոչ բոլորն էին հարմարվում շուկայական արժեքից ոչ այնքան տարբերվող բերքի գներին եւ կրկին նախընտրում այդ նույն ապրանքատեսակները ձեռք բերել շուկայից, ոմանք էլ առաջարկում էին էժանացնել: Շատ դեպքերում ֆերմերները զիջում էին եւ շարունակում աշխույժ առեւտուր անել:
Ի դեպ, այս տարի «Կապան ագրոէքսպո»-ն անցկացվեց 2 փուլով, որը հնարավորություն տվեց ավելի շատ ֆերմերների ընդգրկվելու միջոցառմանը:
Իսկ միջոցառման ավարտից հետո կազմակերպիչների կողմից ֆերմերները մի շարք անվանակարգերում արժանացան մրցանակաների :
Մերի Սողոմոնյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել