Ֆեյսբուքյան ընդդիմության խաղադրույքը
Մարտիմեկյան դեպքերի մասին «Ժառանգություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Ստեփան Սաֆարյանի արած ֆեյսբուքյան նոր բացահայտումները բացարձակապես արդարացված չեն բարոյականության եւ էթիկայի տեսանկյունից: Սակայն քաղաքական առումով այդ հայտարարությունների էֆեկտը չափազանց ուժեղ է լինելու: Ողջ խնդիրն այն է, թե ադ էֆեկտից մարտավարական առումով «Ժառանգությունը» կշահի՞, թե՞ տանուլ կտա:
Այդ բացահայտումները իրական հարցադրումները ոչ թե ուղղում են նրան, թե արդյո՞ք Լեւոն Տեր-Պետրոսյանը երեք տարի առաջ` ողբերգական այն օրերին, նման մտքեր արտահայտել է Ֆրանսիայի դեսպանատան առաջ հավաքված բազմության վերաբերյալ, թե՞ ոչ: Այլ նրան, թե ինչու՞ Սաֆարյանը դրանք չի բացահայտել դեռ այն ժամանակ` կանխելու համար հետագա ողջ ֆարսը եւ ՀԱԿ-ի կողմից հասարակության եռամյա տոտալ մանիպուլացումը:
Եթե անգամ Տեր-Պետրոսյանը պատասխանատվությունից ձերբազատվելը վկայող այդ հայտարարությունն իսկապես արել է, Սաֆարյանի լռությունը շատ ավելի նման է հանցավոր անգործության:
Որքան այս «բացահայտումները» միտված են հարվածելու Լեւոն Տեր-Պետրոսյանին, նույնքան էլ, գուցե ավելի շատ, հարվածում են անձամբ Սաֆարյանի եւ «Ժառանգության» հեղինակությանը` նրանց նկատմամբ անվստահության նախադրյալներ ստեղծելով: Որովհետեւ ստացվում է` քանի դեռ Լեւոն Տեր-Պետրոսյանն ուժեղ էր ու նրա առաջնորդած շարժմանը մաս դառնալու եւ այդպիսով ջրի երեսին մնալու հնարավորություն կար, կարելի էր անտեսել նման հայտարարությունները ու նրա հետ համագործակցելու ուղիներ փնտրել: Իսկ երբ նրանք այսօր անհամեմատ ավելի թույլ են, եւ առաջացել է մրցակցության խնդիր, անգամ ապացուցման տեսանկյունից խիստ խոցելի պնդումներով կարելի է ուղղակի ոչնչացնել:
Այստեղից` հետեւություն. թե Սաֆարյանը, թե «Ժառանգությունը» առաջնորդվում են ոչ թե բարոյական արժեքներով, ինչպես հիմա ուզում են ցույց տալ, այլ հայաստանյան իրականությանը եւ շարքային կուսակցություններին հատուկ` արժեքազերծ պրագմատիզմով ու օրվա հրամայականներով:
Սակայն խնդիրը բացահայտումների բովանդակությունը չէ, այլ նպատակների:
«Ժառանգությունը» չի թաքցնում, որ դա արել է` ի պատասխան իրեն քաղաքականապես ոչնչացնելուն ուղղված Հայ ազգային կոնգրեսի եւ անձամբ Տեր-Պետրոսյանի վերջին քայլերի:
Ակնհայտ է, որ դա Րաֆֆի Հովհաննիսյանին եւ նրա հացադուլի ակցիան Ազատության հրապարակում արհամարհելու, իսկ այնուհետեւ քաղաքական ենթատեքստ ունեցող «ծոմապահությունը» եկեղեցական մատենագրական հիմնավորումներով բարոյազրկելու Տեր-Պետրոսյանի մեկնաբանությունների եւ դրա հիման վրա ՀԱԿ քարոզչամեքենայի ձեռնարկած արշավի հետեւանքն էր:
Այնպես որ, կռվի իրական հրահրողն իսկապես Կոնգրեսն էր, եւ զուտ քաղաքական պայքարի հայաստանյան կանոնների տիրույթում «Ժառանգությունը» ՀԱԿ-ին պատասխանում է նույն մեթոդներով` «ակն ընդ ական»-ի տրամաբանությամբ: Բայց նկատի առնելով անցյալին հղում անելու ոճը` կարելի է ասել, որ «Ժառանգությունը», ունենալով բավարար ինտելեկտուալ պոտենցիալ, չի երկնչում այս դիմակայության մակարդակը քաղաքակրթականից բամբասանքայինի իջեցնելուց:
Իսկ դա ընդամենը մեկ նպատակ կարող է ունենալ. որքան հնարավոր է մեծ աղմուկ բարձրացնել ու տեւական դարձնել ՀԱԿ-ի եւ Տեր-Պետրոսյանի շուրջ, անվստահության սերմեր ցանել հենց ՀԱԿ-ի ներսում, հասարակական դաշտում ակտիվ գործունեության միջոցով գրավել Կոնգրեսի պոտենցիալ այն ընտրազանգվածին, որը Տեր-Պետրոսյանի հակասական հայտարարությունների, վճռական գործողությունների չգնալու տրամադրվածության պատճառով հայտնվել է անորոշության մեջ: Չի կարելի բացառել, որ դա ապահովելու համար կլինեն նաեւ նոր բացահայտումներ:
Ամեն դեպքում արդեն ակնհայտ է, որ «Ժառանգությունը» գնում է ՀԱԿ-ի հետ ուղղակի առճակատման: Խաղադրույք է կատարվել հետեւյալի վրա. ՀԱԿ-ին թուլացնելով` գրավել նրա դիրքերն արմատական դաշտում: Այսինքն` այս երկու ուժերի միջեւ իսկական մրցամարտ է սկսվել հենց ընդդիմադիր արմատական դաշտին տիրելու համար:
«Ժառանգությունն» առաջնորդվում է այն հաշվարկով, որ պարզապես այլընտրանք չունի: Իշխանական կոալիցիայի տոտալ հարձակումը` խորհրդարանական փոքրամասնության մանդատների մի մասն էլ վերցնելու համար, «Ժառանգությանը» դրդում է խորհրդարանական ընդդիմության մնացած սահմանափակ տեղերի համար պայքար սկսել ՀԱԿ-ի հետ, որը ներկայումս այդ տեղերը վերցնելու ամենամեծ շանսերն ունի: Մնացած բոլոր տարբերակներում «Ժառանգությունը» կամ մարգինալացվում է, կամ դառնում կցորդ:
Ներկայումս չկա որեւէ այլ քաղաքական ուժ, որն այսպիսի մոլեռանդությամբ ու հետեւողականությամբ սկսած լինի նախընտրական արշավը: Բայց իրավիճակի առանձնահատկությունն այն է, որ «Ժառանգությունն» առաջնորդվում է երկակի ստանդարտներով. որքան անզիջում է ՀԱԿ-ի նկատմամբ, նույնքան էլ հանդուրժողական ու սրտաբաց է հասարակական-սոցիալական տարբեր խմբերի նկատմամբ:
Կուսակցությունը բավականին հետաքրքիր մարտավարություն է ընտրել հասարակական կարծիքի վրա ազդելու համար` շրջանառության մեջ դնելով «քաղաքացիական գիտակցության» ձեւավորման եւ «անառաջնորդ» քաղաքացիական շարժում ստեղծելու գաղափարները:
Դրանք, իհարկե, նոր չեն: Կարելի է թեկուզ հիշել 2007 թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած «+1» շարժումը, որն ուներ նույն նպատակները, թեեւ հստակ կաղապարների ու բանաձեւումների ենթարկված չէր: Հիմա «Ժառանգությունը» փորձում է այս գործընթացին քաղաքական բովանդակություն հաղորդել` առանց քաղաքականացնելու, առանց առաջնորդելու, ընդամենը նպաստողի, համակարգողի, ուղղորդողի կարգավիճակով:
Խնդիր է դրվել այնպես անել, որ հասարակական կոնսոլիդացիան տեղի ունենա «Ժառանգության» նախագծած սցենարով այնպես, որ հասարակությունը մտածի, թե համախմբումը տեղի է ունեցել ինքնաբերաբար, հասարակական արատները վերացնելու նպատակների շուրջ: Այսպիսի մարտավարության ընտրության վրա իրենց հետքն են թողել արաբական երկրներում ծավալված շարժումները:
«Ժառանգությունը» Հայաստանում փորձում է ստանձնել այն դերը, որը Թունիսում, Եգիպտոսում, Եմենում, Սիրիայում, Բահրեյնում, Լիբիայում հասարակական ընդվզման առաջացման գործում կատարել էին սոցիալական ցանցերը:
Պատահական չէ, որ Ստեփան Սաֆարյանն էլ ամենաինտրիգային, լուրջ բանավեճերի տեղիք տվող «հուշապատումներն» անում է հենց Facebook-ում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել