
Ստել և փորձել են հիմարացնել Մեծ Պարնիի բնակիչներին
Սամվել Հովհաննիսյան
Սեպտեմբերի 24 ին` առավոտյան ժամը 9-ից մեր հեծանիվներին զինում էինք Թռչկան ջրվեժի փրկության կոչերով հագեցած դրոշներով, («Թռչկանի ջրվեժը ՀէԿ չի դառնալու», «Թռչկանի ջրվեժը չի լռելու», «Թռչկանի ջրվեժը բնության հրաշք է», «Թռչկանի ջուրը կտրողի կյանքը կտրվի») և վերջապես ժամը 10-ին 4 հոգով ճամփա ընկանք Երևանից մինչև Թռչկան ջրվեժ:
Ճանապարհին առաջին երկար կանգառը եղավ Ապարանում, որտեղ մի քիչ սնվելուց ու հանգստանալուց հետո նորից շարժվեցինք դեպի մեր սիրասուն ջրվեժի ցավը տանելու: Եվս մի քանի ժամվա դժվարին ճամփա անցնելուց հետո հասանք Մեծ Պարնի գյուղ, որտեղ և ծանոթացանք նույն գյուղի ակտիվ բնակիչներից Գագոյի հետ, ով մեզ սիրալիր ընդունեց, պատմեց իրենց գլխին եկած այս դավադրության մանրամասնությունները:
2010 թ.-ի հունիս ամսին Մեծ Պարնիում անցկացվում են հասարակական լսումներ, որտեղ ներկա է լինում գյուղապետը, կառուցապատող ընկերության ներկայացուցիչը և մոտ մեկ տասնյակ գյուղացիներ: Գյուղացիներին ներկայացնում են, որ իբր թե կառուցվելու է ՀէԿ, որը լինելու է ջրվեժից ներքև, կարևորը կբացվեն աշխատատեղեր, ու գյուղացիները ստիպված չեն լինի արտագաղթել, բնապահպանության դրական եզրակացություն են ցույց տալիս, որտեղ ասվում է, որ ՀԷԿ-ը ոչ մի տեսակի բացասական ազդեցություն չի ունենալու ոչ շրջակա միջավայրի վրա և ոչ էլ առավել ևս Թռչկան ջրվեժի վրա քանի որ այն գտնվում է ջրվեժի ներքևի մասում:
Այս լուրը իմանալուց հետո մի խումբ գյուղացիներ, ովքեր անտարբեր չեն իրենց գյուղի, իրենց երեխաների և իրենց ճակատագրով, համախմբվում են, ստորագրահավաք են կազմակերպում և մոտ 100 հոգու անունից 2010 թ-ի հուլիսին նամակ են գրում բնապահպանության նախարարին և վարչապետին: Մի քանի օրից 2 հոգի գալիս են բնապահպանության նախարարությունից, գնում են իբր ջրվեժի տարածքը ուսումնասիրելու: Եվ շատ շուտով սկսվում է ՀԷԿ-ի շինարարության աշխատանքները` առանց որևիցե բացատրություն տալու գյուղացիներին:
Գյուղացիների արդար պահանջը ևս մեկ անգամ անտեսվում է բնապահպանության նախարարության կողմից:
Ասեմ ավելին, տեղացիներից իմացանք, որ մեր այցելությունից 5 օր առաջ Թռչկանին այցելության է եկել հենց ինքը` պրն Հովիկ Աբրահամյանը` անձամբ տեսնելու վերջին տասնօրյակում այսքան աղմուկ հանած ջրվեժին: Ու տեղացիները տարբեր մտորումների մեջ են ընկել, թե ինչ կարող է փչել Հովիկ Աբրահամյանի գլխին, հնարավո՞ր է Թռչկանի ճակատագիրը փոխվի:
Մեծ Պարնի գյուղում մեզ միացան Վանաձորի մի խումբ հեծանվորդներ, ովքեր ևս անտարբեր չեն ջրվեժի ճակատագրով և պայքարելու են մինչև վերջ: Եվ սկսեցինք վերջին բարձունքը հաղթահարել մինչև սարերի թագուհուն հասնելը: Երբ հասանք բաղձալի նպատակակետին, արդեն բավականին մութ էր, և ոչինչ չեր երևում, միայն լսվում եր ջրվեժի մեղմիկ ձայնը, որի մեղեդիների ներքո հանգիստ գիշերեցինք: Իսկ երբ առավոտյան Թռչկանի վերքերն էինք դիտարկում, ջրվեժին այցելության եկան Ղուկասյանից եկած մոտ 2 տասնյակ երեխաներ, որոնց բերել եին տարածաշրջանի միակ գեղատեսիլ վայրը` բնության այս հրաշքը վայելելու:
Շուտով Ջրվեժին այցելության եկան Երևանից մի խումբ արշավականներ, ովքեր նույնպես լսել էին Թռչկանին սպառնացող վտանգի մասին, և եկել էին սատար կանգնելու ջրվեժի փրկիչներին, և բոլոր երիտասարդները տեղում ուխտեցին` պայքարել մինչև վերջ, բոլոր հնարավոր և անհնարին միջոցներով փրկելու Թռչկանին գազանների ճանկերից:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել