HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ի՞նչ հետեւանքներ կունենա դոտացիայի կրճատումը համայնքների վրա

Համայնքապետերն անհանգստացած են, որ 2011 թ. պետբյուջեով կարող է կրճատվել համայնքներին հատկացվող դոտացիաները: Երեկ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը ասել է, որ 910 համայնքներից 230-ը 2010 թ. համեմատ 2011-ին ավելի քիչ դոտացիա կստանան պետությունից։ Արմավիրի մարզի Ջանֆիդա համայնքի ղեկավար Էդիկ Մանուկյանից հետաքրքրվեցինք, թե ինչ հետեւանքներ կունենա դոտացիայի կրճատումն իրենց համայնքի վրա: «Շատ վատ բան կլինի: Դոտացիայով աշխատավարձերն ենք վճարում, ֆինանսական այլ ծախսեր ենք կատարում, եթե կրճատվի, դժվար վիճակ կստեղծվի»,- ասում է գյուղապետը: Նրա ասելով, համայնքներում շատ այլ ծախսեր նույնպես դոտացիայի գումարներով է արվում: Արմավիրի մարզպետարանից մոտ 20 օր առաջ համայնքապետերին ասել են, որ դոտացիայի չափը չի փոխվելու եւ 2011 թ. հատկացվելու է  2010-ի չափով, մինչդեռ ընդամենը մեկ օր առաջ Կառավարության ներկայացուցիչը ճիշտ հակառակն ասաց: Ջանֆիդա համայնքը պետությունից ստանում է մոտ 30 միլիոն դրամ դոտացիա: Իսկ համայնքի սեփական եկամուտները 16 միլիոն դրամ է: «Գյուղում մանկապարտեզ ունենք, համայնքի սեփական եկամուտներով նույնիսկ մանկապարտեզի կարիքները չենք կարող հոգալ: Եթե պետության տրամադրած դոտացիան չլինի, համայնքները գոյություն չեն ունենա: Առանց այդ էլ դրանք մեծ գումարներ չեն»,- ավելացնում է Է. Մանուկյանը: Տարոնիկի համայնքապետ Ալբերտ Խաչատրյանը նույնպես ասաց, որ դոտացիայի կրճատումը վատ հետեւանքներ կունենա իրենց համայնքի համար: «Տեխնիկական հարց էս տալիս, բայց եթե դոտացիան կրճատեն շատ վատ ազդեցություն կունենա: Եթե ֆինանսական մասը պակասի, ուրեմն նշանակում է մարդիկ հետ են գնալու»,- դոտացիայի հավանական կրճատման մասին «Հետքի» հարցին պատասխանում է Ա. Խաչատրյանը: Երբ հարցրի, թե որքան դոտացիա է ստանում Տարոնիկ համայնքը, գյուղապետը բարկացավ. «Այ ցավդ տանեմ, դժվար հարց էս տալիս: Մեծ ազդեցություն կունենա կրճատումը ու վատ հետեւանքներ կունենա, այդքան բան եմ ասում: Լավ, էլ ժամանակ չունեմ»,- ասաց ու անջատեց հեռախոսը: Մինչ գյուղապետերն անհանգստանում էին իրենց համայնքների ֆինանսական դժվարությունների համար, Արագածոտնի մարզի Ռյա-Թազա գյուղի ղեկավար Ահմադ Բրոյանն իր մտահոգությունն էր հայտնում այլ համայնքների համար: «Ռյա-Թազա համայնքի վրա դա չի ազդելու, իսկ համայնքների կեսը դոտացիայի  հաշվին են աշխատավարձեր վճարում ու այդ գումարներով են գոյատեւում: Այդ համայնքները կկանգնեն ֆինանսական լուրջ դժվարությունների առաջ: Մեր համայնքի հաշվին դեռ 12 միլիոն դրամ գումար կա, հոդվածների փոփոխություն կանեմ, խնդիրներ չեմ ունենա: Ռյա-Թազայի վրա չի ազդի, որովհետեւ գյուղապետը Ահմադ Բրոյանն է»,- ասում է նույն ինքը` Ահմադ Բրոյանը:«Այսինքն` առանց այդ դոտացիայի էլ կարող եք աշխատել»:  «Այո, այո ու էլի այո»,- ավելացրեց գյուղապետը: Ռյա-Թազայի բյուջեն 80 տոկոսով արդեն կատարվել է, գյուղապետը համոզված է, որ մինչեւ տարեվերջ 100 տոկոսով կկատարվի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter