HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Մեղադրվում է պետական միջոցների յուրացման մեջ

ՀՀ մշակույթի նախարարության «Գուգարք» ՊՓԲԸ-ի տնօրեն Սամվել Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ընկերությանը վստահված պետական միջոցները յուրացնելու, խոշոր չափերի գումարներ հափշտակելու և խոշոր չափերի հարկային պարտավորություններից խուսափելու համար: Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը սկսել է տվյալ գործի դատաքննությունը, արդեն կայացել է երկու դատական նիստ, իսկ հոկտեմբերի 25-ին նշանակված է հաջորդ նիստը: 2006-08թթ. Սամվել Հովսեփյանը, լինելով «Գուգարք» ՊՓԲԸ-ի տնօրեն, «Հուշարձանների վերականգնում ծրագրով» պայմանագրեր է կնքել ՀՀ մշակույթի նախարարության հետ Քոբայրավանք և Հնեվանք վանական համալիրներում վերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Երկու վանական համալիրների համար հատկացված 240.409.000 դրամի դիմաց փաստացի կատարվել է 155.907.700 դրամի աշխատանք: Իսկ Քաղաքաշինության նախարարության կողմից Լոռու մարզի Գարգառի մշակույթի տան վերանորոգման համար հատկացված 105.835.100 դրամից այդ նպատակով ծախսվել է 104.779.600 դրամը: Սամվել Հովսեփյանը նաև առանց հիմնավորումների «Գուգարք» ՊՓԲԸ-ի հաշվեկշռից խոշոր չափերի փոխանցումներ է կատարել իրեն պատկանող «Ջոջ» ՍՊԸ-ի հաշվեկշռին: Ըստ մեղադրանքի` կատարել է նաև այլ օրինախախտումներ. «Գուգարք» ընկերությունում ձևականորեն ձևակերպված գանձապահի աշխատավարձը դուրս է գրել և յուրացրել: «Ջեռուցող» ՍՊԻ-ից հափշտակել է երկու կաթսա և առանց համապատասխան փաստաթղթերի տեղադրել Լոռու մարզի Գարգառ համայնքի մշակույթի տան կաթսայատանը: Որպես «Ջոջ» ՍՊԸ-ի տնօրեն` Լոռու մարզի Լոռի-Բերդ համայնքի ղեկավարից առձեռն գումար է ստացել համայնքի տարածքում հանգստի պուրակ և մանկական խաղահրապարակ կառուցելու համար, բայց նշված գումարը չի փոխանցել ընկերության հաշվեկշռին, իսկ համայնքի ղեկավարին պարտքի ստացական է տվել: Չվճարված աշխատավարձերի դիմաց պարտքի ստացականներ է տվել նաև ընկերության մի խումբ աշխատակիցների և պահանջել ստորագրել աշխատավարձի վճարման տեղեկագրում: Ըստ նախաքննական մարմնի` յուրացման և վատնման միջոցով Սամվել Հովսեփյանը հափշտակել է մոտ 65 մլն դրամ, վստահությունը չարաշահելու եղանակով` 1 մլն100 հազար դրամ գումար և չարամտորեն խուսափել է մոտ 27 մլն դրամի հարկային պարտավորությունները կատարելուց: Սամվել Հովսեփյանը, սակայն, իրեն մեղավոր չի ճանաչում առաջադրված մեղադրանքով: Նրա իրավապաշտպան Ադելինա Հակոբյանի փոխանցմամբ` նույնիսկ համոզված է, որ օբյեկտիվ դատավարության դեպքում դեռ մի բան էլ պետությունն իրեն պարտք կմնա: Ադելինա Հակոբյանն էլ համոզված է, որ պատշաճ ապացույցներ չկան Սամվել Հովսեփյանին մեղադրանք առաջադրելու համար: Նախաքննական մարմնի ներկայացրած թվերը նա ուռճացրած և անիրական է համարում: Փաստաբանը դա իր պաշտպանյալի անփութությանն է վերագրում, որ փաստաթղթորեն չի ձևակերպել կատարված աշխատանքները: Բայց կարծում է` բավական է մասնագիտական համալիր ուսումնասիրություն, որպեսզի պարզվեն իրական թվերը: Փաստաբանը դժգոհում է, որ նախաքննությունը օբյեկտիվ չի ընթացել. թույլատրվել են միայն մեղադրական կողմի գործողությունները. պաշտպանական կողմի միջնորդությունները` առերեսումների, կրկնակի փորձաքննություններ նշանակելու, մեղադրյալին` դրանց և քննչական գործողություններին մասնակից դարձնելու վերաբերյալ, մերժվել են: Այնինչ, կարծում է, որ եթե Սամվել Հովսեփյանը մասնակցեր փորձաքննություններին, նման պատկեր չէր ստացվի: Ըստ նրա` պետք է հաշվի առնվի այն հանգամանքը, որ վերականգնվում են եկեղեցական համալիրներ, որոնք, որպես յուրահատուկ բնագավառ, տարբերվում են հասարակ շինություններից: Այդ կառույցների առանաձնահատկություններից ելնելով` շինարարական աշխատանքներն էլ այլ կերպ են ընթացել: Լրացուցիչ աշխատանքների անհրաժեշտություն է առաջացել: Կատարվել են, օրինակ, ժայռից քարաթափի կանգնեցման, եկեղեցի տանող ճանապարհի կառուցման և այլ աշխատանքներ: Երբեմն միևնույն աշխատանքը մի քանի անգամ է կատարվել, մինչև գոհացրել է պատվիրատուին: Իսկ հավելյալ աշխատանքները հավելյայ ծախսեր են պահանջում: Փաստաբանը պնդում է, որ իր պաշտպանյալը մտադրություն չի ունեցել խաբել աշխատողներին: Իսկ աշխատավարձ չի վճարել ֆինանսական անկայուն վիճակի պատճառով: Փոխարենը պարտավորագրեր է հանձնել նրանց, որպեսզի ֆինանսավորման դեպքում վերադարձնի պարտքերը: Հակառակ դեպքում, ըստ նրա, մինչև քրեական գործի հարուցումը աշխատավարձի մասնակի վճարումներ էլ չէր կատարի: Արժանահավատ չի համարում նաև բանվորների` Սամվել Հովսեփյանի դեմ տված ցուցմունքները` կարծելով, որ դրանք թելադրված են: Նրան այդպես մտածելու հիմք են տալիս բանվորների` դատարանում տված ցուցմունքները, որոնցից պարզ է դառնում, որ շատերը տարրական հասկացողություն չունեն այն երևույթների մասին, որոնց վերաբերյալ հայտարարություններ են տվել նախաքննական մարմնին: Իրավապաշտպանը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ բանվորներին չի բացատրվել նրանց այն իրավունքը, որ մինչև ցուցմունք տալը կարող էին իրենց պահանջը ձևակերպել նախ քաղաքացիական դաշտում` քաղաքացիական հայցով: Բացի այդ, ըստ Ադելինա Հակոբյանի, այդ անձինք ոստիկանության տեղն էլ գիտեին, դատարանի տեղն էլ: Եթե իրենց խաբված զգային, անկախ կրթությունից ու գիտակցական մակարդակից, անպայման կդիմեին համապատասխան ատյաններ, ոչ թե կսպասեին մինչև նախաքննական մարմինն իրենց բերման ենթարկեր: Ինչ վերաբերում է հարկերից միտումնավոր խուսափելուն, փաստաբանն այս մեղադրանքն էլ հիմնավոր չի համարում, քանի որ վերականգնման աշխատանքների ընթացքում հարկային մարմինների կողմից վերահսկողություն է եղել կազմակերպության նկատմամբ: Խախտումների դեպքում դրանց վերաբերյալ ակտեր կկազմվեին, և այդ գումարները կբռանագանձվեին դատական ճանապարհով: Փաստաբանի հավաստիացմամբ` 2007-08թթ. Պետեկամուտների կոմիտեն պարտքուպահանջ չի ունեցել Սամվել Հովսեփյանից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter