HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հաղորդում հանցագործության մասին

2010թ. հոկտեմբերի 18-ին «Հայաստանի Հելսինկյան կոմիտեի» նախագահ Ավետիք Իշխանյանը, «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի նախագահ Արման Դանիելյանը և «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ի նախագահ Արթուր Սաքունցը նամակով դիմել են ՀՀ գլխավոր դատախազ Ա.Հովսեփյանին՝ հաղորդում տալով հանցագործության` անձին ակնհայտ ապօրինի կալանավորելու և ակնհայտ ապօրինի կալանքի տակ պահելու մասին։ Նամակում մասնավորապես ասված է. «2010 թվականի սեպտեմբերի 3-ին ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական դիտորդների խմբի միջոցով Ձեզ ենք դիմել` տեղեկացնելով կատարված հանցագործության մասին և խնդրել` տեղի ունեցածի կապակցությամբ ձեռնարկել համապատասխան միջոցներ և պատժել մեղավորներին։ 2010 թվականի սեպտեմբերի 11-ին թիվ 21/32-570-10 գրությամբ ստացել ենք ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական դիտորդների խմբին հասցեագրված ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի պետի պաշտոնակատար` Ե. Ավագյանի պատասխանը, որն, ըստ էության, անտեսել է մեր կողմից բարձրացված հարցի և կատարված հանցագործության վերաբերյալ օրենքով սահմանված կարգով ընթացքը լուծելու հարցերը: Տվյալ պարագայում, ելնելով այն կանխավարկածից, որ յուրաքանչյուր հանցագործության վերաբերյալ իրավապաշտպան կազմակերպությունների բարձրացրած հարցերը պետք է օրենքով սահմանված կարգով ընթացք ստանան, իսկ մեղավորները պատժվեն, կրկին դիմում ենք Ձեզ կատարված հանցագործության վերաբերյալ սույն հաղորդումը հիմք ընդունելու և ՀՀ քրեական դատավարության օրնսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով ընթացք տալու նպատակով: 2010 թվականի սեպտեմբերի 2-ին ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական դիտորդների խմբի անդամներ` Ավետիք Իշխանյանը, Արթուր Սաքունցը և Արման Դանիելյանը այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ։ Այցելության ընթացքում պարզվել է, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում 2010 թվականի օգոստոսի 5–ից մինչև սեպտեմբերի 1–ը առանց օրենքով նախատեսված հիմքերի պահվել է ՀՀ քաղաքացի Սարգիս Մանուկի Պողոսյանը։ Ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել են հետևյալ փաստաթղթերը. Ազատազրկվածի քարտում նշված է. «Մուտք է եղել հիմնարկ 05.08.2010 թվականին և ազատվել է 01.09.2010 թվականին ՀՀ գլխավոր դատախազության թիվ 21/32-570-10 թվականի գրության համաձայն»: ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մ. Սարգսյանի 05.08.2010 թվականի 21/32-570-10 գրությունը «Նուբարաշենե ՔԿՀ-ի պետ Տ. Նավասարդյանին և պատճենը Քրեակատարողական վարչության պետ Հ. Հարությունյանին. «2010 թվականի օգոստոսի 2-ին ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի ՈԲ աշխատակիցների կողմից ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁՊՎ է տարվել ԱՄՆ իրավապահ մարմինների կողմից 1344 և 1349 հոդվածներով հանցագործություններ կատարելու մեջ կասկածվող 29.07.2010 թվականից հետախուզվող Սարգիս Մանուկի Պողոսյանը: Վերջինս ՀՀ Քր. դատ. օր-ով սահմանված 72 ժամյա ժամկետը լրանալու կապակցությամբ ազատ է արձակվել, քանի որ չի ստացվել խափանման միջոցը կալանք ընտրելու մասին որոշումը: Հաշվի առնելով Ս. Պողոսյանի կողմից կատարված արարքի ծանրությունը, ինչպես նաև ՀՀ գլխավոր դատախազի ցուցումով հանձնարարվում է, հիմք ընդունելով ԱՄՆ ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից 28.07.2010 թվականի «defusion» տեսքով հրապարակված շրջաբերականը կալանքի վերցնել Ս.Պողոսյանին մինչև ԱՄՆ իրավապահ մարմինների կողմից համապատասխան փաստաթղթերի ստացումը»։ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Հ.Թամամյանի 05.08.2010 թվականի N 373-32-98 գրությունը «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետ Տ. Նավասարդյանին. «Ուղարկվում է բանկային խարդախության փորձ կատարելու համար ԱՄՆ իրավապահ մարմինների կողմից հետախուզվող ՀՀ քաղաքացի Ս. Պողոսյանը, 1983 թվականի ծնված ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ պահման ընդունելու և ՀՀ գլխավոր դատախազության վրա հաշվարկելու համար»: ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետ Տ. Նավասարդյանի 06.08.2010 թվականի Ե40/18-3-44-44 գրությունը ՀՀ գլխավոր դատախազության վարչության պետ Վ. Ավետիսյանին. «Հայտնում ենք, որ 05.08.2010 թվականին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ է տեղափոխվել ԱՄՆ քրեական օրենսգրքի 18 պարբերության 1344 և 1349 հոդվածներով հետախուզվող Ս. Պողոսյանը»: 2010 թվականի սեպտեմբերի 1–ին Ս. Պողոսյանը ազատ է արձակվել «Նուբարաշեն» ՔԿՀ–ից ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա. Դանիելյանի «Նուբարաշեն» ՔԿՀ–ի պետ` Տ. Նավասարդյանին ուղղված 21/32-570-10 գրության հիման վրա, որ բերվում է ստորև. «Հանձնարարվում է ԱՄՆ իրավապահ մարմինների կողմից հետախուզվող ՀՀ քաղաքացի Ս. Պողոսյանին ազատ արձակել կալանքից»: ՀՀ սահմանադրության 16-րդ հոդվածի համաձայն` մարդուն կարելի է կալանավորել միայն դատարանի որոշմամբ՝ օրենքով սահմանված կարգով։ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 280-րդ հոդվածի համաձայն` միայն դատարանի որոշման հիման վրա են կիրառվում քրեադատավարական հարկադրանքի միջոցները, որոնցից է կալանքը որպես խափանման միջոց կիրառելը: «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` կալանավորվածներին պահելու վայրերում անձին պահելու հիմքը քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան կայացված դատարանի որոշումն է` կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին: Առանց սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված հիմքերի կալանավորվածներին պահելու վայրերում անձին ընդունելն ու պահելն արգելվում է: «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` կալանավորված անձանց կալանքից անհապաղ ազատում է կալանավորվածներին պահելու վայրի պետը` քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշման հիման վրա: Այսպիսով, ինչպես Ս. Պողոսյանին կալանքի վերցնելը, այնպես էլ նրան կալանքից ազատելը կատարվել են ՀՀ Սահմանադրության և քրեական դատավարության օրենսդրության կոպիտ խախտումներով, քանի որ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ չի հանդիսանում քրեական վարույթն իրականացնող մարմին և իրավասու չէր դիմել «Նուբարաշեն» ՔԿՀ–ի պետին` հանձնարարելով ՀՀ քաղաքացի Ս. Պողոսյանին ազատ արձակել կալանքից: Տվյալ պարագայում, Սարգիս Պողոսյանը «Նուբարաշեն» ՔԿՀ ընդունվել և պահվել է ոչ թե դատարանի որոշմամբ, այլ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի գրության հիման վրա, և այստեղ ՀՀ օրենսդրությունը շատ հստակ է և այլ կարծիք քան այն, որ Սարգիս Պողոսյանը, մեր հաշվարկներով, 28 օր «Նուբարաշեն» ՔԿՀ–ում ապօրինի պահվել է կալանքի տակ չի կարող լինել: «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի համաձայն` կալանավորվածներին պահելու վայրերում օրենքների պահպանման նկատմամբ հսկողությունն իրականացնում են Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը և նրան ենթակա դատախազները` «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Մինչդեռ ՀՀ գլխավոր դատախազությունն է, որ սույն դեպքում խախտել է կալանավորվածներին պահելու վայրերում օրենքների պահպանման իր պարտականությունը և թույլ տվել կոպիտ խախտումներ. մի դեպքում` անձին ապօրինի անազատության մեջ պահելու հրահանգ տալով, իսկ մյուս դեպքում` մեր կողմից հանցագործության փաստի առիթով տրված հաղորդմանը օրենքով սահմանված կարգով ընթացք չտալով: ՀՀ քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ակնհայտ ապօրինի կալանավորելը կամ ակնհայտ ապօրինի կալանքի տակ պահելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով: Տվյալ պարագայում, սույն հաղորդման մեջ նշված պաշտոնատար անձանց գործողություններում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածի 2-րդ մասով չթույլատրված արարքի կատարման հատկանիշներ: Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածները`պահանջում ենք` օրենքով սահմնաված կարգով ընթացք տալ սույն հաղորդմանը և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181-182-րդ հոդվածների կարգով տեղեկացնել ընդունված որոշման մասին»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter