HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մայրուղի

Նիլուֆար Մալաք

Զարթուցիչի զանգից արթնանում ես, առավոտվա ժամը վեցն է: Չես ուզում գլուխդ կտրել փափուկ բարձից, փորձում ես անավարտ երազիդ շարունակությունը տեսնել: Բայց ոչ, անհնար է, կարևոր նիստի ես մասնակցելու: Չգնալ, կնշանակի ձեռքից բաց թողնել բացառիկ հնարավորություն: Դժվարությամբ վեր ես կենում: Գլուխդ ցավում է: Մտնում ես խոհանոց:

Լռություն է: Գարշահոտը քթիդ է խփում: Նայում ես շուրջդ: Խոհանոցը լիքն է անլվա ամաններով: Նույնիսկ մի մաքուր գդալ չկա: Սառնարանից կեքս ու մի շիշ կաթ ես վերցնում, նստում ես բազմոցի ու բազկաթոռների կենտրոնում դրված կլոր սեղանի առաջ: Մի կողմ հրիր ձվի կճեպներին խառնված խաղաթղթերը և նախաճաշի համար տեղ բաց: Բիբիին ես հիշում, նրա հմայիչ աչքերը… Ուշքի արի: Նման բաների մասին մտածելու ժամանակ չունես: Դանակի սայրով սերուցքապատիր կեքսը, շշով կաթը գլուխդ քաշիր: Զանգում են: Պայթուցիկի պես վեր թռիր: Քանի դեռ Մահշիդը չի արթնացել, վերցրու լսափողը, թե չէ նրա փնթփնթոցներից նյարդայնանալու ես ու օրդ փչանալու է: Կին է, ձայնն անծանոթ է: Մինչ նա առանց դադարի խոսում է` գլխի ես ընկնում` Մինայի դպրոցի տնօրենն է: «Ինչու՞ է Մինան բացակայում: Մեկ շաբաթ է` դասերի չի հաճախում: Այսօր էլ ֆիզիկայից կարևոր պարապմունք ունեինք, չէ՞ որ շուտով քննություն են հանձնելու»,- հարցնում է ու շարունակում ներկայացնել դպրոցի կարգ ու կանոնը: Կեքսը բկիդ է կանգնում, բռունցքով խփիր կրծքիդ: Մի շաբա՞թ… Այդ անամոթն ամեն օր դրամ է վերցնում դպրոց գնալու համար ու ամեն առավոտ տնից դուրս է գալիս: «Ներեցեք, հիվանդ էր, կրկնվելու դեպքում ձեզ տեղյակ կպահենք»: Ինչու՞ թույլ տալ` օտարներն իմանան, որ աղջկանիցդ անտեղյակ ես: Ցտեսություն ասա և լսափողը կախիր: Գուցե փորձես գտնե՞լ նրան: Բայց որտե՞ղ փնտրել: Ժամանակ էլ չունես: Պիտի գնաս, տնօրենների խորհուրդը քեզ է սպասում: Նրա հետ հետո կխոսես, այսօր կամ վաղը երեկոյան, ի՞նչ տարբերություն, միևնույն է, ամեն օր էլ ի վերջո տուն է վերադառնում: Աչքդ գցիր ժամացույցին, ուշանում ես: Գնա ննջասենյակ: Մահշիդը դեռ քնած է: Անձայն վերցրու տաբատդ ու բաճկոնդ, հագիր: Օձիքիդ վրա լաքա կա, եղունգով քերիր: Անօգուտ է: Փնտրիր գուլպաներդ թախտի տակ: Գտար, բայց տարբեր են: Մեկի զույգը սեղանի եզրից է կախված: Սա էլ թղթապանակը: Իսկ բանալին որտե՞ղ է: Ձեռքդ սահեցրու գրպաններդ: Չկա: Պահարանի վրա էլ չէ: Հիշում ես` Միհրդատի մոտ է: Երեկ համառեց, վերցրեց, ասաց` շուտ կգա: Գիշերվա ժամը երեքն էր, երբ հյուրերին էիր ճանապարհում, դեռ չկար: Գնա Միհրդատի ննջասենյակ: Անկողնուն մատ անգամ դիպած չէ: Սենյակի պատն ամբողջությամբ ծածկված է դերասանուհիների նկարներով` ուղիղ ու թեք, կիսամերկ ու…, անաչք ու անդեմ… ատամներդ սեղմիր, դուռը ամուր…(ոչ, ամուր չէ, Մահշիդը կարթնանա) փակիր:Ստիպված Մահշիդի մեքենայով պիտի գնաս: Բանալին նրա նոր վերարկուի գրպանից ես գտնում: Ինչ-որ չեկեր են հայտնվում ձեռքիդ տակ: Հետաքրքասիրությունդ մեծանում է: Թեյ…նեսկաֆե…տաք շոկոլադ…ինչ անհեթեթություն: Վերցրու բանալին, սենյակից դուրս արի: Երկինքը մութ ու լույսի մեջ է: Եղանակը գնալով լավանում է: Բաց մեքենայի դուռը, նստիր: Թղթապանակից հանիր ճմռթած հուշաթերթիկը, մի հայացք նետիր վրան, գցիր կողքի նստարանին: Միացրու ռադիոն: Հաղորդավարն այնպիսի տոնով է խոսում, որ ակամայից ներքաշվում ես նկարագրվող իրադարձությունների մեջ: Մտածում ես` ինչ լավ օր է. երբ հեռախոսի անակնկալ զանգը հանկարծակիի է բերում: Նորից այդ անպատկառն է, ուզում է բանկային քարտիցդ օգտվել: Ինչ էլ ասես` միևնույն է, իր խոսքն է առաջ տանելու: «Գրողի ծոցը, ինչ անում է` անի, էնքան է փողի հետևից վազելու, մինչև հոգին դուրս գա»: Հեռախոսն անջատիր: Ռադիոյի ձայնը բարձրացրու: Մի ձեռքով բռնիր ղեկը, մյուս թևդ կախիր պատուհանից: Զով քամին դեմքիդ է խփում, երազների գիրկն ես ընկնում: Հարկայինի պետի պաշտոն, հետն էլ նախկին քարտուղարուհուդ հետդ տեղափոխելու հնարավորություն: Քարտուղարուհին պետք է իր պետի բնավորությանն ու սովորություններին ծանոթ լինի, իր գործը լավ իմանա: Հանդիպակաց եկող մի մեքենա արագ անցավ կողքովդ: Ազդանշան տուր: «Դու պիտի էշ քշեիր մեքենայի փոխարեն: Ինչու՞ են որոշ մարդիկ այդքան հիմար, մայրուղու վրա նույնիսկ հակառակ ուղղության համար նախատեսված հատվածով են վարում մեքենան: Դրանց կարգ ու կանոն սովորեցնել չի լինի: Պիտի խփես ու ջարդուփշուր անես»: Քամու պաղությունից քեզ ավելի լավ ես զգում: Քիչ անց ևս մի մեքենա սլանալով անցավ, հայհոյում ես նրան. «Մորդ…Սրա նմաններն են քաղաքի երթևեկությունն իրար խառնում, մարդկանց մահվան դուռը հասցնում: Դրանց պիտի մահապատժի ենթարկել: Մի երկուսին, որ գլխատեն, մյուսների խելքը գլուխները կգա»: Ժամացույցին նայիր: Ուշանում ես: Նիստը շատ կարևոր է: Ձգվիր: Հեռվում ստվերներ են երևում, գնալով ավելի ու ավելի են մոտենում: Ծխախոտ դիր շուրթերիդ արանքում, վառիր: Առաջ նայիր, հավատալու բան չէ: Ավելի ուշադիր դիտիր: Մայրուղին լիքն է հանդիպակաց եկող մեքենաներով: Բոլորն էլ քո կողմն են գալիս: Մի կողմ թեքիր մեքենան: Անհասկացողներ: Լույսերն են մարում-միացնում, ազդանշան են տալիս: Ծխախոտդ ընկավ ոտքիդ, հետո գետնին գլորվեց… Ազդրիդ վրա ծակոց զգացիր: Երկու ձեռքով բռնիր ղեկը: Քիչ է մնում աչքերդ դուրս թռչեն ակնախոռոչներից: Մի պահ հայացքդ ընկնում է մայրուղու եզրամասի ցուցանակին: Հակառակ ուղղությունը մատնանշող սլաքն է վրան պատկերված: «Տխմարներ, նույնիսկ ցուցանակներն են սխալ տեղադրում»: Առջևից եկող ավտոբուսն աստիճանաբար մեծանում է: Ամբողջ ուժով ոտքդ սեղմիր արգելակին, ղեկը պտտացրու: Աչքերիդ առաջ բազմաթիվ տեսարաններ են հայտնվում ու անցնում. Բիբի, Մինա, հարկայինի պետ… Անիվների ճռռոց, այրված ռեզինի հոտ, երկաթների բախյուն, ապակիների փշրվելու ձայն ու…այլևս ոչինչ…

Նիլուֆար Մալաքը ժամանակակից իրանական գրականության բազմաթիվ կին ստեղծագործողներից մեկն է: Այս առումով, կարելի է ասել, իրանական գրականությունը նոր շրջան է թևակոխել: Եթե նախանցյալ դարի կին ստեղծագործողներից ամենաճանաչվածը, թերևս միակը` Ֆորուխ Ֆարոխզադն էր, այն էլ պոեզիայի ասպարեզում, ապա 20-րդ դարի կեսերից` Գոլի Թարաղին, Ֆարխանդե Աղային, Միհան Բահրամին, Ֆերեշթե Սարին, Մեհրի Յալֆանին, Շահրանուշ Փարսիփուրը, Ֆարիդե Ռազին, Բանաֆշե Հեջազին ճանաչված ու սիրված են ոչ միայն իրենց հայրենիքում, այլև նրա սահմաններից դուրս:

Պարսկերենից թարգմանեց Նունե Հովհաննիսյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter