Ջրային կենդանիների արտահանումով կզբաղվի գյուղնախարարությունը
Լուծում են ստանում գյուղատնտեսության հիմնախնդիրները
Կառավարությունն այսօրվա նիստում որոշել է Հայաստանից Եվրամիության երկրներ ձկան, ջրային կենդանիների, հիդրոբիոնտների և դրանցից ստացված մթերքի արտահանման լիազոր մարմին ճանաչել ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը, հաստատել մթերքների մեջ անասնաբուժական դեղամիջոցների մնացորդային առավելագույն քանակի հսկողության իրականացման համար անհրաժեշտ նմուշառման կարգը, այդ արդյունքների գրանցման ձևաթղթի լրացման իրավասու մարմին ճանաչել ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը։
Գործադիրը հաստատել է կենդանիների, կենդանական ծագման մթերքի, հումքի, կերերի, լրացակերերի, կերային խառնուրդների, կերային հավելումների և սննդամթերքի ներմուծման, արտահանման, հանրապետության տարածքում փոխադրման համար անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի և անվտանգության սերտիֆիկատների տրման կարգը, դրանց փոխադրման, ԱՊՀ երկրներ արտահանման համար տրվող անասնաբուժական սերտիֆիկատների, ՀՀ ներկրվող և ՀՀ-ից արտահանվող սննդամթերքի համար տրվող անվտանգության սերտիֆիկատների ձևերը, որոշել ՀՀ-ից Եվրամության երկրներ արտահանման համար կիրառել Եվրամիության երրորդ երկրներից կենդանիների, կենդանական ծագման մթերքի, հումքի, կերերի, լրացակերերի և սննդամթերքի ներմուծման համար հաստատված առողջության սերտիֆիկատների ձևերը։
Հաջորդ որոշմամբ հաստատվել է կենդանիների, կենդանական ծագման հումքի, մթերքի, կերերի, լրացակերերի, կերային խառնուրդների, կերային հավելումների ներմուծման, արտահանման, տարանցիկ փոխադրման կարգը։
Փոփոխություն և լրացում կատարելով իր նախկին որոշումներից ևս մեկում՝ կառավարությունը հաստատել է անասնաբուժական դեղամիջոցների մնացորդային քանակների հսկողության իրականացման համար անհրաժեշտ կենդանական ծագման մթերքների նմուշառման կարգը, դրանց արդյունքների գրանցման ձևաթղթի լրացման իրավասու մարմին նշանակել ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը, անասնաբուժության բնագավառում արգելել անաբոլիկ ազդեցությամբ օժտված դեղամիջոցների կիրառումը։
«Ընդունված որոշումների այս փաթեթի նպատակն է ստեղծել գյուղատնտեսական մթերքների արտահանման բարենպաստ պայմաններ,- նշել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։ -Այդ գործընթացն ավելի պարզ և դյուրին է դառնում, և մեր գյուղացին կկարողանա անարգել արտահանել իր ստեղծած արտադրանքը»։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել