Կրակոցներ Ալավերդիում. 27-ամյա Ռոբերտը հիվանդանոցում մահացել է
Հոկտեմբերի 16-ին` ժամը 21:45-ի սահմաներում, հրազենային ծանր վնասվածքով Ալավերդու հիվանդանոց է տեղափոխվել նույն քաղաքի Սանահին թաղամասի բնակիչ, 27-ամյա Ռոբերտ Մոսինյանը: Հիվանդանոցում վերջինս կորցրել է գիտակցությունը, սակայն մինչ այդ հերթապահ բժշկի` «ի՞նչ է պատահել» հարցին, պատասխենել է, թե վայր է ընկել:
Առողջապահական կենտրոնի տնօրեն Ստեփան Մոսինյանի փոխանցմամբ` վիրահատությամբ պարզվել է, որ հրազանային կրակոցներից վնասվել է Ռոբերտ Մոսինյանի լյարդի ստորին սիներակը, լյարդը և երիկամները սնուցող անոթները: Երեկ լուսադեմին` ժամը 4:30-ի սահմաններում, Ռոբերտ Մոսինյանը հիվանդանոցում մահացել է: Ըստ բանկչության շրջանում տարածված տեղեկությունների` վերջինս ծանր վիրավորվել էր ալավերդցի Կամո Շահվերդյանին պատկանող, Հաղպատ գյուղի ստորոտում գտնվող քարի արտադրամասում` հոկտեմբերի 16-ին` 20:30-ից 21:00 ընկած ժամանակահատվածում, տեղի ունեցած փոխհրաձգության պատճառով: ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Անուբաղ Համբարյանը «Հետքին» հայտնեց, որ սպանության փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն, բայց առայժմ ձերբակալված անձինք չկան: Սպանդարյան փողոցում գտնվող Կամո Շահվերդյանի սեփական բնակարանը ոստիկանության հսկողության տակ է: Վերջին 1,5 տարում Ալավերդիում հրազենային կրակոցներից սպանվել է 3 երիտասարդ: Քրեական «ռազբորկաների» պատճառով գրանցված այս սպանությունների առնչությամբ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետը «Հետքին» ասաց. «Աշխատում ենք, կպարզաբանենք, երբ հանցագործությունը բացահայտվի»: Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլին ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժնի պետ Արթուր Հարությունյանը «Հետքին» տված հարցազրույցում նշել էր, թե տարածաշրջանում օպերատիվ իրավիճակը լիովին վերահսկվում է, համեմատության մեջ` «տարածաշրջանում գրանցվող հանցագործություններն ավելի մեղմ են, որովհետեւ այստեղ բնակչությունն ավելի հանգիստ է և մեղմ ժողովուրդ է ապրում»:
Մեկնաբանել