Ճոպանուղին կսկսի աշխատել հոկտեմբերի 23-ից
Տաթեւի ճոպանուղու պաշտոնական բացումից առաջ Հանրային հեռուստատեսությամբ «Ազգային մրցունակության հիմնադրամի» գործադիր տնօրեն Բեկոր Փափազյանը ներողություն էր խնդրել սյունեցիներից` հայտնելով, որ միջոցառումը փակ է, եւ բացման կապակցությամբ համաժողովրդական տոն կլինի հոկտեմբերի 23-ին: Իսկ հոկտեմբերի 16-ը նշանավորվելու էր կառավարական պատվիրակության, 800-ի հասնող արտասահմանցի հյուրերի եւ 50-ից ավելի լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ:
«Ասել են` քթներդ ձեր գյուղերից չհանեք, մի շաբաթ էլ համբերեք, ձեր համար էլ տոն կկազմակերպենք,- վաղօրոք կայացած հեռախոսազրույցի ժամանակ կեսկատակ-կեսլուրջ իրավիճակը ներկայացրեց գորիսեցի ծանոթս ու ավելացրեց,- ոչինչ, դուք հյուր եք, եկեք բացեք գնացեք, մենք տանտերն ենք, կհամբերենք»:
Վիրավորվածության երանգն, ամեն դեպքում, խոսակցության ժամանակ զգացվեց: Հետո տեղում իմացա, որ առավել նեղվել են Հալիձոր եւ Տաթեւ գյուղի բնակիչները: Այս համայնքները ճոպանուղու բացման արարողությանը ներկայացված էին համայնքապետերի միջոցով: Բացման արարողության փակ ձեւաչափն ընտրած միջոցառման կազմակերպիչներն էլ իրենց բացատրությունն ունեին. կար անվտանգության եւ իրավիճակի վերահսկելիության խնդիր, որը 1000-ի հասնող հյուրերի եւ շրջակա 6 գյուղերի բնակիչների ներկայության դեպքում անհնարին կդառնար:
Գորիս-Տաթեւ ճամփաբաժանի հատման կետում անվտանգության աշխատակիցների կողմից համակողմանի ստուգվելուց հետո վանքային համալիրի տարածքում գրեթե անկաշկանդ աշխատելու հնարավորություն ստացանք: Թեպետ հյուրերին եւ լրատվամիջոցներին հատկացված վրանները կողք-կողքի էին, լրագրողներս խիստ հրահանգավորում ունեինք` չմտնել հյուրերի վրանը, չանհանգստացնել հարցազրույց տալու խնդրանքով, զրուցել միայն դրսում: Թերեւս, սա միակ նախապայմանն էր ու միակ արգելքն այդ օրը:
Մինչեւ նախագահի եւ Վեհափառի ժամանումը Տաթեւ, լրատվամիջոցների համար կազմակերպվեցին բացօթյա ասուլիսներ: «Ազգային մրցունակության հիմնադրամի» տնօրեն Բեկոր Փափազյանն, ինչպես միշտ, խոսեց ճոպանուղու նշանակության եւ դերի մասին` նշելով, որ Տաթեւ ժամանած հյուրերն արդեն իսկ խոսում են ապագայում իրականացվելիք ծրագրերի մասին:
«Բայց մենք աշխատելու ենք վերահսկել այդ ծրագրերը, որ բնապահպանական խնդիրներ չառաջանան,- վստահեցրեց Բ. Փափազյանը` պատասխանելով «Հետքի» հարցին,- երբ տնտեսական զարգացում է լինում, շրջակա միջավայրի վրա ազդեցություն միշտ է լինում, բնականաբար, նաեւ` ոչ դրական իմաստով: Միշտ էլ տնտեսականին զուգահեռ առաջանում են բնապահպանական խնդիրներ: Դրա համար մենք ճոպանուղու բացումից անմիջապես հետո Անգլիայից հրավիրել ենք մի մասնագիտական խմբի, որ մեզ հետ պիտի մշակի ամբողջ հարավային առանցքի տուրիստական «մաստեր» պլանը: Այն հստակ ասելու է` որտեղ կարելի է ներդրումներ անել եւ որտեղ չի թույլատրվում, որպեսզի բնապահպանական աղետներ չառաջանան: Դա մենք մինչեւ տարվա վերջ կունենանք: Ինչ վերաբերում է ճոպանուղու անվտանգությանը, ապա ասեմ, որ շվեյցարաավստրիական «Գարավենտա Դոբելմայեր» կազմակերպությունը հարյուրավոր նմանատիպ կառույցների շահագործման փորձ ունի: 100 տոկոսով երաշխավորված է ճոպանուղու անվտանգությունը տարվա բոլոր 4 եղանակներին»:
Բեկոր Փափազյանը նշեց, որ հիմնադրամի զբոսաշրջության զարգացման ծրագրի առաջապահ նախագծերից մեկը կենտրոնացված է 9-րդ դարի կառույց Տաթեւի վանքային համալիրի եւ հարակից տարածքների վրա: Այս ծրագիրը կազմված է մի քանի բաղադրիչներից` համալիրի պահպանում, վանական կյանքի եւ գիտական ավանդույթների վերականգնում, զբոսաշրջային գրավչություն եւ ենթակառուցվածքների զարգացում հարակից 6 գյուղերում:
Ճարտարապետ Գայանե Կասնատին, ով մի քանի տարի առաջ մեծ հաջողությամբ ղեկավարել էր իտալացի ռեստավրատորների խումբը Շիրակի մարզում գտնվող Մարմաշենի վանքային համալիրի վերականգնման աշխատանքների ժամանակ, նաեւ Երերույքի տաճարում կատարել ամրացման որոշակի աշխատանքներ, Տաթեւի վանքային համալիրի հետ կապված որեւէ հստակ ծրագրի մասին չխոսեց: «Մենք առայժմ ուսումնասիրություններ ենք կատարելու»,- հայտնեց Գայանե Կասնատին:
«Տրոյկա Դիալոգ» ընկերության գործադիր տնօրեն, տնօրենների խորհրդի նախագահ, «Ազգային մրցունակության հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի անդամ Ռուբեն Վարդանյանն ասուլիսի մասնակիցներից ամենապահանջվածն ու ամենաքչախոսն էր:
Նա պատասխանեց ընդամենը երկու հարցի: «Սա սուրբ տեղ է, եւ այն պետք է հնարավորինս վերականգնել: Ես երջանիկ եմ, որ այս նախագիծը ստացվեց, մենք ճիշտ ճանապարհին ենք, սա մեծ ծրագիր է, որի հաջողությանը չենք կասկածում: 8 տարի առաջ եղել եմ Տաթեւում ու հասկացել, որ ամեն ինչ պետք է անեմ նրան իր նախկին փառքը վերադարձնելու համար»,- հայտարարեց Ռ. Վարդանյանն ու շնորհակալություն հայտնելով հեռացավ` առաքելությունն ավարտած համարելով:
Քիչ հետո, ինչպես խոստացել էր ավելի վաղ, պատասխանեց «Հետքի» հարցին: Իսկ «Հետքին» հետաքրքրում էր Հալիձոր կայանին կից կառուցվելիք հյուրանոցի համար հալիձորցիներից չափազանց էժան գնով ձեռք բերված տարածքների հետ կապված մեկ տարի առաջ սկսված դատական գործընթացը, որի մի կողմում «Իստեյտ մենեջմենթ ընդ ադմինիսթրեյշն քամփնի» ՓԲԸ-ն է, մյուս կողմում` Հալիձորի 12 բնակիչ:
«Չե՞ք կարծում, որ դատական այս գործընթացը ստվերում է «Տաթեւի վերածնունդ» ծրագիրը, եւ կարելի էր առավել ճիշտ մոտեցում ցուցաբերել` տարածքները ձեռք բերել գոնե կադաստրային արժեքով` խուսափելով աղմուկից»,-հարցը լսելուց հետո Ռուբեն Վարդանյանը ժպտաց: «Դուք ստուգեք` ճի՞շտ են ասում գյուղացիները: Ես ոչինչ չգիտեմ, սիրելիս, ես չեմ զբաղվել, ես ոչինչ չեմ կարող ասել ձեզ»,- պատասխանեց Ռուբեն Վարդանյանը:
«Հետքը» դեռ կանդրադառնա այս խնդրին եւ կփորձի ավելի լավատեղյակ աղբյուրներից ստանալ պատասխաններ:
Ժողովրդական տոնախմբություն հոկտեմբերի 16-ին Տաթեւում այդպես էլ չեղավ, սակայն կային տարբեր միջոցառումներ. ներկայացվեցին ազգային տարազներով թատերականացված փոքրիկ բեմադրություններ: Մի տեղ երկանք էին աղում, մեկ այլ տեղ` սառը թան հյուրասիրում, մեկ այլ տաղավարում հրավիրում էին ճաշակելու Սյունյաց աշխարհի բերքն ու բարիքը: Սա` վանքի շրջակայքում: Իսկ համալիրի տարածքը շրջափակող ցանցապատնեշից այն կողմ Տաթեւ գյուղի բնակիչներն էին, որ մեծ ու փոքրով հավաքվել էին հեռվից հեռու վանքի հարակից տարածքում կատարվող իրադարձություններին հաղորդակից լինելու:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել