HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեր լեզվի ժառանգությունը

Նարեկ Սէֆէրեան

Լեզուները, ըստ էության, պայմանական համակարգեր են՝ ենթակա սովորելու, սովոր դառնալու: Մեր լեզուն՝ հայերենը, բացառություն չէ այս առումով: Սակայն մեր լեզուն ունի մեկ այլ հատկանիշ. չափազանց հարուստ է իր ժառանգությամբ:

Հայաստանի հասարակության կյանքում ներկա է եւ մատակարարվում է մեր հարուստ լեզվի միայն մի մասը: Արդյոք չարժի՞ ու արդյոք հնարավոր չէ՞, որ Հայաստանի հասարակությունը իմանա գրաբարի, արեւմտահայերենի եւ հայերենի ավանդական ուղղագրության մասին:

Գրաբարն աշխարհի հնագույն լեզուներից է: Իր իսկ ժառանգորդները, իմ կարծիքով, կրում են այն ճիշտ գնահատելու ու մոռացության չմատնելու պատասխանատվությունը: Ավելին՝ մեր ներկա լեզուն առավել ճշգրտորեն հասկանալու եւ օգտագործելու առումով գրաբարի իմացությունը մեծ ազդեցություն կարող է ունենալ: Նաեւ նախնիների հետ եւ նույնիսկ այսօր՝ մեր եկեղեցական արարողությունների հետ, օրինակ, ավելի ամուր կապ հաստատելու համար գրաբարի անգամ չնչին ներածությունը շատ բան կարող է փոխել:

Արեւմտահայերենն իր հերթին կապ է հաստատում մեր ամբողջ ազգի մի զգալի հատվածի հետ՝ ազգակիցներ, որոնց միշտ չէ որ լիիրավ կարողանում ենք հասկանալ մեր երկրում: Նրանցից շատերը դարձյալ արեւելահայերենից կարող են տեղյակ չլինել, բայց, այցելելով Հայաստան, դիտելով հայաստանյան հեռուստահաղորդումներ, որոշ շփում ստանում են ու առնվազն հասնում են հասկացողության այդ որոշ մակարդակին, ինչը ցանկալի կլիներ, որ արեւելահայախոսը փոխադարձաբար հասներ արեւմտահայերենի նկատմամբ: 

Չեմ ուզում ավանդական ուղղագրություն քարոզել այս գրությամբ. առաջ չեմ բերի այն փաստարկները, թե ինչու արժի այն ուսումնասիրել: Ապագան իր վերջնական որոշումը կտա մեր լեզվի ուղղագրական հետաքրքիր ու եզակի խնդրի շուրջ: Ցանկությունը պարզապես այն է, որ Հայաստանի յուրաքանչյուր հայ իմանա ավանդական ուղղագրության մասին, պարզապես տեղեկություն ունենա իր իսկ լեզվի պատմության ու ժառանգության մի կարեւոր մասի նկատմամբ: Գրագիտության ու լեզվի ճիշտ գնահատման մի փոքր բայց նշանակալից քայլ է դա ներկայացնում, իմ կարծիքով:

Այդպիսի ցանկությունն առաջ է գալիս առավել եւս որովհետեւ ներկայումս սպասելի ու միանգամայն հասկանալի եւ չափազանց քաջալերելի հետաքրքրություն կա օտար լեզուների հանդեպ՝ օտար լեզուներ, որոնց ուղղագրական համակարգերը, օրինակի համար, պարզապես խայտառակություն են որեւէ ողջամիտ լեզվի համար (խոսքը անգլերենի մասին է մեծամասնաբար, բայց նաեւ, ինչո՞ւ չէ, ռուսերենի եւ այլ լեզուների):

Չեմ չափազանցի, եթե ասեմ, որ հայերենի ավանդական ուղղագրության ճիշտ կարդալու ձեւը սովորելու համար ընդամենը տասից-քսան րոպե է պէտք: Չարժի՞ այդ տասը կամ քսան րոպեն տրամադրել մեզ: Իհարկե, գրաբարի, արեւմտահայերենի եւ ավանդական ուղղագրության շատ ու շատ մանրամասներ մասնագիտական բնույթ են կրում եւ դժվար են միանգամից հաղորդել լայն ժողովրդական ծավալով: Ինչը ցանկալի է, որ ստանա լայն ժողովրդականություն, այն է, որ Հայաստանի հասարակությունը գնահատի հայոց լեզվի հարուստ ժառանգությունը, որոշ իմացություն ունենա դրա վերաբերյալ, եւ աջակցի առաւել համապարփակ մասնակցությունը դրա նկատմամբ:

Կրկնում եմ. լեզուն սովորության հարց է: Ճիշտ ու սխալ, հին ու արդի չկա այստեղ: Մեր լեզվի ժառանգության դիմաց մեր պատասխանատվության մասին է խոսքը: Կասեի, որ մենք մեզ ենք պարտավոր, եւ դժվար չէ այդ կոչումը իրականացնել: Նաեւ կասկած չունեմ, որ արժանի ենք մենք այդ բոլորին:

Արդյոք անհնարի՞ն է կամ ոչ-գործնական, որ մեր դպրոցներում ներածական դասեր կազմակերպվեն գրաբարի, արեւմտահայերենի ու ավանդական ուղղագրության շուրջ: Չեմ սպասի, որ վաղը, մյուս օրը հանկարծ բոլոր հայ աշակերտները դառնան հայագետ կամ հայերենագետ: Սակայն մեր դպրոցներում չնչին ժամանակ տրամադրելով՝ անգամ ամիսը մեկ ժամ ավարտական տարում որպես ոչ քննելի առարկա, կարելի է պատրաստել ու որոշ չափով դռներ բացել, որպեսզի մի նոր սերունդ առնվազն ավելի տեղյակ լինի իր ազգի եւ անցյալի, եւ ներկայի վերաբերյալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter