«Ժառանգության» առաջարկը Կառավարությանը եւ ԱԺ հանձնաժողովներին
Ձկնաբուծության ոլորտի խնդիրների քննարկման ու խորհրդարանական լսումների վերաբերյալ
Այսօր «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը ձկնաբուծության ոլորտում առկա հիմնախնդիրների համալիր եւ հրատապ քննարկման անհրաժեշտության կապակցությամբ խմբակցության անունից պաշտոնական գրություններ է ուղարկել ՀՀ փոխվարչապետին եւ Ազգային ժողովի երկու մշտական հանձնաժողովների նախագահներին:
Ղեկավարվելով «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքի 5-րդ եւ 7-րդ հոդվածներով (որոնց համաձայն պատգամավորն իրավունք ունի առաջարկություններով դիմել պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններին, պաշտոնատար անձանց, հիմնարկներին եւ կազմակերպություններին, մասնակցել իր բարձրացրած հարցերի քննարկմանը, իսկ պաշտոնատար անձինք էլ պարտավոր են ոչ ուշ, քան հարցի քննարկումից 3 օր առաջ գրավոր տեղեկացնել պատգամավորին իր բարձրացրած հարցի քննարկման մասին) ամրագրված ընթացակարգերով` «Ժառանգությունը» դիմել է ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանին` առաջիկայում ձկնաբուծության ոլորտի զարգացմանն ու ձկնաբուծարանների արդի խնդիրներին նվիրված քննարկում կազմակերպելու առաջարկով:
«Ժառանգության» պատգամավորներն առաջարկել են այդ քննարկմանը հրավիրել նաեւ ՀՀ գյուղատնտեսության եւ բնապահպանության նախարարությունների իրավասու պաշտոնատար անձանց, ինչպես նաեւ` ոլորտին առչնվող մասնագետներին (հիդրոերկրաբաններ, ջրային ռեսուրսների կառավարման մասնագետներ) եւ «Հայ ձկնաբույծների միության» ներկայացուցիչներին:
Ազգային ժողովի Գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խաչիկ Հարությունյանին եւ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանին ուղղված նամակներով «Ժառանգությունը» առաջարկել է նույն խնդիրներին նվիրված համատեղ խոհրդարանական լսումներ կազմակերպել` հրավիրելով շահագրգիռ շրջանակների:
Իր երեք նամակներում «Ժառանգությունը» հասցեատեր պաշտոնյաների ուշադրությունն է հրավիրել նոյեմբերի 18-ին գումարված «Հայ ձկնաբույծների միության» արտակարգ համագումարի (որին ԱԺ քաղաքական ուժերից ներկա էին «Ժառանգություն», ՕԵԿ, ՀՅԴ խմբակցությունների ներկայացուցիչները, ՀՀ բնապահպանության եւ տարածքային կառավարման նախարարների տեղակալները) օրակարգային հարցերի վրա.
1. ձկնաբուծարաններին ամրակցված հողերի նշանակության փոփոխություն,
2. հորատանցքերում ջրաչափերի տեղադրում,
3. ձկնաբուծարանից բաց թողնված ջրերի հեռացում,
4. ջրօգտագործման թույլտվության գործունեության ժամկետի երկարաձգում:
Պատգամավորները կիսում են ձկնաբույծների մտահոգությունները եւ գտնում, որ դրանք օրախնդիր են ու հրատապ լուծումների կարոտ: Այս տեսանկյունից նրանք անհրաժեշտ են համարում վերոնշյալ հարցերի կապակցությամբ երկու ձեւաչափերով էլ քննարկումների կազմակերպումը, եւ դրանց արդյունքում ձկնաբուծության մասին օրենքի համատեղ մշակումն ու ընդունումը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել