Արմեն Ավետիսյանին դատարան չկանչեցին
Մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի տան վրա կատարված ավազակային հարձակման գործով քննությունը Կենտրոնի դատարանում շարունակվում է: Նախորդ նիստում պաշտպանական կողմը միջնորդեց իբրեւ լրացուցիչ վկա դատարան հրավիրել եւ հարցաքննել նաեւ Արմեն Ավետիսյանին, ինչը հնարավորություն կտա պարզելու, թե իրականում վերջինիս տան գողոնն ինչպես է հասել ԱԱԾ, ովքեր են ոմն Կարենն ու Հարություն Ալեքսանյանը:
Հիշեցնենք` Արա Կարապետյանը Հայաստանի ամենախոշոր կոշիկ ներկրողներից էր: Նա դատարանին պատմել է, որ իր խանութի հաճախորդներից մեկը` վրացահայ ոմն Արոլդ, 2008-ի դեկտեմբերին իր մոտ թողել է մի պայուսակ, որի մեջ, ինչպես պարզվել է հետագայում, Ավետիսյանի տան գողոնն է: «Ես խորհրդակցեցի իմ կողմից շատ հարգված ընկերներից մեկի հետ եւ որոշեցինք, որ այդ ամբողջն ուղարկենք Ավետիսյանին: Եվ հաջորդ օրը նա ինձ տվեց մի հեռախոսի համար եւ ասաց, որ դա Ավետիսյանի շատ մտերիմ մարդու համարն է»,- նշել է Կարապետյանը:
Նրա ցուցումով` ամբաստանյալներից Սուրեն Մելքոնյանը պայուսակն անձամբ փոխանցել է նշյալ հեռախոսահամարի տիրոջը` Կարենին: Բայց գործում նշված է, որ պայուսակն ԱԱԾ-ին հանձնել է Հարություն Ալեքսանյանը ու հայտարարել, որ այն պահելու խնդրանքով իրեն տվել է Սուրեն անունով մեկը: Հարությունին դատարանն այդպես էլ չի հարցաքննել. ոստիկանության տվյալներով` նա հանրապետությունում չէ: Իսկ Սուրենը, նայելով վերջինիս լուսանկարին, դատարանում հայտարարեց, որ դա ամենեւին այն մարդը չէ, ում ինքը պայուսակը փոխանցել է:
Արա Կարապետյանը տարակուսում է, թե ինչու Սուրենի եւ Հարությունի միջեւ նախաքննության ժամանակ առերեսում չի անցկացվել, այն դեպքում, երբ Սուրենը հստակ ասել է, որ պայուսակը տվել է Կարենին. «Հարությունը ցուցմունքում գրել է. «Երկու անգամ ուղեղի վիրահատություն եմ տարել, արյունը լցվում էր ուղեղս, եւ ես չեմ կարողանում հիշել: Եթե Սուրենին ինձ ցույց տաք, ես չեմ կարող նրան հիշել»: Ու նման մարդուն դարձրել են գործի գլխավոր վկա»: Կարապետյանը նշեց, որ եթե Արմեն Ավետիսյանը դատարան հրավիրվի, 2-րդ, 3-րդ հարցից հետո ստիպված կասի, թե ով է իր համար Կարենը: «Եթե նա հերքի, ես փաստեր ունեմ, կդնեմ իր եւ ձեր առաջ, ու այդ ապացույցներով կոչնչացվի Հարութի վարկածը,- ասաց Արա Կարապետյանը եւ, դիմելով մեղադրող Հովսեփ Սարգսյանին, հավելեց,- կարծում եմ, որ Դուք Ձեր ձեռքով այն (Հարությունի ցուցմունքը) կպատռեք»: Ամբաստանյալներից Բագրատ Սողոմոնյանն էլ ավելացրեց, որ եթե գողոնն իրականում ԱԱԾ է ուղարկվել մաքսայինի նախկին ղեկավարի տնից, ապա ոչ ոք չի կարող երաշխավորել, որ պայուսակի պարունակությունը չի ավելացել կամ պակասել. «Կամ եթե ապրանքը Արմեն Ավետիսյանի տանն էր, այդքան ժամանակ ԱԱԾ-ն փնտրում էր, իսկ ինքը չէր հանձնում, նշանակում է, որ ինքն էլ է հանցակից»: «Եթե Ավետիսյանը չհարցաքննվի, քրեական գործը մինչեւ վերջ չի բացահայտվի,- շարունակեց Արա Կարապետյանը: - Բա մյուս տուժողներին ինչո՞ւ բերեցիք: Բա ինքը գլխավոր տուժողն է, ինչո՞ւ չեք բերում: Գուցե ասում է, որ Նոր տարուն ես եղել եմ իր տանը ու ես էլ գծել եմ իր տան գծագիրը»:
Կարապետյանը միաժամանակ նշեց, որ մաքսայինի նախկին ղեկավարի հարցաքննությունից կբացահայտվեն կոնկրետ այլ հանգամանքներ եւս, սակայն դրանց մանրամասները, պաշտպանական մարտավարությունից ելնելով, այս պահին չի բարձրաձայնում: «Ես կարծում էի, որ Արմեն Ավետիսյանին դատարան հրավիրելուց առաջ գոնե կմատնանշվեր այն անձը` մտերիմ ընկերը, ում միջոցով Արա Կարապետյանը կապ է հաստատել Ավետիսյանի հետ: Բայց այդ անունն այդպես էլ չհնչեց: Եթե միջնորդեիք սկզբում դատարան հրավիրել այդ մտերիմ ընկերոջը, հետո` Ավետիսյանին, ինձ համար հասկանալի կլիներ: Բայց հիմա հետեւից ենք գալիս: Միգուցե նպատակն այն է, որ Արմեն Ավետիսյանի շուրթերից հնչի այդ «մտերիմ ընկերոջ» անունը»,- առարկությունը ներկայացնելիս ասաց մեղադրող դատախազը, միջնորդությունը համարեց չհիմնավորված եւ ինքնանպատակ ու խնդրեց այն մեժել: Դատավոր Մնացական Մարտիրոսյանն այդպես էլ վարվեց. մաքսայինի նախկին ղեկավարին դատարան կանչելու միջնորդությունը համարեց անհիմն: Իսկ արդեն Կարենի մասով միջնորդություն ներկայացնելիս Արա Կարապետյանը, դիմելով մեղադրողին, նկատեց, թե կյանքում ամենադաժանն այն է, երբ մտածում ես մի բան, բայց ասում բոլորովին այլ բան. «Դուք չգիտեք` ում եմ ես զանգել, ով է մտերիմ ընկերը: Ես հարգում եմ այս դրոշն ու գերբը, բայց այդ անունն ասելու եմ, որովհետեւ ինձնից թանկ ոչ ոք չկա: Ես տալու եմ այդ անունը, ու պատասխանատվությունն արդեն ձեր ուսերին է մնալու»:
Սկզբում նա խնդրեց Կարենին հրավիրել դատարան, որպեսզի պարզվի, թե «տամոժնու որ բաժնում է նա աշխատում», հետո միջնորդեց Կարենի վերաբերյալ ԱԱԾ-ին հարցում ուղարկել: Սրա դեմ մեղադրող Սարգսյանը չառարկեց, իսկ մյուս բոլոր միջնորդություններին նա ուղղակի դեմ էր: Դատավորն էլ պաշտպանական կողմի միջնորդությունների մեծ մասը մերժեց: Բավարարվեց Արա Կարապետյանին պատկանող «Կոշիկի քաղաք» ՍՊԸ-ի երեք աշխատակիցներին դատարան հրավիրելու խնդրանքը: Ըստ պաշտպանական կողմի` նրանց հարցաքննությունից կարող է հայտնի դառնալ վրացի Արոլդի ով լինելն ու գտնվելու վայրը, ինչպես նաեւ այս գործի հետ ունեցած առնչությունը: Իր հայտարարություններից մեկում Արա Կարապետյանն անդրադարձավ նաեւ այս քրեական գործի հետեւանքներից մեկին` տապալվել է իր բիզնեսը, որն ավելի քան 200 մարդու ապահովում էր աշխատատեղով, իսկ պետությունն ամսական առնվազն 38 մլն դրամի հարկ էր ստանում:
«Սուտն ու կեղծիքն էլ չափ ու սահման ունի»,- ասաց գործարար Կարապետյանն ու սկսեց թվարկել մեղադրական եզրակացության մեջ շարադրված բազմաթիվ դրվագներ, «որոնք հայտնվել են` չգիտես որտեղից»:
Մեկնաբանել