HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Լոռի, իմ սեր, իմ թախիծ…» գրքի շնորհանդեսը` Ալավերդիում

Ալավերդու Ս. Սարահարթ թաղամասի մշակույթի պալատում տեղի ունեցավ լրագրող Անահիտ Գևորգյանի «Լոռի,  իմ սեր, իմ թախիծ…»  գրքի  շնորհանդեսը: Գրքում զետեղված են Թումանյանի տարածաշրջանի 33 ստեղծագործողների ստեղծագործություններ, այդ թվում` ինչպես ճանաչում ունեցող  բանաստեղծներ Սուրեն Մուրադյանի, Կարո Մելիքսեթյանի, լրագրող Գայանե Բաբայանի, Վեներա Վարդումյանի, Արարատ Մկրտումյանի, Լեյլի Կարապետյանի, Լիլիա Մաշինյանի և ուրիշների, այնպես էլ սկսնակ ստեղծագործողների ստեղծագործություններ: Նրանցից շատերը գրքերի հեղինակներ են: Տվյալ գրքի հեղինակը զերծ է մնացել նրանց ստեղծագործություններին գնահատականներ տալուց` թողնելով այն ընթերցողի դատին: «Այս գիրքը հորս երազանքն էր, հետո դարձավ իմը»,- շնորհանդեսի իր խոսքում ասաց Անահիտ Գևորգյանը: Գրքի առաջաբանում  լրագրողը ներկայացրել է հոր`1960 -ական թվականներին ՀՀ գրողների միավորման Թումանյանի  բաժանմունքի վարիչ Արշալույս Գևորգյանի ապրած կյանքը, անհատականությունը, ապա` աշխատանքային գործունեությունը: «Դու ստեղծագործող երիտասարդներին «հայտնագործում»  ու փայփայում էիր, հղկում էիր ու առաջ մղում»,- իր` հայրենական պատերազմի մասնակից հոր մասին գրում է Անահիտը: Հեղինակը գիրքը համարում է թումանյանական աշխարհի մարդկանց ճեպանկարը:   Այս առումով էլ շնորհանդեսը վերածվեց պոեզիայի տոնի: Ալավերդցիները 1 ժամից ավելի «Լոռի, իմ սեր, իմ թախիծ..»  ժողովածուից  երաժշտության ուղեկցությամբ ունկնդրեցին ալավերդցի ստեղծագործող  Արմեն Քառյանի ասմունքը: Շնորհանդեսի մասնակիցները հուշեր պատմեցին իրենց ստեղծագործական կյանքից` կապված Արշալույս Գևորգյանի հետ: Բանաստեղծուհի Վեներա Վարդումյանի կարծիքով, «Լոռի, իմ սեր, իմ թախիծ …» ժողովածուն  լեռնային ծաղիկների փունջ է, որտեղ կա և' հափրուկ և' ալմորուկ, և' նարգիզ,  և' սուսամբար. «Եթե այս պոեզիայով մենք կարողանանք ինչ-որ մեկի հոգու մի շերտ բավարարել, նշանակում է` մենք իզուր չենք ապրել»,- ասաց Վեներա Վարդումյանը, ով իր խոնարհումի վարդերը մատուցեց գրքում տեղ գտած 33 ստեղծագործողների մեջ 4 լավագույն գրչակիցների` Գայանե Բաբայանի,  Նորիկ Հախվերդյանի, Դավիթ Գևորգյանի  և Արարատ Մկրտումյանի հիշատակին: Հյուսիսային համալսարանի Ալավերդու մասնաճյուղի դասախոս, բանաստեղծուհի  Լեյլի Կարապետյանը իր ելույթում ասաց. «Այսօրվա երիտասարդ սերունդը դժվար թե պատկերացնի` ինչ է նշանակում 60-ականներին 1,5 էջ «Ավանգարդ» թերթում, մեկ բաժին «Գրականություն» ամսագրում:  Այդ մեկ էջը, կամ 1 բաժինը, մեզ համար` Թումանյանի տարածաշրջանի ստեղծագործողներիս համար, ստեղծում էր Արշալույս Գևորգյանը»: Այս ենթատեքստում Լեյլի Կարապետյանը կարծում է, որ «Լոռի,  իմ սեր, իմ թախիծ…» գրքի ամենալավ բանաստեղծությունը Արշալույս Գևորգյանի ապրած կյանքն է: Մարց գյուղի դպրոցի տնօրեն Ռուդիկ Աֆիցերյանը կարևորեց գրքի դերը Թումանյանի տարածաշրջանի ստեղծագործողների հավաքագրման գործում. «Մենք միշտ Լոռվա գրողներ ասելիս հասկանում ենք Վանաձորի գրողներ կամ բանաստեղծներ, սակայն պատմականորեն Լոռին  եղել է Թումանյանի շրջանը, Վանաձորը պատմականորեն Գուգարքն է: Հիշում եմ` Ալավերդու գրողներն ու նկարիչները միշտ էլ հայտնի են եղել Հայաստանում, բայց վերջին տարիներին մենք նրանց մասին շատ քիչ ենք լսում: Թվում է` նրանք ընդհատակ են անցել»: Ռ. Աֆիցերյանը համոզված էր, որ «Լոռի, իմ սեր, իմ թախիծ …»  գիրքը նրանց դուրս կբերի ընդհատակից: Գրքի հրատարակումը հովանավորել է Արշալույս Գևորգյանի թոռը` Վահագն Աբգարյանը: Գրքի շապիկը ձևավորել է ալավերդցի երիտասարդ նկարիչ Հայկ Սիրադեղյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter