Ֆրանսահայ համայնքը պատվել է մուսալեռցիների ֆրանսիացի փրկարարներին
Հոկտեմբերի 15-ին ֆրանսիական Տուլոն քաղաքի նավահանգստում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանը Ֆրանսիայի պաշտպանության եւ վետերանների հարցերով պետքարտուղար Հյուբերտ Ֆալկոյի հետ բացել է 1915-ին թուրքական կոտորածից 4100 մուսալեռցի հայերի փրկած ֆրանսիացի նավաստիներին նվիրված հուշատախտակը, որի վրա գրված է` «Երախտապատ հայերից»:
«Նրանք մեր նավատորմի հպարտությունն են, ֆրանսիական բանակի ու, ընդհանրապես, Ֆրանսիայի պատիվը»,- ասել է պետքարտուղարը: Իր խոսքում Հ. Ֆալկոն խոսել է Հայաստանն ու Ֆրանսիան իրար կապող դարավոր միասնության մասին: «Սրանք եղբայրական եւ սրտակից կապեր են: Ավելին` պատմության ցավոտ եւ վշտալի վայրիվերումները ուղեկցել են Ֆրանսիային մինչեւ հայերի հաջողակ սերունդների այստեղ հաստատվելը: Հայերն աշխատել են ջանասիրաբար, մեծացրել իրենց երեխաներին, ինտեգրվել ֆրանսիական հասարկությանը, տվել վերջինիս իրենց լավագույնը: Նրանք նույնիսկ իրենց արյունն են թափել հայրենիքի համար, որն այժմ իրենցն է»,-ասել է Ֆալկոն:
Մուսալեռցի հայերը 1915-ի կոտորածների ժամանակ թուրքերին դիմադրել են 53 օր` հուլիսի 21-ից մինչեւ սեպտեմբերի 12-ը:
Ժան Էկյան, Փարիզ
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել