
«Ա1+»-ի մասնակցությունը ՀՌԱՀ հեռարձակման արտոնագրերի համար հայտարարված մրցույթում ապահովելու նպատակով երեկ «Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամ է ձևավորվել՝ 8 հոգանոց հոգաբարձուների խորհրդով։
Այդ մասին հայտնել է «Ա1+»-ի հիմնադիր Մեսրոպ Մովսեսյանը։ Հոգաբարձուների խորհրդի կազմում են Բորիս Նավասարդյանը, Կարեն Ջանիբեկյանը, Կարինե Խոդիկյանը, Նունե Սարգսյանը, Տիգրան Տեր-Եսայանը, Լևոն Բարսեղյանը, Արթուր Սաքունցը, Լարիսա Ալավերդյանը։
Խորհուրդը պատրաստվում է հաշվեհամար բացել, որի նպատակն է քաղաքացիներից գումար հավաքելու միջոցով քվեարկություն կազմակերպել՝ հասկանալու համար, թե ինչպիսին է «Ա1+»-ի վերաբացման հասարակական պահանջը։
«Հոգաբարձուների խորհուրդը պետք է այդ գումարներով պատվեր իջեցնի «Ա1+»-ին՝ որպես ժողովրդական ալիքի։ Այս դեպքում կարևոր չէ, թե որքան գումար կհավաքվի, կարևոր է մասնակցության քանակը, քանի որ ամեն ոք գրանցվում է որպես քվեարկող»,- թերթի թղթակցին ասել է Մ. Մովսեսյանը։
«Ա1+»-ը ՀՌԱՀ մրցույթում հայտ կներկայացնի այսօր կամ վաղը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել