Հանցագործներից 3-ը հետախուզվում են
ԱՄՆ-ի պետական բժշկական ապահովագրական գործակալությունից 163 միլիոն դոլար հափշտակած հայկական կազմակերպված հանցագործ խմբի երեք անդամներ դեռեւս փախուստի մեջ են: Ինչպես «Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայությանը տված բացառիկ հարցազրույցում ասել է ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) Նյու Յորքի մասնաճյուղի հատուկ գործակալ Դիեգո Ռոդրիգեսը, մեղադրանքներ է ներկայացվել 71 անձանց նկատմամբ, որոնցից 44-ը՝ Նյու Յորքում։
Փախուստի մեջ գտնվող Վահան Ստեփանյանը ինքնակամ հանձնվել է հոկտեմբերի 15-ին:
Հետապնդումներն ու հետախուզությունը տեւել են մեկ տարի։ Խմբի անդամների մոտավորապես 5Օ տոկոսը, Ռոդրիգեսի խոսքերով, ԱՄՆ-ի քաղաքացիներ են, մյուս կեսը՝ Հայաստանի։ Նրանք շատ են ճամփորդել դեպի Հայաստան եւ հափշտակած գումարների մեծ մասն էլ տեղափոխել այնտեղ։
Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի իշխանությունների հետ համագործակցելու մասին Հայաստանի կառավարության պատրաստակամությանը, ՀԴԲ-ի գործակալն ասել է, թե «Նման դեպքերում գրեթե բոլոր երկրների կառավարություններն են հայտնում համագործակցելու պատրաստակամություն։ Սակայն ԱՄՆ-ի կողմից Հայաստանի իշխանություններին այս դեպքում չի ներկայացվել հետաքննության հարցում օգնելու խնդրանք։ Չի եղել նաեւ Հայաստանում իրավական կցորդից տեղեկություններ ստանալու կարիք»։
Այն հարցին, թե ինչու է ամերիկյան բժշկական պետական ապահովագրությունը պարբերաբար հայտնվում զեղծարարությունների եւ մեծ հափշտակումների ներքո, ՀԴԲ-ի գործակալ Ռոդրիգեսը պատասխանել է` ասելով, թե հանցագործներն օգտվում են հիվանդների համար ու նրանց շահերից բխող փաստաթղթային «հեշտացված» համակարգից։
«Բժշկական ապահովագրական համակարգը մոտ 65 միլիարդ դոլարի հասնող իր խնդիրներով այսօր ՀԴԲ-ի ուշադրության կենտրոնում է։ Երկրում գործում է տեղական 56 շտաբ-կայան, որոնց թիրախն էլ հենց նման հանցագործությունների բացահայտումն է», ասում է նա։
Ամերիկյան մամուլում «հայկական մաֆիա» բառակապակցությունը վերջին օրերին հաճախակի է երեւում։ Արդյոք այսօր ԱՄՆ-ի համար այս եզրույթը մտահոգիչ հանգամանք չէ։
ՀԴԲ-ի հատուկ գործակալի խոսքերով` որեւէ մաֆիա մտահոգիչ է ԱՄՆ-ի համար։ «Սակայն հարցը միայն հայկականի մասին չէ։ Այս դեպքում գործ ունենք հայկականի հետ, սակայն կան ու հետագայում էլ գուցե բացահայտնվեն ու չեզոքացվեն մաֆիոզ այլ խմբավորումներ»,- ասել է նա ու եզրափակել, որ հարուցված մեղադրանքները ոմանց համար կարող են ապահովել մինչեւ ցմահ բանտարկության պատիժ։
Լուս.` Associated Press-ի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել