«Բոլոր ազատամարտիկներին հորդորում ենք ոտքի կանգնել»
«Ազատամարտի եղբայրության» դաշտային հրամանատարների խորհրդի հայտարարությունը
Հոկտեմբերի 4-ից 14-ը չգիտենք ովքեր, ում հրահանգով կամ թույլտվությամբ որոշել են Սերժ Սարգսյանի բարձր հովանավորությամբ Ղարաբաղում վերականգնել Խորհրդային ԼՂԻՄ-ի սահմանները:
Աստծո կողմից մեզ վերադարձված մեր պապենական երկրի մի մասը ինչ-որ ճղճիմ արարածներ որպես խաղադրույք են օգտագործում սեփական հաճույքները բավարարելու համար:
Մենք այն ազատամարտիկներն ենք, ովքեր Աստծո հրահանգով և ազգի կանչով կամավոր գնացինք ազատամարտի: Պատերազմի ամբողջ ծանրությունը վերցնելով մեր ուսերին` լռել ենք մինչև այսօր դիմակայելով բոլոր զրկանքներին, որպեսզի չվնասենք Ղարաբաղին:
Սակայն այսօր որոշ մարդիկ, ովքեր թալանից բացի ոչնչի մասին չեն մտածում, որոշել են դիրքն ու թալանը պահելու համար վաճառքի առարկա դարձնել մեր պապենական ու այսօրվա 7 հազար հոգիների արյունով սրբացած հայկական հողերը: Այսքան ժամանակ լռել ենք Ղարաբաղին չվնասելու համար, քանի որ դա մեր սերնդի ճակատագիրն է, ավարտին հասցնել սկսածը:
Ուրեմն, խնդրում ենք աշխարհի հայությունից աջակցություն, իսկ Հայաստանի և Ղարաբաղի քաղաքացիներին հորդորում ենք քաղաքացիական անհնազանդության: Եկել է ժամանակը վերջ տալ այս անբարոյականությանը:
Կոչ ենք անում ամբողջ հայ ազգին համախմբվել և ցույց տալ դավաճաններին իրենց տեղը: Հայաստանի և Ղարաբաղի բոլոր ազատամարտիկներին հորդորում ենք ոտքի կանգնել: Խնդրում ենք մի պահ պատկերացնել, որ իրենք են զոհվածները, զոհվածները` կենդանի: Ուսանողությանը խնդրում ենք մտահոգվել իրենց ապագայի համար և չթույլատրել` այն մթագնեն:
Հայաստանի և Ղարաբաղի բնակչությանը խնդրում ենք մեկ անգամ ևս փշրել ներսի ստրուկը, ոտքի կանգնել, ցույց տալ ամեն մեկին իր տեղը: Հաղթանակն ու պարտությունը ժողովրդինն է, ոչ անհատներինը:
Այն ոստիկանները, ովքեր ծառայում են Հայաստանի Հանրապետությանն ու ժողովրդին Ազատամարտի եղբայրության անդամներն են: Այն միլիցիոներներին, որոնք աշխատում են տերերի համար, զգուշացնում ենք` մենք բավականին փորձ ունենք Ադրբեջանի օմոնի դեմ պայքարելու: Խնդրում ենք չստիպել մեզ Ձեզ նման աչքով նայել:
Եկեք ազգովի վերջ տանք այս խեղկատակությանը:
Պատրաստ ենք լինել առաջամարտիկներ:
Մենք գործելու ենք Աստծո կողմից մեզ տված իրավունքների և օրենքի սահմանում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել