«ՀՀ աշխատանքի պետական տեսչությունը հասկանալի պատճառներով արդարացրել է քաղաքապետի ապօրինի քայլը»
Այսօր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը նամակ է ուղարկել ՀՀ աշխատանքի պետական տեսչության պետին: Ստորեւ ներկայացնում ենք վերոնշյալ նամակի բովանդակությունը ամբողջությամբ:
«Սույն թվականի սեպտեմբերի 23-ին Ձեզ հղած նամակով խնդրել էի պարզաբանել քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող նախադպրոցական հիմնարկների տնօրենների հետ աշխատանքային պայմանագրերը մեկ տարով կնքելու օրինականության հարցը:
Հոկտեմբերի 13-ի` պարոն Սմբատյանի ստորագրությամբ ինձ ուղղած նամակից եզրակացնում եմ, որ Աշխատանքի պետական տեսչության տեսուչները կամ իրենք են թյուրիմացության մեջ, կամ փորձում են ինձ թյուրիմացության մեջ գցել:
Հարգելիներս, նախադպրոցական հիմնարկները ՀՈԱԿ-ներ են, որոնց կանոնադրության համաձայն, ի տարբերություն հանրակրթական ուսումնական ՊՈԱԿ հաստատությունների, կառավարման խորհուրդ նախատեսված չէ:
ՀՈԱԿ-ները ենթարկվում են տեղական ինքնակառավարման մարմիններին, իսկ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 32-րդ հոդվածի 9-րդ կետի համաձայն` համայնքի ղեկավարը ավագանու որոշմամբ նշանակում եւ ազատում է համայնքի բյուջետային հիմնարկների ղեկավարներին:
Այսինքն` ՀՈԱԿ-ի ղեկավարի պաշտոնը ընտրովի պաշտոն չէ, ինչպես հիմնավորել եք պատասխան նամակում, հետեւաբար 95-րդ հոդվածի 3-րդ կետն այստեղ չի գործում: Սա նշանակում է, որ Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվությունն այն մասին, թե մինչեւ մրցույթի անցկացումը համայնքի ղեկավարը «Նախադպրոցական ուսումնական հաստատություններ» ՀՈԱԿ-ների տնօրենների հետ աշխատանքային պայմանագրերը կնքել է որոշակի ժամկետով, որովհետեւ հաստատված չէ ընտրության (մրցույթի) անցկացման ընթացակարգը, ընդամենը ավելի է հիմնավորում քաղաքապետարանի կողմից կատարված անօրինականության փաստը:
Աշխատանքային օրենսգրքի 95-րդ հոդվածի ոչ 1-ին, ոչ 3-րդ մասով չի հիմնավորվում քաղաքապետարանի կողմից «Նախադպրոցական ուսումնական հաստատություններ» ՀՈԱԿ-ների տնօրենների հետ աշխատանքային պայմանագրերը մեկ տարով կնքելու փաստը:
Ձեզ հիշեցնում եմ Մանկավարժական համալսարանում ՀՀ աշխատանքի պետական տեսչության կողմից 2009 թվականի հոկտեմբերին իրականացված ուսումնասիրության ժամանակ հայտնաբերված խախտումների վերաբերյալ հանձնարարականի 2-րդ կետը. խախտվել է. «ՀՀ աշխատանքային օրենքսգրքի 95-րդ հոդվածի և 3-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի սկզբունքը, այն է` 431 աշխատողների հետ կնքվել են որոշակի ժամկետով (մեկ ուսումնական տարով) աշխատանքային պայմանագրեր` խախտելով աշխատանքային հարաբերությունների կայունության սկզբունքը»:
Տպավորությունս այնպիսին է, որ քաղաքապետի ապօրինի գործողությունը, մեղմ ասած, անհիմն հովանավորվում է Ձեր կողմից, եւ նույն խնդրի վերաբերյալ երկակի մոտեցում եք ցուցաբերել:
Կարծում եմ, որ մեր քաղաքացիների աշխատանքային հարաբերությունների օրինականությունը վերահսկող, ուրեմն նաեւ նրանց աշխատանքային իրավունքները պաշտպանող այնպիսի լուրջ կառույց, ինչպիսին ՀՀ աշխատանքի պետական տեսչությունն է, իր կողմից ստորագրած յուրաքանչյուր փաստաթղթի ազդեցությանը եւ հետեւանքներին պետք է վերաբերի մեծ պատասխանատվությամբ, որովհետեւ դրանց ետեւում մեր քաղաքացիների շահերն են:
Այս պարագայում հասկանալի պատճառներով (առջեւում ընտրություններ են) արդարացրել եք քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող 162 նախադպրոցական հիմնարկների ղեկավարների կախվածության բետոնապատումը քաղաքապետից:
Խնդրում եմ ՀՀ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 7-րդ հոդվածի ա)-գ) կետերի համաձայն` պատկան մարմինների պաշտոնյաների հետ նախատեսել քննարկում, որի մասին ոչ ուշ, քան երեք օր առաջ գրավոր տեղեկացնել ինձ»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել