Չին լուսանկարիչների գործերի ցուցադրություն` Գյումրիում
«Չինաստան. 30-րդ զուգահեռական» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը երեկ բացվեց Գյումրիի Մերկուրովի անվան տուն-թանգարանում, որը կազմակերպել էր Հայաստանում Չինաստանի դեսպանատունը: Ցուցադրությունը մինչ այդ գործել էր Երեւանում եւ Վանաձորում:
«Մշակույթի նախարարության ցուցահանդեսային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Մհեր Գրիգորյանն իր ելույթում նշեց, որ նմանատիպ ցուցադրություններով Չինաստանի դեսպանատունը նպատակ է հետապնդում հայ ժողովրդին առավել մոտիկից ծանոթացնել չինական մշակույթին, պատմաճարտարապետական կոթողներին եւ գործող արգելոցներին:
Արեւմուտքից արեւելք 30-րդ զուգահեռականի երկայնքով բացվում են բնապատկերներ, որոնք բացի անապատից իրենց մեջ ներառում են աշխարհագրական լանդշֆատի բոլոր տեսակները: Այս լայնության վրա կան 87 պետական նշանակության արգելոցներ, եւ այստեղ է ապրում Չինաստանի բնակչության 1/3-ը: 30-րդ զուգահեռականն անցնում է Չինաստանի ամենախիտ բնակեցված եւ տնտեսապես զարգացած շրջանով` Յան Ցզի գետի ավազանով, որը դեռ հնագույն ժամանակներից համարվել է Չինաստանի ամենակարեւոր տնտեսական շրջաններից մեկը:
Ընդհանրապես Յան Ցզի եւ Խուանխե գետերի ավազանները չինական քաղաքակրթության օրրաններն են: Այս զուգահեռականի երկայնքով կան համաշխարհային մշակութայինի ժառանգության 13 հուշարձաններ, որոնք կազմում են Չինաստանում ներկայումս գտնվող նմանատիպ հուշարձանների 1/3-ը: Այդ արժեքավոր հուշարձանները չին ազգի զարգացման պատմական ուղու վկաներն են, չինական մշակույթի կրողները եւ կամուրջ են Չինաստանի հին ու ներկա պատմության միջեւ:
Լուսանկարներից մեկում պատկերված է Ցինհայ-Տիբեթյան երկաթուղային ճանապարհը: Այն կոչվում է «Երկնային մայրուղի» եւ համարվում է աշխարհի ամենաբարձր երկաթուղին: Այս երկաթուղու շնորհիվ կրճատվել է «Աշխարհի տանիքը» `Ցինհայ-Տիբեթյան սարահարթը: Երկաթուղին լիովին փոխել է սարահարթի բնակիչների կենսակերպը:
Լուսանկաները հնարավորություն են ընձեռում ոչ միայն հիանալու բնապատկերներով, այլեւ հնարավորինս պատկերացում կազմելու այդ զուգահեռականում ապրողների կենցաղի եւ սովորույթների մասին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել