Հրովարտակ
Հայութիւնն այսօր կանգնած է քաղաքական իրականութեան այն պատկերի դիմաց, որ ժառանգել է դեռեւս խորհրդային եւ ռուսական կայսրութիւններից, եւ որի հետեւանքները խորտակում են հայութեան բոլոր երազանքները, յոյսերը, ջուրն են լցնում հայի թափած արիւնը։
Պրն Սերժ Սարգսեանն իշխանութեան է եկել իբրեւ օրինազանց (ոչ լեգիտիմ) նախագահ՝ իր նախորդների կազմակերպած եւ իրականացրած մարտի-մէկեան արիւնահեղութեան ու ջարդի արդիւնքում :
Հայաստանի բոլոր երեք նախագահների գործողութիւնները հասարակութեան լայն խաւերի զայրոյթին են արժանացել։ Իսկ այդ գործողութիւնները քաղաքացիական կեանքում իշխանութիւնների կողմից մարդուն նուաստացնելն, նրա իրաւունքը ոտքի ջնջոց դարձնելը, քաղաքական ձերբակալութիւններն ու սպանութիւններն են. հայկական բանակում՝ սպաների կողմից զինուորների վրայ իրականացուող բռնութիւններն ու խոշտանգումներն են. հասարակական կեանքում՝ ժողովրդական զանգուածներին ահ ու դողի եւ քաղցի ու իմաստազրկուած կեանքի մէջ պահելով՝ Հայաստանն արագօրէն հայաթափելու Կրեմլի ծրագրի իրականացումն է օրուայ նախագահի, վարչապետի եւ սփիւռքի նախարարի անմիջական հովանաւորութեամբ։
Անկախութեան տօնին նուիրուած զօրահանդէսի ժամանակ Երեւանի Հանրապետութեան հրապարակում հայկական բանակի հետ շքերթի ելան Հայաստանում 49 տարով տեղակայուած ռուսական 102-րդ ռազմակայանի զինծառայողները` Ռուսաստանի դրօշը պարզած։
Այս էլ երրորդ անգամ է, ինչ Հայաստանը նուաճող Ռուսաստանն իր դրօշն է բարձրացնում Երեւանի վրայ.
-առաջին անգամ գեներալ Պասկեւիչը 1828 թւականին՝ Պարսկա-Հայաստանը տրոհելով ռուսական չորս նահանգների,
-երկրորդ անգամ Կարմիր բանակը 1920 թւականին՝ Հայաստանի Արարատեան Հանրապետութիւնը խորտակելուց ու ցրիւ տալուց յետոյ, մեզ թողնելով սոսկ Էրիվանսկայա Գուբերնիան եւ այն անուանելով Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետութիւն։
-երրորդ անգամ չեկիստական Մոսկուան՝ 2011 թւականին, ճանաչելով իր կողմից անդամահատած Հայաստանի միայն Էրիվանսկայա գուբերնիան։
Հետեւաբար, Հայաստանի այն մասը որ Ռուսաստանը նուաճել էր Պարսկաստանից՝ այլեւս գոյութիւն չունի։ Եւ այն, ինչ երէկ ու այսօր յորջորջւում էր արեւելեան Հայաստան՝ սոսկ Էրիվանսկայա գուբերնիան է։ Իսկ որտե՞ղ են միւս երեք նահանգները…
Այսպիսով՝ ռուսական ծայրամասային նահանգը անուանելով «հանրապետութիւն», Հային վստահեցրեցին, թէ իսկապէս իր պետութիւնն ունի եւ այս մոլորութեամբ մինչեւ այսօր ապրում է Հայը։
Արդէն երկու տասնամեակ է, ինչ չեկիստական Ռուսաստանը փոշիացնում է Արցախեան ազատամարտի անվերապահ յաղթանակը, տեղի դրածոյ իշխանութիւնների հետ հետեւողականօրէն ջնջել է փորձում սերունդների յիշողութիւնը, դեռ աւելին՝ Մոսկուան եւ Երեւանը համատեղ ջանքերով հայ ժողովրդի մէջ փորձում եւ յաջողում են սերմանել ատելութիւն Արցախը ճանաչելու «անլուծելի» խնդրի, եւս առաւել՝ Արցախի հայութեան դէմ։
Մոսկուայի եւ ռուսական չեկիստական միապետութիւնը երեւանեան դրածոների եւ ռուսացած հայերի օգնութեամբ Արցախը դարձրել է իր հիմնական կռուանը՝ շղթայակապ պահելու համար հայազատագրական մէր շարժումը, որպիսին անցեալ դարում սկզբնաւորուեց Ազգային Ինքնորոշումի այլախոհական շարժումով, զարգացաւ իբրեւ Գոյապահպանական շարժում եւ աւարտուեց բացառիկ յաղթանակով, որի հետ որեւէ եզր չունեն 1991-ի Հոկտեմբեր 17-ին իշխանութիւնը փարիսեցիութեամբ նուաճած եւ Կրեմլի բոլոր սադրանքները մեր երկրի մէջ բախտախնդիր ոճրագործների մինչեւ մեր ժամանակներին հասնող ազգային միտքն ու հոգին թունաւորող շոշափուկները։
Աբխազիայի եւ Օսիայի «անկախութիւնը» անմիջապէս ճանաչելով, Մոսկուան եւս մէկ անգամ ցուցադրեց իր քաղաքականութեան ցինիզմը՝ շնականութիւնը, երբ մինչեր օրս անլուծելի եւ կասկածելի համարելով Հայ Ուժի յաղթանակը, Արցախը օգտագործում է իբրեւ կռուան։ Զարմանալին այս ցինիզմը չէ։ Բայց ոչ թէ տարօրինակ, այլ դաւադրութեան բացայայտ երեւոյթ է, երբ Երեւանը վճռականութիւն չի ցուցաբարում «բարեկամ» յորջորջուող Ռուսաստանի երկիմաստ քաղաքականութեան նկատմամբ։ Բանից պարզւում է, որ «անկախ» կարող է ճանաչուել այն երկիրը, որ նուաճել է Մոսկուան։ Բայց երբ ինքնորոշումն ու անկախութիւնը հաստատւում են ոչ թէ ռուսական, այլ Հայկեան ուժի կողմից՝ մնում են անորոշութեան մէջ, դառնում են տարիներ ու տասնամեակներ շարունակ քամուող կենսահիւթ, ծառայում են ոչ թէ ազատագրուած ժողովրդի առաջադիմութեան, այլ վերջնականապէս իբրեւ էթնիկական տեսակ մարելու ճակատագրական գործոն։
Այս ամէնը հաստատում է մի իրականութիւն, որ Հայաստանը ոչ միայն չի ազատագրուել, այլեւ մսագործի դանակով մասնատուել է իսլամական երկու երկրների միջեւ։ Իսկ Հայաստան կոչուող Էրիվանսկայա Գուբերնիան եղել եւ մնում է Ռուսաստանի անքակտելի գաղութը: Հանգամանք, որ քօղարկել են միմեանց յաջորդող բոլոր դրածոյ նախագահները 1991-ից ի վեր:
Միայն համահայկական առողջ եւ, յիրաւի, հայրենասէր ուժերի հաւաքական ուժի միջոցով է հնարաւոր կանխել մեր Երկրի վերջնական կործանումը: Միայն մեր վճռականութիւնը կարող է փրկել մեզ համար թէկուզ խաբուսիկ, սակայն միջազգային քաղաքական հարթութեան մէջ ճանաչուած Հայաստանի անկախութիւնը։
Մենք հորդորում ենք հայրենական երկրի վերջին բեկորից տարագրուած եւ աքսորուած բոլոր մշակութային գործիչներին եւ մտաւորականներին՝ կազմակերպուել իբրեւ ՀԱՒԱՔԱԿԱՆ ՈՒԺ եւ հայրենիքի այն հազուագիւտ առողջ ու երիտասասարդ ուժերի հետ, ովքեր իբրեւ անխառն ու ճշմարիտ ՀԱՅԿԵԱՆ ՍԵՐՈՒՆԴ այսօր ոտքի են կանգնել երկիրը կործանումից փրկելու համար, ստեղծել փրկութեան հայեցի լեգիոն (ՀԼ – ինչը կ’արտասանուի Հոլիւն)։
Մենք դիմում ենք նաեւ հայ ցրօնքի բոլոր քաղաքական կուսակցութիւններին եւ ազգային զանգուածին կազմակերպուած ու միասնաբար սկսել ակտիւ դիմադրութիւն` կանխելու վերահաս հերթական ԱՂԷՏԸ՝ 1915 եւ 1937 թուականներից յետոյ: ԱՂԷՏ, որ կը լինի ռուս-թուրքական հակահայ առանցքի վերջնական յաղթանակը։
Վերջապես Հայը վճռականութիւն ունենալո՞ւ է Ո՛Չ ասելու բռնատիրութեանը: Ո՛Չ ասելու ազատ խոսքն ու միտքը արգելող ու եղծող, եւ երկիրը հայաթափող ու ժողովրդավարութեանը խոչընդոտող ապօրինի իշխանութեանը: Ո՛չ ասելու օտար զավթիչի ներկայութեանը մէր հողի վրայ, որի տակ հանգչում են մեր հայրերի աճիւնները։
Կարէն Ա.Սիմոնեան, գրող, հասարակական գործիչ
Լիլիթ Սիմոնեան, թատերական գործիչ, հրապարակախօս
21 Սեպտեմբեր, 2011
Փարիզ
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել