
Քրեական աշխարհի հեղինակություն Ասլան Ուսոյանի` «Դեդ Հասանի» հետ Մոսկվայում վիրավորված նրա թիկնապահ Արթուր Բաղրամյանը Իջեւան քաղաքի Բլբուլյան փողոցի 4-րդ նրբանցքի բազմաբնակարան շենքերից մեկի բնակիչ է, ով իջեւանցիներին առավել հայտնի է «Աբան» մականունով: «Աբանը» Ասլան Ուսոյանի շրջապատում հայտնվել է շնորհիվ իր զինվորական ծառայության ընկեր, Սոչի քաղաքի բնակիչ Անդրուշի, ով սեւծովյան այդ քաղաքում քրեական հեղինակություն է: Ժամանակին ավազակային հարձական եւ թմրամոլության համար դատված «Աբանի» 2 որդիները բնակվում են Իջեւանում, մեկն ամուսնացած է, մյուսը` դպրոցական: Նրան Իջեւանից վտարել էր Տավուշի մարզի նախկին ոստիկանապետ, գնդապետ Խաչիկ Ասատրյանը, ով «Աբանին» քիչ ժամանակ էր տվել Իջեւանից եւ հանրապետությունից հեռանալու համար: Սեպտեմբերի սկզբին Խաչիկ Ասատրյանը նշանակվել է Հայաստանի պետական պահպանության վարչության պետ: Իրազեկ աղբյուրները հայտնում են, որ հոկտեմբերի 3-ին Երեւանից Աշտարակ տանող ճանապարհին գտնվող «Կոնտինենտալ» ռեստորանում կայացել է Աբանի` Երեւանում բնակվող իրավաբան աղջկա ամուսնությունը Հայաստանի դատավորներից մեկի որդու հետ: Հարսանեկան արարողությանը մասնակցելու համար Հայաստան են ժամանել Արթուր Բաղրամյանը` «Աբանը» եւ թվով 6 «օրենքով գողեր»: Նրանք հոկտեմբերի 1-ին մոմեր են վառել Կիրանց գյուղի եկեղեցում, իսկ հոկտեմբերի 2-ին Իջեւանում մասնակցել խնջույքի: Հոկտեմբերի 3-ին «օրենքով գողերի» հետ «Աբանի» դստեր հարսանիքին մասնակցել են նաեւ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը` իր որդու հետ, Իջեւանի քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը, Իջեւանի շուկայի տնօրեն Գառնիկ Օհանյանը: «Դեդ Հասանը» հարսանիքին չի մասնակցել, սակայն նվեր-գումար է ուղարկել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել