HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Վրաստանի հայության իրավունքների հարցն արծարծելու են եվրոպական կառույցներում

Նոյեմբերի 13-ին Փարիզի Հայ մշակույթի տանը տեղի է ունեցել Հայ դատի Եվրոպայի հանձնախմբերի խորհրդաժողովը, որին, ի թիվս այլ հարցերի, առանձին ուշադրություն է դարձվել եվրոպական կառույցներում Ջավախքի և ընդհանրապես Վրաստանի հայության իրավունքների արծարծմանը:

Այսօրվա մամուլի ասուլիսին ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերով գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանն ասաց, որ խոսքը վերաբերում է հիմնականում Հայ դատի հանձնախմբերի կողմից կատարվելիք աշխատանքներին: «Վրաստանը Եվրախորհրդին անդամակցության ժամանակ ստանձնել է մի շարք պարտավորություններ, որոնցից կարևորագույնը` Ազգային փոքրամասնությունների և տարածաշրջանային լեզուների եվրոպական խարտիան, չի ստորագրել և չի վավերացրել, ինչը պետք է արած լիներ վաղուց: Ինքնաբերաբար, եթե այդ խարտիայի ոգով պիտի շարժվի, կնշանակի, որ ինքը պետք է նաև Ջավախքում` որպես ազգային փոքրամասնությամբ կոմպակտ բնակվող տարածաշրջանի լեզու ճանաչի նաև հայերենը, ինչը կհեշտացնի բավական խնդիրներ»,- ասաց Կիրո Մանոյանը: Եվրախորհրդին անդամակցելիս Վրաստանն այլ պարտավորություններ ևս ստանձնել է, որոնք միշտ չէ, որ կատարել է: Օրինակ` տեղական և տարածաշրջանային ինքնակառավարման մակարդակի բարձրացման հարցը: Կիրո Մանոյանի խոսքերով` վերջերս կայացած Եվրախորհրդի շրջանների կոնգրեսում քննարկվել է զեկույց` Վրաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների մասին: «Եվ քննադատություն եղավ, որ այդքան էլ ճիշտ չեն շարժվել, հատկապես ինչ վերաբերում է օրենսդրության վերաբերյալ, որովհետև ասվում է, որ նույնիսկ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները ամբողջությամբ կուսակցականացվել են, ինչը հնարավորություն չի տալիս ազգային փոքրամասնություններին իրենց տարածաշրջաններում իսկապես ազդեցիկ ձևով մասնակցել, և այդպես էլ եղել է, որ նրանք այդքան էլ ակտիվ չեն եղել»,- ասաց Կիրո Մանոյանը: ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերը պատրաստվում են Ջավախքի և ընդհանրապես Վրաստանի հայության իրավունքներն արծարծել նաև Եվրախորհրդարանում պատրաստվող զեկույցների շրջանակներում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter