«Հայաստանի վերջին լարախաղացը» արժանացել է գլխավոր մրցանակի
Հոկտեմբերի 18-ին` Բելգրադում կայացած 19-րդ Ազգագրական ֆիլմերի փառատոնի փակման արարողության ժամանակ, «Հայաստանի վերջին լարախացն» արժանացել է փառատոնի գլխավոր մրցանակին: Ֆիլմը նկարահանել է «Բարս մեդիա» վավերագրական ֆիլմերի ստուդիան ( ռեժիսորներ՝ Իննա Սահակյան և Արման Երիցյան):
Մինչ այդ Եկատերինբուրգում անցկացվող «Ռոսիա» փառատոնում ֆիլմը ճանաչվել է «Լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմ» եւ արժանացել «Սցենարի լավագույն զարգացում» մրցանակին, «Ոսկե ծիրան-2010» կինոփառատոնում «Հայկական համայնապատկեր» մրցույթում ճանաչվել է լավագույն ֆիլմ, Գդանսկի միջազգային փառատոնում արժանացել է ժյուրիի հատուկ մրցանակին, իսկ Սարատովի միջազգային փառատոնում՝ լավագույն օպերատորական աշխատանք մրցանակին: Ֆիլմը նաև ընդգրկվել է 2010-ի Ամստերդամի, Գյոթեբերգի, Պադուայի, Համբուրգի փառատոնների արտամրցութային ծրագրերում:
Հոկտեմբերի 22-ին այն կցուցադրվի Լայպցիգի միջազգաին փառատոնում, իսկ հոկտեմբերի 24-ին` Տորոնտոյում անցկացվող հայկական «Նուռ» կինոփառատոնում:
Անցած կիրակի` հոկտեմբերի 17-ին, ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ ԱՄՆ հանրային «Փի Բի Էս» (PBS) հեռուստատեսությամբ: Այս ողջ շաբաթվա ընթացքում այն պարբերաբար հեռարձակվելու է «Փի Բի Էս»-ի (PBS) հեռուստակայաններուվ:
Ֆիլմը պատմում է Հայաստանի վերջին լարախաղաց-վարպետներ Ժորա Արմենակյանի եւ Կնյազ Մհերյանի մասին, որոնք փորձում են պահպանել իրենց սիրելի արվեստը մոռացության մատնվելու վտանգից: Նրանց միակ հույսը 17 ամյա աշակերտ Հովսեփն է, որն իր կյանքի դժվարություններից զատ ստիպված է կրել լարախաղացության պահպանման ծանրությունը:
Մեր իրականությունից քաղված այս պատմության միջոցով ֆիլմը շոշափում է ազգային ինքնության կորստի, սերունդների ու ժամանակների երկխոսության անհնարինության խնդիրները, որոնք այսօր արդիական են յուրաքանչյուր հասարակության մեջ:
Ֆիլմը արդեն իսկ հեռարձակվել է մի շարք հեռուստաալիքներով ինչպիսիսք են՝ NHK (Ճապոնիա), SVT (Շվեյցարիա), TVP (Լեհաստան) և YLE (Ֆինլանդիա):
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել