HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Հայանիստի գյուղապետարանը վերածվել է ՀՀԿ-ի շտաբի

Արարատի մարզի Հայանիստի գյուղապետարանի մուտքին փակցված է Հանրապետական կուսակցության ցուցանակը, ինչը վկայում է, որ կուսակցության գրասենյակը գտնվում է համայնքապետարանի շենքում: Գյուղապետի տեղակալ Արթուր Բաբաջանյանի աշխատասենյակի դռան վրա նույնպես ՀՀԿ-ի պաստառներից էր փակցված: Մինչդեռ «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքով պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում, ՀՀ զինված ուժերում, իրավապահ մարմիններում, նախադպրոցական, դպրոցական եւ այլ ուսումնական հաստատություններում, կազմակերպություններում կուսակցությունների կառուցվածքային ստորաբաժանումների ստեղծումը եւ գործունեությունն արգելվում է: Արթուր Բաբաջանյանն ասաց, որ  այդ սենյակը, իրոք, եղել է կուսակցության գրասենյակը, սակայն մեկ ամիս է արդեն չի գործում: Նա նշեց, որ առայժմ կուսակցությունը գրասենյակ չունի: Գյուղապետի տեղակալի գլխավերևում նույնպես ՀՀԿ-ի պաստառներից էր փակցված: «Եթե գրասենյակը չի գործում, ինչո՞ւ պաստառները չեք իջեցնում» հարցին ի պատասխան Ա. Բաբաջանյանը նշեց, թե «սիրուն է` դրա համար»: Նրա ասելով, ինքն անկուսակցական է և ցանկություն էլ չունի առաջիկայում որևէ կուսակցության անդամ դառնալ: Մյուս հարցին, թե օրենքն արդյոք թույլ տալի՞ս է համայնքապետարանի շենքն օգտագործել որպես կուսակցության գրասենյակ, Արթուր Բաբաջանյանը մի փոքր մտածելուց հետո ասաց. «Երեւի թույլ տալիս է, որ եղել է: Ինձ թվում է` այդտեղ խնդիր չկա: Հիմա արդեն գրասենյակ չի»: Նշենք, որ Հայանիստի գյուղապետ Բալաբեկ Սարկիսյանը վերջերս է ՀՀԿ շարքերն անդամագրվել: Մինչ այդ նա ԲՀԿ անդամ էր: Մեր տեղեկություններով, այժմ գյուղապետն ակտիվ աշխատում է ՀՀԿ-ի շարքերը նոր անդամներով համալրելու գործով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter