Բնապահպանական ՀԿ-ները հերքում են. ճնշումներ չեն եղել
Կապանի բնապահպանական հասարակական կազմակերպությունները, որոնք ի սկզբանե դեմ են արտահայտվել ուրանի ծրագրին, անակնկալի են եկել այն հայտարարություններից, թե իբր իրենց վրա նախապես ճնշումներ են գործադրվել եւ արգելել մասնակցելու Տաթեւում ճոպանուղու բացման հանդիսության ժամանակ «Ժառանգություն» կուսակցության նախաձեռնությամբ Սյունիքի մարզում ուրանի ծրագրի դեմ նախատեսվող ակցիային:
Մամուլում հրապարակված այդ տեղեկատվությունն ընթերցելուց հետո Կապանի «Ազատամարտ» կոմիտեն, որը առաջինը սկսեց ուրանի ծրագրի դեմ ակցիաներ նախաձեռնել, «Հետքին» տեղեկացրեց, որ իրենց վրա ճնշում չեն գործադրել:
«Ինձ վրա ոչ մեկը ճնշում չի գործադրել, չի կանչել ասել, թե իբր արգելում են Տաթեւում նախատեսվող այդ ակցիային մասնակցել, առավել եւս մենք չէինք նախատեսել մեկնել Տաթեւ եւ մասնակցել այդ ձեռնարկին: Ինչի՞ պիտի ճնշումներ լինեին, եթե մենք նույնիսկ չենք պատրաստվել Տաթեւ մեկնել: Ես ոչ մեկից չեմ վախենում ու բազմիցս եմ ասել, «Ազատամարտ» կոմիտեն դեմ է ուրանի ծրագրին ու եւ կշարունակի պայքարել դրա դեմ: Մենք արյուն ենք թափել էս հողի համար, շատ տղաներ են զոհվել: Նորից եմ ասում` մենք տեր ենք կանգնել ու շարունակելու ենք տեր կանգնել մեր հողի համար, ամեն ինչ անելու ենք` ծրագիրը խափանելու համար», - ասում է «Ազատամարտ» կոմիտեի նախագահ Խորեն Հարությունյանը:
Ուրանի դեմ ստորագրահավաք նախաձեռնած «Կապանի տարածաշրջանի զարգացման» հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Փարսադանյանը նույնպես հերքեց իրենց վրա ճնշում գործադրելու փաստը եւ նշեց, որ այդ խեղաթյուրված տեղեկատվությունը իրենց հեղինակությունն ու նախաձեռնած գործունեությունն է կասկածի տակ դնում:
«Տարածաշրջանում ստորագրահավաք են իրականացնում, այսօրվա արդյունքներով` մասնակցած բնակչության 99 տոկոսից ավելին` մոտ 11 հազարից ավել բնակիչ, դեմ է արտահայտվել: Մենք շարունակում ենք մեր նախաձեռնությունը, ավելին` հոկտեմբերի 26-ին կլոր սեղանի շուրջ ուրանի վերաբերյալ հանդիպում-քննարկում ենք պատրաստվում կազմակերպել, որը շատ կարեւոր բնույթ պիտի կրի: Մի բան եւս նշեմ, որ մենք շարժվում ենք մեր որդեգրած ուղով, մեզ ոչ մեկը չի ուղղորդում ու թույլ չենք տա ուղղորդեն` անկախ դիրքից ու պաշտոնից, եւ մենք շարժվելու ենք մեր ծրագրերով եւ ոչ թե այլ կազմակերպությունների կամ անհատների: Իսկ ինչ վերաբերում է մեր հասցեին ուղղված հրապարակումներին, ապա ճիշտ կլիներ այն գոնե որոշ չափով իրականությանը համապատասխանեցվեր, մինչեւ օրս որեւէ լուրջ խոչընդոտ չի եղել, իսկ լինելու դեպքում էլ հաղթահարելու ենք ու շարունակելու ենք առաջ շարժվել, կանգ չենք առնելու ոչնչի առաջ», - նշում է Արմեն Փարսադանյանը:
«Խուստուփ» բնապահպանական ՀԿ-ն Կապանի այն ակտիվ հասարակական կազմակերպություններից է, որը նույնպես դեմ է տարածաշրջանում ուրանի երկրաբանահետախուզական աշխատանքներին, ինչպես նաեւ ուրանի հանքի հնարավոր շահագործմանը: ՀԿ-ի նախագահ Վլադիկ Մարտիրոսյանը նույնպես նշեց, որ իրենց կազմակերպության վրա ճնշող քայլեր չեն ձեռնարկվել, եւ ոչ էլ հորդորել, որ չմասնակցեն Տաթեւում կազմակերպվելիք ուրանի ծրագրի դեմ ակցիային: «Կոնկրետ մեր կազմակերպությանը ոչինչ չի ասվել, նույնիսկ չեն ասել` թեկուզ ձեռնպահ կլինեք եւ չմասնակցեք այդ ակցիային, հավաստիացնում եմ, որ նման ճնշումներ չեն գործադրվել մեզ վրա»,- «Հետքի» հետ զրույցում նշեց «Խուստուփ» ՀԿ-ի նախագահը:
«Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ի իրավախորհրդատու Արթուր Ղազարյանի փոխանցմամբ` իրենց ՀԿ-ի նկատմամբ էլ ճնշում չի եղել:
Հիմնականում այս հասարակական կազմակերպություններն են մինչեւ օրս տարածաշրջանում պայքարում ուրանի ծրագրի դեմ, ու եթե որեւէ ճնշումներ եղած լինեին, ապա առաջին հերթին ակտիվ գործունեություն ծավալած այս ՀԿ-ներին պետք է ուղղվեին:
«Ո՞վ ա ասել` ճնշում ա եղել, էդ ո՞վ ա նման զրպարտանք գրել, չի կարելի մեր պատվի հետ խաղալ, նման բան գրելուց առաջ թող մի հատ լավ մտածեն, նոր գրեն, ես շատ վրդովված եմ, մի՞թե կարելի է նման ապատեղեկատվություն տարածել»,- վրդովված տոնով ասում է Կապանի «Օրհուս» բնապահպանական կենտրոնի համակարգող Աշոտ Ավագյանը:
Մերի Սողոմոնյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել