HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայագիտության և հայապահպանության հարցերը` Հասմիկ Գուլակյանի գրքում

Հայաստանի Ազգային գրադարանում տեղի է ունեցել Հասմիկ Գուլակյանի «Հայագիտության և հայապահպանության հարցեր» գրքի Ա և Բ հատորների շնորհանդեսը: Ողջունելով ներկաներին` ՀԱԳ փոխտնօրեն Ռաֆիկ Ղազարյանը ներկայացրեց գրքում արծարծված թեմաները և շնորհավորեց հեղինակին: Գրքի խմբագիր Գևորգ Յազըչյանի բնութագրմամբ, աշխատությունը յուրօրինակ մատյան է, ունի դասագրքային արժեք, որտեղ քննարկվում են հայագիտական տարբեր հարցեր` սկսած հայկական ծագումնաբանությունից մինչև լեզվի պահպանության հարցերը: «Էդիթ Պրինտ» հրատարակչության տնօրեն Մկրտիչ Կարապետյանը ողջունեց այն գաղափարը, որ վերջերս սփյուռքյան համաժողովներից մեկի ժամանակ է առաջարկվել. ստեղծել նման գրքերի հրատարակման համար հատուկ հիմնադրամ: ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանի խոսքով, Հ.Գուլակյանն ուժերի ներածին չափով կարողացել է հանրային կարծիքն ապրեցնել: « Նա փորձեց ստեղծել հասարակություն և հայագիտություն կապը, որովհետև շատերի մոտ կա այսպիսի մոտեցում, ըստ որի՝ եթե մեկը տիտղոսներ ունի, տառապում է անսխալականության սինդրոմով, մեկ ուրիշը այլ մասնագետ է, բայց հայագիտության բնագավառում նույնպես ավանդ ունի, նա մուտք չունի այդ ասպարեզ», -ասաց Ա.Մելքոնյանը: Գրքի ծնունդը ողջունեցին բանասիրական գիտությունների դոկտոր Ալբերտ Մուշեղյանը, բանասեր Սերժ Սրապիոնյանը, բանասիրական գիտությունների թեկնածու Դավիթ Գյուլզադյանը և ուրիշներ: Վերջում Հասմիկ Գուլակյանը շնորհակալություն հայտնեց բանախոսներին, խոսեց իր ծրագրերի մասին: Ա հատորը բաղկացած է հետևյալ ենթավերնագրերից` «Հայագիտության հայրենիքը», «Հայոց ծագումնաբանության հարցեր», «Հայագիտության արդի վիճակը և զարգացման հեռանկարները», «Հոբելյանը կարելի է «նշել» նաև այսպես», «Մենք և հեռուստատեսությունը», «Մեր լեզուն մեր հայրենիքն է. 7 զրույց թատերագետ Հենրիկ Հովհաննիսյանի հետ», «Խոսք հիշատակի»։ Հատորում ընդգրկված հայագիտության և հայապահպանության կնճռոտ հիմնահարցերին նվիրված հրապարակումները` անտիպ և տպագրված, նպատակ ունեն արմատախիլ անելու մեր կյանքում տեղ գտած արատավոր, մեզ համար անպատվաբեր և խիստ ամոթալի երևույթները: Այստեղ ներկայացված է 1999-2003թթ. «Հայաստանի Հանրապետություն», «Եթեր», «Հայացք Երևանից», «Իրավունք», «Ալաշկերտ», «Երկիր», «Վասն հայության», «Ռեսպուբլիկա Արմենիա», «Առավոտ», «Հայոց աշխարհ», «Սփիւռք» /Բեյրութ/, «Գոլոս Արմենիի», «Օր», «Երկրապահ», «Գրական թերթ», «Նորաթերթ», «Հայաստան» /Աթենք/, «Լույս» /ԱՄՆ/, «Մարմարա» /Ստամբուլ/, «Յառաջ» /Փարիզ/, «Արաքս» /Թեհրան/, «Զարթօնք» /Բեյրութ/ թերթերում հրապարակված, նաև անտիպ, ռադիոկայաններով հնչած նյութեր, որոնք նվիրված են հայագիտության հիմնախնդիրներին, Հայ դատին և հայապահպանության հարցերին Հայաստանում և Սփյուռքում: Մամուլում տպագրվածները ներկայացվել էին կրճատումներով, իսկ գրքում դրանք զետեղված են ամբողջովին: Ժողովածուի մեջ ընդգրկված հրապարակումների մի զգալի մասն էլ հեռարձակվել է «Գանձասար» աստվածաբանական կենտրոնի «Վեմ» ռադիոկայանով: «Հայագիտության հայրենիքը» խորագրի ներքո ներկայացված են զրույցներ ակադեմիկոսներ Լենդրուշ Խուրշուդյանի, Սերգեյ Աբրահամյանի, Վլադիմիր Բարխուդարյանի, Վ.Բրյուսովի անվան օտար լեզուների համալսարանի ընդհանուր լեզվաբանության ամբիոնի դասախոս Նատալյա Աբրահամյանի, պրոֆեսոր Ռիչարդ Հովհաննիսյանի, Կա Ֆոսկարի համալսարանի հայոց լեզվի և գրականության ամբիոնի հիմնադիր  և ղեկավար հայր Լևոն Զեքիյանի, հայտնի այլ անհատների հետ: «Հայոց ծագումնաբանության հարցերը» խորագրի ներքո ներկայացված են մի շարք մասնագետների` ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող Արմեն Պետրոսյանի, ԵՊՀ դոցենտ Արտակ Մովսիսյանի, կենսաբանական գիտությունների թեկնածու Նվարդ Քոչարի և ուրիշների  դիտարկումները, գնահատականները` հայոց ծագման հարցերի մասին: «Հայագիտության արդի վիճակը և զարգացման հեռանկարները». հայագիտական միջազգային համաժողովի մասին իրենց կարծիքներն են արտահայտել ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, «Մարմարա» թերթի խմբագիր Ռոպեր Հատտեճյանը, աստվածաբանության դոկտոր հայր Մեսրոպ Թոփալյանը, լեզվաբան Դորա Սաքայանը և ուրիշներ: «Մենք և հեռուստատեսությունը» խորագրի ներքո Կանադայի Ս. Հակոբ ազգային վարժարանի մանկավարժ Սոսի Գավասյանի, ակադեմիկոս Լենսեր Աղալովյանի, պրոֆեսոր Ազատ Եղիազարյանի, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Հենրիկ Հովհաննիսյանի, գեղանկարիչ Սարո Կալենցի հետ զրույցում ներկայացված են նրանց դիտարկումները` Հայաստանի ազգային հեռուստատեսության և ընդհանրապես հեռուստաընկերությունների մասին: Այստեղ ուշագրավ է ժողովրդական նկարիչ Արմինե Կալենցի հետ հարցազրույցը, որտեղ նա խոսում է նաև իրական կյանքի, ստեղծագործական աշխարհի, աշխարհընկալման, դժվար օրերում իր «ես»-ին հավատարիմ, մարդկային նկարագիրն անաղարտ պահելով ապրելու մասին: «Խոսք հիշատակի» բաժինը ներկայացնում է հոդվածներ` նվիրված ԵՊՀ դասախոս Լևոն Ներսիսյանի, գիտնական Կոնստանդին Խուդավերդյանի, ՀՀ և ԼՂՀ 1-ին աստիճանի «Մարտական խաչ»-ի ասպետ, «Ազատագրական բանակի» հրամանատար Լեոնիդ Ազգալդյանի, Հայաստանի ազգային ռադիոյի հաղորդավար Թադևոս Բաբայանի, պատմական գիտությունների դոկտոր Երվանդ Գասպարյանի, վաստակավոր մանկավարժ Հասմիկ Հարությունյանի հիշատակին: Գրքի Բ հատորը ներկայացնում է հայ ժողովրդի քաղաքական պատմությանը, հայկական պետականության վերականգնմանը, Հայկական հարցին, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը, հայոց պահանջատիրությանը, հայ-թուրքական հարաբերություններին, հայ ազգային-ազատագրական պայքարին առնչվող հրապարակված և անտիպ նյութեր: Գրքերը լույս են տեսել 2010թ. Երևանում: Մեկենասը սփյուռքահայ Արմինե Կոնդակչյանն էև Էդիթ Պրինտ հրատարակչության տնօրեն Մկրտիչ Կարապետյանը: Այս մասին տեղեկացնում է Ազգային գրադարանի հանրության հետ կապերի և միջոցառումների կազմակերպման բաժինը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter