Վարչապետը շնորհակալություն է հայտնել մասնավոր հատվածի գործընկերներին
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստից առաջ վարչապետը դիմել է ներկաներին. «Հարգելի գործընկերներ, այսօրվա նիստն ուզում եմ սկսել Տաթևի համալիրի խնդրից։ Մենք ձեզ հետ միասին մասնակցեցինք այդ համալիրի բացմանը, ինչպես նաև ճոպանուղու շահագործման սկիզբը դրվեց։ Ցանկանում եմ Հայաստանի Հանրապետության կառավարության անունից շնորհակալություն հայտնել մասնավոր հատվածի մեր գործընկերներին, ովքեր այս տարիների ընթացքում համագործակցելով կառավարության հետ, այդ ծրագիրը դարձրեցին իրականություն։ Համաշխարհային տուրիստական քարտեզի վրա այսօր կա աշխարհի ամենաերկար ճոպանուղին, որը, բնականաբար, էապես բարձրացնում է Հայաստանի տուրիստական գրավչությունը։
Սա մեր կառավարության պետություն-մասնավոր համագործակցության հայեցակարգի խոշորագույն ծրագրերից էր, և դուք գիտեք, որ ծրագիրն իրականացվում էր Ազգային մրցունակության հիմնադրամի ներքո` Հանրապետության նախագահի անմիջական հսկողությամբ։ Նաև ուրախ եմ, որ այս համագործակցության կողմերից մեկը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին էր, որի ջանքերը նույնպես ուղղված էին նրան, որ Տաթևի վերականգնման հիմնադրամը կարողանա հավաքագրել միջոցներ, և այս ծրագիրն իրականություն դառնա։ Պետությունը նույնպես ֆինանսավորել է ծրագրի իրականացումը` և ենթակառուցվածքների ձևավորման, և՛ համապատասխան հանրային լուսաբանման կազմակերպման նպատակով»։
Վարչապետը նշել է, որ «Եվրանյուզ» հեռուստաալիքը հաղորդումներ կհեռարձակի` նվիրված Տաթևի համալիրի բացմանը և ճոպանուղու շահագործմանը. «Այնպես որ և՛ կառավարությունը, և՛ մասնավոր հատվածը բավական լուրջ և մեծածավալ աշխատանք կատարեցին»,- ասել է վարչապետը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել