
2008 թ. Հայաստանում հայտնաբերվել է հիպերտոնիայի 20.900 դեպք, իսկ 2009-ից այդ թիվը 1000-ով աճել է: 2010 թ. տվյալները առայժմ չկան, բայց բժշկական գիտությունների թեկնածու, «Դիագնոստիկա» բժշկական կենտրոնի սիրտ- թոքային կլինիկայի ղեկավար, սրտաբան Մարինե Օրդյանի կանխատեսմամբ` այս տարի ավելի շատ կլինի հիպերտոնիայով տառապողների թիվը:
Հիպերտոնիկ հիվանդությունը բնորոշվում է արտերիալ ճնշման բարձրացմամբ: Աշնանը եւ գարնանը մոտ 1/3-ով ավելանում է արյան ճնշման բարձրացման պատճառով սրտաբաններին դիմող մարդկանց թիվը: Դա պայմանավորված է նրանով, որ այս օրերին մագնիսական դաշտի, մթնոլորտային ճնշման տատանումների, անկայուն եղանակի հետեւանքով հատկապես տարեց մարդկանց մոտ դիտվում են ճնշման բարձրացման դեպքեր:
Հիմնականում հիպերտոնիկ հիվանդությունը զարգանում է խրոնիկ սթրեսների պատճառով: «Ինչքան կյանքը դառնում է բարդ, ուրբանիզացիան ինչքան զարգանում է, սթրեսները ավելանում են, արյան ճնշումը բարձրանում է»,- ասում է Մարինե Օրդյանը: Ախտորոշիչ նշաններն են գլխացավը, գլխապտույտը, գունատումը, հանկարծակի քրտնարտարդրությունը, ֆիզիկական կամ էմոցիոնալ սթրեսի ժամանակ ուժեղ գլխացավերը, ցավեր կրծքավանդակում: Խորհուրդ է տրվում տոնոմետրով չափել ճնշումը, եւ երեք անգամ տարբեր օրերին չափելիս երբ մարդու մոտ առկա է արյան ճնշման բարձրացում, ապա անպայման պետք է դիմել բժշկի:
Մեկ բան հստակ է. ծխելը, ալկոհոլ օգտագործելը, քիչ ֆիզիակական շարժումը, ճարպակալումը այն գործոններն են, որոնք բերում են հիպերտոնիկ հիվանդության առաջացմանը եւ զարգացմանը: Մարդը պետք է հետեւի իր քաշին, սնվի ճիշտ, օգտագործի ոչ յուղային, ոչ քաղցր, ոչ աղի սնունդ, ֆիզիկապես լինի ակտիվ, շատ քայլի, հնարավորության դեպքում ֆիզիակական վարժություններ անի, հաճախի լողավազան: Գեները եւս նշանակություն ունեն, եթե մարդը վարի առողջ ապրելակերպ, ճիշտ սնվի, հնարավոր է` իր մոտ այդ հիվանդությունը չզարգանա:
«Հետքի» հարցին, թե էկոլոգիական վիճակը, օդի աղտոտվածությունը ինչպես են ազդում հիպերտոնիայի վրա, Մարինե Օրդյանն պատասխանեց. «Չափազանց վատ, մեր օդը շատ աղտոտված է, թթվածնի պակաս կա, դրա համար էլ որոշ մարդիկ մայրաքաղաքից դուրս գտնվելիս իրենց ավելի լավ են զգում, իսկ Երեւանում ճնշումը ավելի շատ է բարձրանում, դա նաեւ խցանումների, աղմուկի հետեւանք է»: Սրտաբանի խոսքերով` մեզանում հիպերտոնիայի աճը այն բանի հետեւանք է, որ քաղաքացիները բժշկին են դիմում այն ժամանակ, երբ դանակը հասնում է ոսկորին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել