HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«ՀՀ բարձրագույն կրթության ոլորտի համակարգային վերափոխման եւ կայուն զարգացման» ծրագիր

Մանե Հակոբյան, ֆիզ.մաթ.գիտ. թեկն., դոցենտ «Հետքի» էլեկտրոնային տարբերակի 02.09.2010թ. և 13.10.2010թ. համարներում հրապարակային քննարկման էի ներկայացրել «ՀՀ գիտության և կրթության ոլորտների համակարգային վերափոխման և կայուն զարգացման» իմ ծրագրի (այսուհետ` «Ծրագրի») գիտության և հանրային կրթության բաժինները: Այժմ ընթերցողների ուշադրությանն ու հրապարակային քննարկման եմ ներկայացնում «ՀՀ բարձրագույն կրթության ոլորտի համակարգային վերափոխման և կայուն զարգացման» իմ ծրագիրը, որն ընդհանուր «Ծրագրի» ամփոփիչ, երրորդ բաժինն է: Ներկայումս ՀՀ բարձրագույն կրթության ոլորտը խորը ճգնաժամի մեջ է և տարեցտարի կայուն հետընթաց է ապրում: Ժամանակ առ ժամանակ ոլորտի այս կամ այն բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հնչում են հայտարարություններ ՀՀ բարձրագույն կրթության ոլորտում լուրջ բարեփոխումներ իրականացնելու իրենց վճռականության մասին, սակայն իրականում ոչինչ չի արվում, ոլորտը սպառում է իր պոտենցիալի վերջին հնարավորությունները արագ տեմպերով գնալով դեպի փլուզում: ՀՀ բարձրագույն կրթության այս ծայրահեղ հետընթացի պայմաններում, շատ շուտով, անհնար է լինելու ոչ միայն ՀՀ գիտական, գիտատեխնիկական, կրթական համակարգերը, այլ նաև տնտեսության բոլոր ոլորտները բարձրորակ կադրերով ապահովելը: Ուստի ՀՀ բարձրագույն կրթության ոլորտը արմատական ու համակարգային վերափոխման անհրաժեշտություն ունի: Արդեն նշել ենք, որ ՀՀ հանրակրթության, բարձրագույն կրթության և գիտության ոլորտներն իմաստ ունի զարգացնել միմիայն միաժամանակ, փոխկապակցված, համահունչ ծրագրերի հիման վրա և, նաև, եթե կա դրա հրամայականը ՀՀ տնտեսական, պետական, ռազմական, կենսաբանական, բնապահպանական անվտանգության առումներով: Քսանմեկերրորդ դարը գիտելիքի դար է լինելու և պետությունների կշիռն ու հզորությունն աշխարհում,  առավելապես  պայմանավորված են լինելու ոչ թե նրանց տարածքներով, բնական ռեսուրսներով, ազգաբնակչության թվով և այլն, ինչպես նախորդ դարերում է եղել, այլ նախ և առաջ նրանց գիտակրթական պոտենցիալի, գիտատար արտադրությունների մակարդակով, ինչն էլ ապահովելու է այդ պետությունների ռազմական, տնտեսական, կենսաբանական և այլն պոտենցիալն ու  անվտանգությունը: Գիտակրթական լուրջ պոտենցիալ չունեցող  պետությունները դատապարտված են լինելու կորցնել իրենց պետականությունները և վերածվել զուտ տարածքների, իսկ այդ երկրների ժողովուրդները ենթարկվելու են ձուլման: Մենք` հայերս, պետք է, ի վերջո, որոշում կայացնենք, որ այլևս չենք ուզում գոյատևել, մեզ հարատևել է պետք, ինչի  համար ամուր, հզոր պետություն է պետք կերտել, հզոր գիտակրթական ոլորտներով, գիտատար արտադրություններով, որը ոչ թե հանքաքար ու ոչխարներ կարտահանի, այլ գիտություն, գիտատար արտադրանք, նոր տեխնոլոգիաներ ու կրթություն և սա քսանմեկերրորդ դարի հրամայականն է: ՀՀ բարձրագույն կրթության ոլորտի զարգացման մի շարք կարևորագույն ծրագրային դրույթներ ներկայացրել ենք «Ծրագրի» գիտության բաժնում, նկատի ունենալով, որ դրանք գիտության ոլորտի հետ առավել շաղկապված, փոխկապակցված են և շատ ավելի ընկալելի կլիներ դրանց քննարկումն այդ բաժնում: Ներկայացնենք «Ծրագրի» բարձրագույն կրթության բաժնի իրականացմանը միտված այլ առաջնահերթ քայլեր նույնպես: 1. Օրենսդրորեն ամրագրել, որ ՀՀ բոլոր քաղաքացիները, անկախ իրենց սոցիալական կարգավիճակից և ֆինանսական հնարավորություններից ունեն հավասար իրավունքներ ստանալու միջազգային չափանիշներին ու չափորոշիչներին բավարարող բարձրորակ բարձրագույն կրթություն, որի երաշխավորը ՀՀ-ն է: Սա կարևորագույն ծրագրային կետ է, որով ամրագրվում է ՀՀ բոլոր քաղաքացիների հավասար իրավունքները ստանալու որակյալ բարձրագույն կրթություն և դրա երաշխավորը ՀՀ-ն է: Թե ինչպես է մեր պետությունն ապահովելու այս կետի իրականացումը, կներկայացնենք «Ծրագրի» կրթության բաժնի ֆինանսական աղբյուրները մասում: 2. ՀՀ բարձրագույն կրթության և բարձրագույն կրթության համակարգում իրականացվող գործառույթների լեզուն բացառապես հայերենն է լինելու: «Ծրագրի» հանրակրթության բաժնում հայեցակարգային այս կետի կարևորության մասին արդեն խոսել ենք: Միաժամանակ նշենք, որ մեր «Ծրագրի» կյանքի կոչման պարագայում ՀՀ հանրակրթական համակարգի շրջանավարտները կտիրապետեն առնվազն երկու օտար լեզուների (անգլերենին և ռուսորոնին), կլինեն նաև մեծ թվով բազմալեզու (պոլիգլոտ)  շրջանավարտներ:
  • ՀՀ ԲՈՒՀ-երում սովորող ուսանողները կշարունակեն խորացնել օտար լեզուների իրենց իմացությունները, այդ թվում նաև իրենց ընտրած նեղ մասնագիտական ոլորտներում. օտար լեզվի դասաժամերին կզբաղվեն նեղ մասնագիտական տեքստերի թարգմանությամբ, օտար լեզվով դրանց գրավոր և բանավոր շարադրմամբ, ռեֆերատների մշակմամբ ու դրանց բանավոր և գրավոր շարադրմամբ և այլ:
  • «Ծրագրի» իրականացման առաջին փուլի վերջում ՀՀ-ում հետազոտական համալսարանների ձևավորման ու կայացման արդյունքում, մասնագիտական տարբեր առարկաների դասավանդման նպատակով (երրորդ կուրսից սկսած), մրցույթային կարգով կամ հրավերով, հետազոտական կամ այլ համալսարաններում դասախոսական (ինչպես նաև գիտական) աշխատանքի կանցնեն նաև գլոբալ առաջատար հետազոտական համալսարանների պրոֆեսորներ, որոնց դասավանդման լեզուն հայերենը չի լինի: Այդ դասախոսությունները կիրականացվեն օտար լեզուներով, հիմնականում` անգլերենով, դասախոսության ընթացքում կիրականացվի սինքրոն թարգմանություն և, իհարկե այն կտեսագրվի: Այս ամենը կօգնի մեր ուսանողներին լավագույնս տիրապետել ոչ միայն այդ դասախոսությունների բուն նյութին, այլ նաև օտար լեզուներին, նեղ մասնագիտական առումով:
  • «Ծրագրի» իրականացման արդեն առաջին փուլի ընթացքում ՀՀ ԲՈՒՀ-երում կուսանեն մեծ թվով սփյուռքահայեր: Նրանց մի մասը կլինեն ՀՀ հանրակրթական դպրոցների (ընդհանուր և «օժտված երեխաների համար խորացված ծրագրերով ուսուցման») կրթական համալիր-կենտրոնների շրջանավարտներ և ազատ կտիրապետեն հայերենին: ՀՀ ԲՈՒՀ-եր ընդունված այն սփյուռքահայ երիտասարդները, որոնք չեն տիրապետի կամ ազատ չեն տիրապետի հայերենին, կուսումնասիրեն այն նախապատրաստական կուրսում և, անհրաժեշտության դեպքում, ԲՈՒՀ-ում, ուսման ողջ ընթացքում նույնպես:
  • Ոչ հեռու ապագայում, երբ ՀՀ գիտակրթական համակարգը լուրջ առաջընթաց կարձանագրի և կդառնա գլոբալ առաջատար գիտակրթական համակարգերի կարևորագույն կենտրոններից մեկը, մեր հետազոտական համալսարաններում ուսանելու կգան  նաև մեծ թվով օտարազգի երիտասարդներ տարբեր երկրներից: Նրանց ուսուցումը ՀՀ ԲՈՒՀ-երում նույնպես կիրականացվի հայերենով, որը նրանք կուսումնասիրեն ժամանակակից մեթոդներով, նախապատրաստական կուրսում և ուսման ողջ ընթացքում:
3. ՀՀ բարձրագույն կրթության համակարգում, բարեփոխումների հենց սկզբում, կվերացվեն ՀՀ ԲՈՒՀ-եր ընդունելության միասնական պետական քննությունները:
  • Ընդունելությունը ՀՀ ԲՈՒՀ-եր կիրականացվի շրջանավարտի կողմից ԲՈՒՀ ներկայացվող հանրակրթական դպրոցի ավարտման ատեստատի և գնահատականների ցանկի հիման վրա:
  • Եթե շրջանավարտի գնահատականները կբավարարեն տվյալ ԲՈՒՀ-ն ընդունվելու համար նախատեսված շեմային բալին, նա կընդունվի այդ ԲՈՒՀ:
  • ՀՀ ԲՈՒՀ-եր ընդունվելու շեմային բալային համակարգերը տարբեր մասնագիտացումների համար կորոշվեն գլոբալ առաջատար բարձրագույն կրթական համակարգերում գործող չափորոշիչների ու չափանիշների հիման վրա:
  • ԲՈՒՀ-եր չընդունված այն շրջանավարտներին, որոնց ավարտական գնահատականները կբավարարեն տվյալ ԲՈՒՀ-ի սահմաններում այլ մասնագիտությամբ կամ մեկ այլ ԲՈՒՀ ընդունվելու համար և նրանք համաձայն կլինեն դրան` կտրվի այդ հնարավորությունը:
  • Եթե շրջանավարտը իր նախընտրած ԲՈՒՀ-ն ու ֆակուլտետը ընդունվելու համար կորոշի տարի կորցնել, հետագա մեկ տարվա ընթացքում կարող է խորացնել իր գիտելիքները, բարելավել իր ավարտական գնահատականները, վերահանձնելով  որոշ առարկաներց քննություններ ՀՀ հանրակրթական համակարգում և հաջորդ տարին ընդունվել իր ցանկացած ԲՈՒՀ-ն ու մասնագիտացումը:
  • ՀՀ ԲՈՒՀ-եր ընդունվելն, ըստ մեր «Ծրագրի» հեշտ է լինելու, այնտեղ սովորելն ու այն  ավարտելն է խիստ դժվարանալու:
  • Հետագայում, ՀՀ բարձրագույն կրթության համակարգում բարեփոխումների արդյունքում ձևավորված մագիստրական ու հետազոտական համալսարանները, անկախ սեփականության ձևից, իրենց ԲՈՒՀ-ի միջազգային վարկանիշի կայուն բարձրացման և ամրապնդման նպատակով, կարող են մտցնել տվյալ ԲՈՒՀ ընդունվելու համար ընդունելության քննություններ, հարցազրույցներ, համապատասխանեցնելով այդ գործընթացները գլոբալ առաջատար բարձրագույն կրթական համակարգերում գործող համապատասխան չափորոշիչներին ու չափանիշներին:
4. ՀՀ ԲՈՒՀ-երը, անկախ սեփականության ձևից, կադրերի պատրաստման պետական պատվերի սահմաններում կֆինանսավորվեն մեկ ուսանողի համար հաշվարկով, որտեղ ներառված կլինի նաև կոմունալ ծախսերը:
  • Պետությունը կվճարի ԲՈՒՀ ընդունված այն ուսանողների ուսուցման ծախսերը, որոնք կլինեն ֆինանսապես անապահով ընտանիքներից, կհաղթահարեն ոչ միայն ԲՈՒՀ ընդունվելու համար անհրաժեշտ շեմային բալը, այլ նաև պետպատվերով սովորելու համար նախատեսված շեմային բալը, որն, իհարկե, ավելի բարձր կլինի առաջինից:
  • Ուսանողի ուսման համար պետության կողմից վճարման հնարավորությունը կտրվի մեկ կիսամյակի համար, մինչև հաջորդ կիսամյակային քննությունները: Թե որ ուսանողի ուսման համար է վճարելու պետությունը, կորոշվի կիսամյակային քննությունների արդյունքների հիման վրա, ուսանողների առաջադիմությունից կախված:
  • Բնատուր օժտված, խոստումնալից, բարձր գիտելիքներ, բարձր առաջադիմություն և աշխատասիրություն ցուցաբերած, ֆինանսապես անապահով ընտանիքներից ուսանողներին պետությունը կապահովի զգալի թոշակով:
  • Անհրաժեշտության դեպքում պետությունը կվճարի նաև այդօրինակ  տաղանդավոր, նպատակասլաց, խոստումնալից երիտասարդների ուսուցումը (բակալավրիատ, մագիստրատուրա, ասպիրանտուրա) առաջատար միջազգային գիտակրթական կենտրոններում, ապահովելով նրանց նաև զգալի թոշակով:
5. ՀՀ լիցենզավորված ԲՈՒՀ-երի միջև, անկախ սեփականության ձևից, ամեն տարի կանցկացվի պետական պատվերի իրականացման համար մրցույթ, ըստ մասնագիտությունների:
  • Պետական պատվերից դուրս ՀՀ ԲՈՒՀ-երն իրենք կորոշեն տվյալ ԲՈՒՀ-ի ուսանողների և մասնագիտությունների թիվը, ելնելով ՀՀ ԿԳՆ կողմից իրենց ստացած լիցենզիայում հաստատագրված պարամետրերից և տվյալ ԲՈՒՀ-ում սովորելու հայտ ներկայացրած և ԲՈՒՀ ընդունված ուսանողների թվից:
6. Կձևավորվի ՀՀ բարեփոխված ԲՈՒՀ-երի լիցենզավորման համար անհրաժեշտ և բավարար պայմանների շրջանակը, գլոբալ առաջատար բարձրագույն կրթական կենտրոնների  (հետազոտական և մագիստրական համալսարաններ և այլն) լիցենզավորման համար պահանջվող չափորոշիչների ու չափանիշների համակարգի հիման վրա: Փաստ է, որ ներկայումս ՀՀ բարձրագույն կրթական հաստատություններից և ոչ մեկը, ինչպես նաև ՀՀ ողջ բարձրագույն կրթահամակարգը, չեն բավարարում գլոբալ առաջատար բարձրագույն կրթական կենտրոններին առաջադրվող չափորոշիչների ու չափանիշների համակարգերից և ոչ մեկին: Ավելին, միանգամից իրականացնել անցում ՀՀ բարձրագույն կրթական համակարգի ներկա մակարդակից գլոբալ առաջատար բարձրագույն կրթական կենտրոնների մակարդակին հնարավոր չէ: Դրա համար որոշակի անցումային ժամանակ է պետք և լուրջ աշխատանք, որպեսզի ՀՀ բարձրագույն կրթական ներկայիս համակարգը, իրապես, հասցվի գլոբալ առաջատար բարձրագույն կրթական կենտրոնների մակարդակին:
  • Բարեփոխումների իրականացման հենց սկզբում ՀՀ տարածքում գործող բարձրագույն կրթական հաստատություններին, անկախ նրանց սեփականության ձևից, կներկայացվի չափորոշիչների ու չափանիշների այն ամբողջական համակարգը, որին բավարարելու դեպքում միայն այդ հաստատությունները կարող են անվանվել համալսարաններ: Նրանց կտրվի ժամանակ և ժամանակացույց իրականացնելու համար  քայլերի այն ամբողջությունը, որն անհրաժեշտ է լինելու ապահովելու համար համալսարան կոչվելու իրավունքը, արդեն միջազգային  չափորոշիչներին ու չափանիշներին համապատասխան:
  • ՀՀ այն ԲՈՒՀ-երը, անկախ սեփականության ձևից, որոնք, տրամադրված ժամանակի ընթացքում, չեն իրականացնի ժամանակացույցով նախանշված գործընթացները և կամ կթերանան դրանում, կզրկվեն բարձրագույն կրթություն իրականացնելու իրավունքից ու կդադարեն որպես այդպիսին գոյություն ունենալ:
  • ՀՀ այն բարձրագույն կրթական հաստատությունները, անկախ սեփականության ձևից, որոնց ունեցած մասնագիտական, մարդկային և ֆինանսական ռեսուրսները ի սկզբանե շատ հեռու կլինեն գլոբալ առաջատար բարձրագույն կրթական հաստատություններից պահանջվող չափորոշիչների ու չափանիշների ամբողջական համակարգից, կարող են
-           կամ միավորվել նմանատիպ վիճակում հայտնված հաստատությունների հետ, միավորելով իրենց ունեցած ռեսուրսները, ձևավորել մեկ ընդհանուր ԲՈՒՀ ու փորձել իրականացնել ժամանակացույցով նախանշված գործողությունների ամբողջությունը և -           կամ դադարեցնել բարձրագույն կրթություն իրականացնելու պրակտիկան:
  • ՀՀ բարձրագույն կրթահամակարգի բարեփոխման առաջին փուլում արդեն, ՀՀ ԲՈՒՀ-երը կհամագործակցեն գլոբալ առաջատար գիտակրթական կենտրոնների` հետազոտական համալսարանների, մագիստրական համալսարանների և այլն հետ գիտակրթական համատեղ ծրագրերի իրականացման, ուսանողների փոխանակման, միջազգային համատեղ կոնֆերանսների, գիտական դպրոցների անցկացման հարցերում և այլն:
7. ՀՀ գիտակրթական համակարգի սահմաններում կստեղծվի գիտական, գիտատեխնիկական, կրթական տեքստերի, դասագրքերի, գիտական գրականության  թարգմանության, խմբագրման ու տպագրության, ինչպես նաև գլոբալ առաջատար կրթական համակարգերում գործող չափորոշիչների ու չափանիշների հիման վրա ՀՀ ԲՈՒՀ-երի պրոֆեսորադասախոսական կազմի, ասիստենտների և այլն պարբերաբար վերապատրաստման ու ատեստավորման հարցերով զբաղվող ընդհանուր կենտրոն:
  • Այս կառույցի գործառույթներից մի քանիսը ներկայացրել ենք «Ծրագրի» գիտության ոլորտի զարգացման բաժնի տասներեքերրորդ կետում:
  • ՀՀ ԲՈՒՀ-երի պրոֆեսորադասախոսական կազմը կներգրավվի կենտրոնում իրականացվող գլոբալ առաջատար գիտակրթական համակարգերում կիրառվող օտարալեզու լավագույն դասագրքերի, գիտական գրականության հայերեն լեզվով թարգմանության, խմբագրման ու տպագրության աշխատանքներին և այլն:
  • Վերապատրաստման ընթացքում ՀՀ ԲՈՒՀ-երի պրոֆեսորադասախոսական կազմը, ասիստենտները և այլն կծանոթանան, կուսումնասիրեն գլոբալ առաջատար բարձրագույն կրթական համակարգերում իրականացվող կրթական համապատասխան ծրագրերին, դասավանդման մեթոդաբանությանը, կիրառվող դասագրքերին, ժամանակակից ակտիվ մեթոդների հիման վրա կսովորեն կամ կլավացնեն անգլերենի իրենց իմացությունը և այլն:
  • Վերապատրաստման ավարտին ՀՀ ԲՈՒՀ-երի պրոֆեսորադասախոսական կազմը, ասիստենտները և այլն կատեստավորվեն գլոբալ առաջատար կրթահամակարգերում գործող համապատասխան չափորոշիչների ու չափանիշների հիման վրա, թեստային եղանակով, ինչը հնարավորություն կտա պարզելու, թե որքանով են պատրաստ վերապատրաստումն անցած մասնագետները զբաղեցնելու համար ՀՀ ԲՈՒՀ-ական համակարգի այս կամ այն պաշտոնը:
  • ՀՀ ԲՈՒՀ-երի պրոֆեսորադասախոսական կազմի այն դասախոսներին, ովքեր չեն անցնի ատեստացիան (չեն հավաքի համապատասխան բալեր), կտրվի ևս մեկ հնարավորություն որոշակի ժամանակացույցով խորացնելու իրենց գիտելիքներն ու հմտությունները նույն այդ կենտրոնում և մասնակցելու հաջորդ ատեստավորմանը:
  • ՀՀ ԲՈՒՀ-երի պրոֆեսորադասախոսական կազմի այն դասախոսները, ովքեր չեն անցնի նաև երկրորդ ատեստացիան կստանձնեն ավելի ցածր պաշտոններ, եթե նրանց հավաքած բալերը կբավարարեն դրան և կամ կհեռացվեն համակարգից:
8. ՀՀ ԲՈՒՀ-երում ուսանողների ձեռք բերած գիտելիքների ստուգումը կիրականացվի գրավոր` թեստային եղանակով:
  • Ուսանողների գիտելիքների ստուգման նպատակով թեստերի ձևակերպումը կիրականացվի գլոբալ առաջատար կրթահամակարգերում գործող, առավել հաջողված ու արդյունավետ չափորոշիչների ու չափանիշների հիման վրա, տեղայնացնելով դրանք:
  • Թեստերի լրացումը կարող է կատարվել ինչպես գրավոր, այնպես էլ համակարգչային տարբերակով, ըստ ԲՈՒՀ-ի հայեցողության:
9. ՀՀ ԲՈՒՀ-ական համակարգում գիտելիքի փոխանցման և գիտելիքի ստուգման գործընթացները կտարանջատվեն: Հետագայում, ՀՀ բարձրագույն կրթահամակարգի սահմաններում, կստեղծվեն գիտելիքի պարբերաբար գնահատման և սերտիֆիկացման կենտրոններ: Սա նշանակում է, որ ՀՀ ԲՈՒՀ-ի ուսանողին գիտելիք կհաղորդեն և նրա ձեռք բերած գիտելիքները կստուգեն  տարբեր մասնագետ-դասախոսներ, տարբեր ԲՈՒՀ-երից:
  • Սա ստիպողական քայլ է, որը հնարավորություն կտա բարեփոխումների հենց առաջին փուլում ՀՀ բարձրագույն կրթության համակարգում ապահովել անաչառություն մի կողմից գիտելիք ուսուցանող և գիտելիք ստուգող մասնագետ-դասախոսների, իսկ մյուս կողմից` ուսանողի ու նրա ծնողների կողմից:
  • ՀՀ բարձրագույն կրթահամակարգում բարեփոխումների հենց առաջին փուլի ընթացքում, կձևավորվեն ուսանողների ձեռք բերած գիտելիքների պարբերաբար գնահատման և սերտիֆիկացման կենտրոններ, որտեղ կաշխատեն գլոբալ առաջատար կրթահամակարգերում գործող չափորոշիչներին ու չափանիշներին բավարարող մասնագետներ:
  • Ոչ հեռու ապագայում, երբ ՀՀ կրթահամակարգում բարեփոխումները հաջողությամբ կարմատավորվեն և այն թռիչքային վերելք կապրի ու կդառնա գլոբալ առաջատար կրթահամակարգի կարևորագույն կենտրոններից  մեկը, իմաստ կունենա վերանայել «Ծրագրի» այս կետը և հնարավորություն ընդձեռել, որ ուսանողին գիտելիք հաղորդող մասնագետ-դասախոսը նաև իր ուսանողի կողմից ստացած գիտելիքները ստուգի, քանի որ վաղուց արդեն վերացած կլինի մասնագետ-դասախոսների, ուսանողի ու նրա ծնողների անաչառության ապահովման ու վերահսկման անհրաժեշտությունը: Այդ բաղձալի ոչ հեռու ապագայում երիտասարդը կընդունվի ՀՀ ԲՈՒՀ գիտելիք ձեռք բերելու և ոչ թե դիպլոմ ստանալու նպատակով: Այս դեպքում ուսանողի գիտելիքների ստուգումը կարելի կլինի իրականացնել նաև բանավոր և առանց թեստերի:
10. «Ծրագրի» իրականացման առաջին փուլի ընթացքում ՀՀ գիտակրթական և  ՀՀ տնտեսության տարբեր ոլորտների համար բարձրորակ երիտասարդ մասնագետների (ասպիրանտուրա, դոկտորանտուրա, պրոֆեսորի կոչում) պատրաստումը կիրականացվի գլոբալ առաջատար գիտակրթական կենտրոններում և հետազոտական համալսարաններում:
  • Բարեփոխման առաջին փուլի ընթացքում ՀՀ հանրակրթական համակարգի առավել օժտված շրջանավարտները բակալավրական և մագիստրոսական կրթությունները նույնպես կստանան գլոբալ առաջատար կրթական կենտրոններում:
  • Այս կերպ ՀՀ գիտակրթական համակարգը ձեռք կբերի գլոբալ առաջատար գիտակրթական կենտրոններում, հետազոտական համալսարաններում ուսանած, դոկտորական աստիճան և պրոֆեսորի կոչում արդեն իսկ ստացած բարձրորակ երիտասարդ մասնագետների մի ողջ սերունդ: Այդ բարձրորակ երիտասարդ մասնագետ-պրոֆեսորների առաքելությունն է լինելու մեր «Ծրագրի» հետագա բարեհաջող իրականացումը, բարեփոխումների ակտիվ փուլում գտնվող ՀՀ  գիտակրթական համակարգի պրոֆեսորադասախոսական այն կազմի ձևավորումը, որը բարեփոխումները բարեհաջող կերպով ավարտին կհասցնի և ՀՀ  գիտակրթական համակարգը լավագույնս կինտեգրի գլոբալ առաջատար գիտակրթական համակարգերին:
  • ՀՀ գիտակրթական տարբեր ոլորտների համար գլոբալ առաջատար գիտակրթական կենտրոններում և հետազոտական համալսարաններում բարձրորակ երիտասարդ մասնագետների պատրաստումը կարգավորված, օրենսդրորեն ամրագրված բնույթ է կրելու:
  • Կարգավորված և օրենսդրորեն ամրագրված է լինելու նաև այդ բարձրորակ երիտասարդ գիտնականների հետագա ողջ գիտակրթական գործունեությունը ՀՀ և, նաև գլոբալ առաջատար գիտակրթական կենտրոններում նույնպես:
11. «ՀՀ բարձրագույն կրթության ոլորտի համակարգային վերափոխման և կայուն զարգացման ծրագրի» հաջող իրականացման հարցում կարևորագույն առաքելություն է ունենալու ՀՀ բարձրագույն կրթական համակարգում աշխատող պրոֆեսորադասապոսական կազմը:
  • «Ծրագրի» իրականացման առաջին փուլի ընթացքում արդեն, վերապատրաստումը հաղթահարած և ՀՀ ԲՈՒՀ-երում դասավանդող պրոֆեսորադասախոսական կազմը կբավարարի գլոբալ առաջատար գիտակրթական համակարգերում գործող բոլոր չափորոշիչներին ու չափանիշներին և նաև գիտական ակտիվ գործունեություն կիրականցնի: Բացի այդ`
  • ՀՀ գիտակրթական համակարգերում ակտիվ գիտական և կրթական գործունեություն կիրականացնեն նաև գլոբալ առաջատար գիտակրթական կենտրոններում, հետազոտական համալսարաններում ուսանած, դոկտորական աստիճան և պրոֆեսորի կոչում արդեն իսկ ստացած բարձրորակ երիտասարդ մասնագետներ նույնպես:
  • «Ծրագրի» իրականացման հենց սկզբում ՀՀ ԲՈՒՀ-երում աշխատող պրոֆեսորադասախոսական կազմի շաբաթական դրույքաչափերը, գիտական և մանկավարժական գործունեության զուգորդման համամասնությունը, աշխատանքային բոլոր պայմանները կհասցվեն գլոբալ առաջատար գիտակրթական համակարգերում գործող չափորոշիչների ու չափանիշների մակարդակին:
  • «Ծրագրի» իրականացման հենց սկզբում կտրուկ կբարձրացվեն ՀՀ ԲՈՒՀ-երի միջազգային առաջատար բարձրագույն կրթական համակարգերում գործող չափորոշիչներին ու չափանիշներին բավարարող վերապատրաստումը հաղթահարած  պրոֆեսորադասախոսական կազմի, ինչպես նաև գլոբալ առաջատար գիտակրթական կենտրոններում, հետազոտական համալսարաններում ուսանած, դոկտորական աստիճան և պրոֆեսորի կոչում արդեն իսկ ստացած բարձրորակ երիտասարդ մասնագետների աշխատավարձերը, որը կունենա շարունակական աճման միտում և, առնվազն, բարեփոխման առաջին փուլի ընթացքում կհասցվի գլոբալ առաջատար հետազոտական համալսարանների պրոֆեսորադասախոսական կազմի աշխատավարձների մակարդակին:
  • Բարեփոխումների առաջին փուլի ավարտին, ՀՀ-ում հիմնադրված հետազոտական առաջին համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի միայն մի մասը  կայուն հաստիքային աշխատողներ կլինեն: Պրոֆեսորադասախոսական կազմի մի զգալի մասը  կլինեն մրցույթային կարգով ՀՀ ԲՈՒՀ-երում դասավանդելու և գիտահետազոտական աշխատանքներ իրականացնելու նպատակով ընտրված և կամ հրավիրված, գլոբալ առաջատար գիտակրթական համակարգերի պրոֆեսորներ:
  • Նույն կերպ ՀՀ գիտակրթական համակարգի պրոֆեսորադասախոսական կազմի գիտնական-դասախոսները պարբերաբար կմասնակցեն միջազգային առաջատար կրթահամակարգերի հետազոտական համալսարանների և այլն կողմից հայտարարված գիտակրթական աշխատանքի համար թափուր տեղերի մրցույթներին և ժամանակավոր  աշխատանքի կանցնեն այդ համալսարաններում և այլն:
  • ՀՀ բարձրագույն կրթության համակարգի պրոֆեսորադասախոսական կազմը գլոբալ առաջատար գիտակրթական համակարգերի հետազոտական համալսարանների, Ազգային լաբորատորիաների, գիտական կենտրոնների և առաջատար բարձր-տեխնոլոգիական ֆիրմաների հետ կիրականացնեն համատեղ ակտիվ գիտահետազոտական աշխատանքներ, գիտատեխնիկական մշակումներ, կկազմակերպեն բարձրտեխնոլոգիական, գիտատար արտադրություն իրականացնող համատեղ ձեռնարկություններ և այլն:
12. ՀՀ գիտակրթական համակարգի բարեփոխումների առաջին փուլի արդյունքում լիցենզավորված ՀՀ ԲՈՒՀ-երը կվերածվեն գիտական, կրթական և մշակույթային խոշոր կենտրոնների` հետազոտական կամ մագիստրոսական համալսարանների, ինստիտուտների: Մեր «Ծրագրի» նպատակն է`
  • բարեփոխումների արդյունքում ՀՀ ԲՈՒՀ-երում, անկախ սեփականության ձևից, ունենալ դասավանդող պրոֆեսորադասախոսական կազմ, որը նաև գլոբալ առաջատար գիտական համակարգերում գործող չափորոշիչներին ու չափանիշներին բավարարող ակտիվ գիտական գործունեություն իրականացնի;
  • բարեփոխումների արդյունքում ՀՀ գիտակրթական ոլորտում գիտական և բարձրագույն կրթական գործառույթները մեկտեղել մեկ համակարգում` խոշոր գիտակրթական կենտրոններում.
-           հետազոտական համալսարաններում, որոնց գործառույթների ճնշող մասը գլոբալ առաջատար գիտական կենտրոններում գործող չափորոշիչներին ու չափանիշներին բավարարող գիտահետազոտական գործունեությունն է լինելու, իսկ կրթական գործառույթները սահմանափակվելու են միայն բարձրորակ ասպիրանտական և, որոշ դեպքերում նաև փոքր թվով մագիստրոսական կրթության իրականացմամբ; -           մագիստրական համալսարաններում, որոնց գործառույթների ճնշող մասը բարձրորակ բակալավրական և մագիստրական կրթության իրականացումն է լինելու, իսկ փոքր մասը` ԲՈՒՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմի գիտահետազոտական գործունեությունը; -           ինստիտուտներում, որոնց գործառույթների ճնշող մասը բարձրորակ բակալավրական կրթության իրականացումն է լինելու, իսկ փոքր մասը` ԲՈՒՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմի գիտահետազոտական գործունեությունը: 13. Բարեփոխված ՀՀ ԲՈՒՀ-երը կունենան էլեկտրոնային կայքեր, որոնց կարևորագույն մասերից են լինելու էլեկտրոնային գրադարանը, էլեկտրոնային գիտական, կրթական և մշակութային  պարբերականները, տեսադարանը, սպորտի բաժինը և այլն:
  • Կայքի «էլեկտրոնային գրադարան» բաժնում ուսանողները հնարավորություն կունենան ուսումնասիրել համաշխարհային գիտական գրականության հնարավորինս պարփակ, ամբողջական էլեկտրոնային տարբերակը, ինչպես նաև գլոբալ առաջատար գիտակրթական համակարգերում նախկինում և ներկայումս օգտագործվող լավագույն դասագրքերի էլեկտրոնային տարբերակները հայերեն և օտար լեզուներով:
  • Կայքի «էլեկտրոնային գիտակրթական պարբերականներ»-ում ուսանողները կզետեղեն իրենց հոդվածները, նորարարությունները, կկազմակերպեն տարբեր ձևաչափերի, համալսարանական, միջհամալսարանական, տարածաշրջանային, միջազգային ուսանողական գիտակրթական կոնֆերանսներ, տարբեր առարկաներից օլիմպեադաներ և այլն:
  • Տեսադարանում ուսանողները կարող են հետևել բաց թողած դասախոսությունների, լաբորատոր աշխատանքների, տիպային և բարդ խնդիրների լուծման տեսագրությունները և այլն:
  • Կգործի դասախոս-ուսանող ուղիղ կապ և այլն:
14. Բարեփոխված ՀՀ ԲՈՒՀ-երի տարբեր կուրսերի ապագա գիտնական-ուսանողները,  ուսմանը զուգահեռ, ԲՈՒՀ-երի գիտահետազոտական լաբորատորիաներում, ըստ իրենց նախասիրությունների, կիրականացնեն գիտահետազոտական գործունեություն:
  • Այս կերպ ապագա գիտնական-ուսանողները շատ ավելի վաղ կներգրավվեն գիտական գործունեության ոլորտ և շատ ավելի մեծ հնարավորություններ կունենան այդ ոլորտում մեծ հաջողությունների հասնելու համար:
  • Այս ապագա գիտնական-ուսանողները իրենց գիտահետազոտական հաջողված աշխատանքները կտպագրեն ոչ միայն իրենց համալսարանի «Էլեկտրոնային գիտական պարբերականներում», այլ նաև գլոբալ առաջատար գիտական տպագիր պարբերականներում, կմասնակցեն տարբեր ձևաչափերի գիտական կոնֆերանսների, գիտական դպրոցների և այլն:
  • Ցանկության դեպքում ապագա գիտնական-ուսանողները կընդունվեն աշխատանքի ՀՀ ԲՈՒՀ-երի գիտահետազոտական լաբորատորիաներում:
  • Անհրաժեշտության դեպքում ՀՀ ԲՈՒՀ-երում կկազմակերպվեն «առավել օժտված երիտասարդ գիտնական-ուսանողների» ուսուցման առանձին հոսքեր կամ խմբեր, որտեղ դասավանդումը կիրականացվի անհատական խորացված ծրագրերով, կախված տվյալ ուսանողի մտավոր կարողություններից:
  • Այդ «առավել օժտված երիտասարդ գիտնական-ուսանողների» գիտելիքների ստուգումը կիրականացվի անհատական գրաֆիկներով, բանավոր, առանց թեստերի կիրառման և այլն:
15. «ՀՀ բարձրագույն կրթության ոլորտի համակարգային վերափոխման և կայուն զարգացման» ծրագրի հաջող և հետևողական իրականացման արդյունքում, ոչ հեռու ապագայում, կտրուկ կաճի ՀՀ համալսարանական կրթության վարկանիշը մեր տարածաշրջանի երկրներում և աշխարհում: Այդ դեպքում`
  • Կտրուկ կաճի սփյուռքահայ և օտարազգի ուսանողների հոսքը ՀՀ համալսարաններ:
  • Կավելանան կրթական տարաբնույթ ծրագրերի առավել բարձր ցենզ նախատեսող ՀՀ համալսարանների թիվը:
  • ՀՀ համալսարանական համակարգում կձևավորվեն գլոբալ առաջատար համալսարանական համակարգերում գործող կրթական ծրագրերին համարժեք և կրթական առավել բարձր ցենզ նախատեսող «հայկական համալսարանական ծրագրերի» ամբողջական փաթեթներ, ըստ մասնագիտությունների, որոնք էլ կդրվեն ՀՀ համալսարանական կրթության հիմքում և հաջողությամբ կիրականացվեն:
  • Հետագայում կառաջանա անհրաժեշտություն հայկական համալսարանական ծրագրերով կրթության արտահանման անհրաժեշտություն առնվազն  տարածաշրջանի երկրներ, որտեղ կհիմնվեն արդեն իսկ մեծ պահանջարկ ունեցող առաջին «Հայկական Համալսարանները»:
  • «Հայկական Համալսարաններում» ուսանողները կարողանալու են ստանալ համապարփակ, գլոբալ առաջատար համալսարանական համակարգերում գործող կրթական ծրագրերին համարժեք և նաև կրթական առավել բարձր ցենզ նախատեսող կրթություն:
  • «Հայկական Համալսարաններում» կրթության լեզուն հայերենն է լինելու: Այս կերպ կմեկտեղվեն երկու կարևորագույն գործընթացներ, որոնցից առաջինը «հայկական համալսարանական ծրագրերի» և արդեն իսկ միջազգային ճանաչման արժանացած «հայկական կրթության» արտահանումն է լինելու, իսկ երկրորդը`հայերենի տարածումը, առնվազն,  մեր տարածաշրջանի երկրներում:
«ՀՀ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՒ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ԵՎ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ» ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ «ՀՀ բարձրագույն կրթության և հանրակրթության ոլորտների համակարգային վերափոխման և կայուն զարգացման» ծրագրի իրականացման համար անհրաժեշտ տնտեսական մանրամասն հաշվարկը, ֆինանսական աղբյուրների ճշգրտումները և այլն կիրականացվեն հետագայում: «Ծրագրի» իրականացումը լուրջ ֆինանսական ներդրումներ է պահանջելու և տարիների տքնաջան ու ծանր աշխատանք, սակայն նպատակը, ինչին ձգտում ենք, արդաևացնում է դրան հասնելու դժվարին ճանապարհի մեր ընտրությունը: Մեր «Ծրագրի» իրականացման համար անհրաժեշտ լուրջ ֆինանսական ներդրումները, շատ արագ կհանգեցնեն ՀՀ ՀՆԱ-ի կայուն, բազմապատիկ աճի, ՀՀ  վարկի բարձրացմանը  տարածաշրջանում և ողջ աշխարհում, ՀՀ տնտեսական, բնապահպանական, ռազմական և այլն անվտանգության ապահովմանը: 1. ՀՀ բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումների հենց առաջին փուլում  բարձրագույն կրթության վրա պետական բյուջեից ծախսերը կտրուկ կաճեն: Անհրաժեշտ է օրենսդրորեն ամրագրել ՀՀ բարձրագույն կրթության վրա պետական բյուջեից ֆինանսավորման նվազագույն շեմը առնվազն ՀՆԱ-ի 1%-ի սահմաններում (ներկայումս այն մոտ 0,4% է) որը կունենա կայուն աճման միտում: 2. «Ծրագրի» հաջող իրականացման նպատակով ՀՀ-ում կստեղծվի «ՀՀ կրթության զարգացման հիմնադրամ», որի միջոցով էլ կֆինանսավորվեն ՀՀ  հանրակրթության և ՀՀ բարձրագույն կրթության ոլորտները: «ՀՀ կրթության զարգացման հիմնադրամ»-ի ֆինանսական միջոցները կձևավորվեն հետևյալ ֆինանսական աղբյուրներից` -           ՀՀ պետական բյուջեից ՀՀ բարձրագույն կրթությանը և հանրակրթությանը տրամադրվող միջոցներից; -           «ՀՀ կրթության հարկի (պրոգրեսիվ հարկ)» միջոցներից; -           ՀՀ քաղաքացի ուսանողների վարձավճարներից; -           Սփյուռքահայ և օտարազգի ուսանողների վարձավճարներից; -  Անհատ բարերարների կողմից արվող նվիրատվություններից և այլն: «ՀՀ կրթության հարկատեսակի (պրոգրեսիվ հարկ)» ներդրումն անհրաժեշտություն է, առնվազն ՀՀ տնտեսության զարգացման ներկայիս ծանր իրավիճակում: Հետագայում, երբ ՀՀ տնտեսությունը և ՀՀ գիտակրթական համակարգը ոտքի կկանգնեն, հնարավոր կլինի այդ հարկատեսակի վերացում: «ՀՀ կրթության հարկ (պրոգրեսիվ հարկ)» կվճարեն ոչ միայն ՀՀ քաղաքացիները, այլ նաև երկքաղաքացիություն ստացած սփյուռքահայերը, ինչն էլ կապահովի նրանց լուրջ ներդրումը «ՀՀ գիտության և կրթության ոլորտների համակարգային վերափոխման և կայուն զարգացման» կարևորագույն հարցում: Քսանմեկերրորդ դարում հզոր ու բարգավաճ ՀՀ կերտելու միակ ու ճշմարիտ ուղին մեր երկրի գիտության ու կրթության  ոլորտների համակարգային վերափոխման և կայուն զարգացման ուղին է, ինչի արդյունքում ՀՀ-ը կվերածվի բարձր տեխնոլոգիաներ ու գիտատար արտադրություններ, գիտություն ու կրթություն արտահանող և կայուն զարգացող երկրի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter