HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Ամենահիշվողը հրաժեշտի պահն էր

Հոկտեմբերի 16-ին Սյունիքի մարզում բացվեց աշխարհի ամենաերկար ճոպանուղին: Ճոպանուղին կապում է Հալիձոր գյուղն ու Տաթեւի վանական համալիրը: «Տաթեւի թեւեր» կոչվող ճոպանուղու երկարությունը 5.7 կմ է: Մեկ տրամվայը կարող է տեղափոխել մինչեւ 25 ուղեւոր: Մեկ ուղղությամբ տեւողությունը 11 րոպե է:

Ճոպանուղու վագոնը մոտենալուն պես հարթակում հավաքվածներս արագացրինք քայլերը` վայրկյան առաջ ներսում հայտնվելու համար: Ասել էին` 25 հոգուց ավելի չի կարելի: Նստողը նստեց, կանգնողը` կանգնեց, բայց դռներն այդպես էլ չփակվեցին: Արտահագուստով տղան, մոտենալով վագոնին, հայտարարեց. «Մենք խնդրեցինք, որ նստողների թիվը 25-ը չանցնի, վագոնում 26 մարդ կա: Թող ձեզանից մեկն ու մեկը դուրս գա, ոչինչ, հաջորդով կգնա»: «Էս ե՞րբ հաշվեցին»,- սրահով զարմացած շշուկներ տարածվեցին: Տաթեւ կայանի աշխատակիցները մոտ 5 րոպե համբերատար սպասում են, թե ով է, ի վերջո, զիջելու: Ես, որ խորքում էի տեղավորված ու արդեն մեկ ուղերթ բաց էի թողել, մտածում էի` եւս քանի՞ րոպե է հարկավոր, որ դռան մոտ կանգնածներից մեկն ու մեկն իր մեջ հաղթահարի հայկական մտածողությունն ու վագոնից քայլ անի հարթակ: 90-ականներին պատմում էին, որ ինքնաթիռով Ռուսաստան մեկնողներն անգամ կանգնած էին տեղ հասնում, ինչպես ուղեւորատար ավտոբուսում: Մտածեցի` երբ օտարերկրացիները ճոպանուղու լիակատար շահագործումը հանձնեն հայերին, ի՞նչ է լինելու, հնարավո՞ր է, որ աչք փակեն մարդկանց քանակի վրա: Իսկ առայժմ ղեկավարման վահանակի մոտ նստածը հայ չէ: Շվեյցարացի կարգավորողն անընդմեջ պահանջում է վագոնում գտնվողների թիվը «բերել նորմայի», որովհետեւ այդպես է պետք:  «Իսկ քաշը կապ չունի՞»,- հարցրի կողքիս նստածին: «Չգիտեմ,- պատասխանեց վերջինս,-ամեն դեպքում դիմացի պատին, որ ուշադրություն դարձնեք, գրված է` 2080 կգ»: Ինչ-որ մեկն, ի վերջո, զիջեց, դուրս եկավ, սակայն դրանից հետո էլ վագոնը տեղից չշարժվեց:

Պարզվեց` բարձրացած քամին ուժգնացել էր, պիտի սպասեինք մինչեւ հանդարտվեր կամ գոնե թուլանար: 15 րոպեի սպասումը հավերժություն թվաց: Հրահանգեցին անջատել բոլոր բջջայինները` բացատրելով, որ դա արվում է մեր իսկ անվտանգության համար, դռները փակվեցին, ու մենք շարժվեցինք դեպի Հալիձորի կայան: Վագոնի սահքն այնքան համաչափ էր, որ եթե ներքեւում փոփոխվող տեսարանները չլինեին, կարելի էր կարծել, թե պարզապես կախված ենք օդում: «Թռչնի թռիչք չի՞ հիշեցնում սա ձեզ»,- լսվեց վագոնում գտնվողներից մեկի` պատասխան չպահանջող հարցը: Իզուր չէ, որ ճոպանուղին կոչվում է «Տաթեւի թեւեր»: Հիշեցի «Տաթեւ» անվան հետ կապված ավանդույթներից մեկը: Ըստ այդ ավանդույթի` վանքային համալիրի Տաթեւ անունը, որ հիմա կրում է նաեւ ճոպանուղին, առաջացել է կառուցող վարպետի ու նրա աշակերտի միջեւ ծագած տարաձայնությունից: Երբ ավարտվում է վանքի գլխավոր տաճարի կառուցումը, մնում է տեղադրել գմբեթի խաչը: Կառույցի շինարարությունը ղեկավարող վարպետի աշակերտը գաղտնի, ժամ առաջ մի գեղեցիկ, տաճարի տեսքին արժանի խաչ է պատրաստում եւ գիշերով այն բարձրացնում գմբեթի վրա: Տեղադրելուց հետո տղան չի հասցնում աննկատ իջնել: Տեսնելով զայրացած վարպետին` աշակերտը գմբեթից թռչում է անդունդ` գոչելով. «Աստված տա-թեւ, տա-թեւ»: Եվ իբրեւ այստեղից էլ առաջացել է Տաթեւ անունը: Վագոնում գտնվող բոլոր ուղեւորները կլանված ներքեւ են նայում: Դեղին, կարմիր, կանաչ, աշնան բոլոր գույներով հագեցած ծառախիտ անտառում հանկարծակի բացված տեսարանն ապշեցնում է` Տաթեւի Հարանց Մեծ անապատի շինություններն են:

Առիթ եղել էր տեսնելու այս հոգեւոր-մշակութային կենտրոնի լուսանկարը, եւ առաջնային ու բնական ցանկությունն այնտեղ հասնելն էր եղել: Գորիսեցի բարեկամներս ստիպված էին մերժել խնդրանքս` բացատրելով, որ մեքենայի համար նորմալ ճանապարհներ չկան: Իսկ ոտքով թեկուզ կես կիլոմետր քայլելը հղի է տարատեսակ կենդանիների հետ հանդիպելու վտանգով: 17-րդ դարի առաջին քառորդում հայոց հոգեւոր վերազարթոնքի գործում անգնահատելի դեր է խաղացել անապատական շարժումը: Այն սկիզբ է առել Հալիձոր գյուղի Հարանց Մեծ անապատից: 1658 թ. ավերիչ երկրաշարժը, որը մեծ վնասներ է հասցրել Հալիձորի անապատի շինություններին, ստիպել է անապատականներին տեղափոխվել այլ վայր` Որոտան գետի հոսանքն ի վեր, որտեղ էլ, Որոտան եւ Տաթեւ գետերի միախառնման վայրում, 1660 թ. հիմնվել է Տաթեւի Հարանց Մեծ անապատը: Հնավայրն ուսումնասիրած Մորուս Հասրաթյանը մենաստանը համարել է ուշ միջնադարյան հայկական ճարտարապետության ամենաարժեքավոր եւ հետաքրքրական հուշարձաններից մեկը:  Ահա այս կառույցի պահպանված շինությունները երեւացին ներքեւում, որի համար երեւի արժեր հաղթահարել բարձրության նկատմամբ ունեցած վախն ու երթեւեկել ճոպանուղով: Ներքեւում բացվող տեսարաններն ինչ-որ տեղ բթացրել էին ժամանակի զգացողությունը: Երբ երեւաց Հալիձոր կայանը, վագոն-խցիկում հնչեցին ծափահարություններ. բարեհաջող տեղ էինք հասել: Հետադարձ ճանապարհին խցիկը կիսով չափ դատարկ էր: Տաթեւ կայանին չհասած` բարձրացած ուժեղ քամուց ճոճվող խցիկը մի պահ խուճապի մատնեց բոլորիս: Վայրկյանական արագությամբ երկինքը պատվեց անձրեւաբեր ամպերով: Քամի, տեղատարափ անձրեւ, ամեն ինչ ծածկված է մշուշով, իսկ մենք դեռ օդում ենք, ապակեպատ խցիկում, թեպետ 100 մետր է մնացել մինչեւ բաղձալի կայանատեղին, սակայն վախը` արդյոք վագոն-խցիկը ճոճքի պատճառով կկարողանա՞ն ընդունել, արդեն իշխող է դառնում: Եվս մի քանի րոպե, եւ մենք ամուր կանգնած ենք մայր հողին: 5,7 կմ երկարությամբ Տաթեւի ճոպանուղին, որ սկիզբ է առնում Հալիձոր գյուղից ու ձգվում մինչեւ Տաթեւ գյուղ, իր դասում աշխարհի ամենաերկար «հետադարձելի» ճոպանուղին է: Ամենաբարձր արագությունը` 37 կմ/ժ, ամենաբարձր կետը` 320 մետր: Գահավիժող կիրճը, որ Տաթեւի վանքային համալիրը բաժանում էր աշխարհից, այսուհետեւ կամրջված էր երկնային ուղով, ու դա էր, որ վայրկյաններ առաջ մենք հաղթահարեցինք` վայելելով ոչ միայն բնության գեղեցիկ տեսարանները: Մեզ ասել էին, թե եղանակային անոմալիաները բնորոշ չեն Տաթեւին, այդ դեպքում ի՞նչ էր սա, զայրույթի պոռթկո՞ւմ, որ ստիպեց վանքի շրջակայքում հավաքված մոտ 800 մարդու հապճեպ լքել տարածքը: Երկնքում, կիրճի վրա կամարված ծիածանն ու ամպերի ետեւից շողացող արեւը դարձան հեռացողների ուղեկիցը: Հրաժեշտը Տաթեւին շատերի համար կլինի ամենահիշվողը` հատկապես բնության տարերքին հանձնված խցիկի ուղեւորներիս համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter