Քննարկումներ ՄԱԿ-ում` ներքին տեղահանված անձանց իրավունքների վերաբերյալ
Հոկտեմբերի 21-ին ՄԱԿ կենտրոնատեղիում Ներքին տեղահանված անձանց (IDP) իրավունքների հարցերով ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Վալտեր Կալինը և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների պաշտպանների իրավիճակի հարցերով հատուկ զեկուցող Մարգարետ Սեկագիան քննարկումներ անցկացրին կազմակերպության անդամ-երկրների հետ:
Վալտեր Կալինի հետ հանդիպմանը մեկնաբանություններով հանդես եկան Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունները: Ադրբեջանի պատվիրակությունը հայտարարեց, թե Հայաստանի «ագրեսիայի» և «օկուպացիայի» հետևանքով Ադրբեջանն ունի ներքին տեղահանված անձանց ամենամեծ թիվն աշխարհում, և իր կառավարության մտահոգությունը հայտնեց, որ ներքին տեղահանված անձինք պետք է իրավունք ստանան վերադառնալու իրենց նախկին բնակության վայրերը:
Հայաստանի ներկայացուցիչն իր հերթին անդրադարձավ Ադրբեջանի վարած անհանդուրժողական քաղաքականության, էթնիկ զտումների, բռնությունների և սանձազերծած պատերազմի հետևանքներին, մասնավորապես հարյուր հազարավոր հայ ներքին տեղահանված բնակչության զրկանքներին ու հիմնախնդիրներին` ներկայացնելով Արցախի հիմնախնդրի էությունը և տարածաշրջանային խաղաղությանը միտված Հայաստանի և միջազգային հանրության ջանքերը:
Ի պատասխան Ադրբեջանի բարձրացրած հարցին` ՄԱԿ ԳՔ ներկայացուցիչը հայտարարեց, որ ներքին տեղահանված անձինք նախևառաջ պետք է ունենան իրավունք ընտրելու` վերադառնա՞լ իրենց նախկին բնակության վայրերը, թե՞ ոչ, ու կարևորեց, որ համապատասխան պայմաններ լինեն նրանց վերադարձի համար, ինչի նախադրյալները տարածաշրջանում դեռևս առկա չեն: Կալինը կոչ արեց, որ շահագրգիռ կողմերը նախևառաջ գործադրեն բոլոր ջանքերը խաղաղության համաձայնագիր կնքելու ուղղությամբ, որից հետո միայն հնարավոր կլինի արդյունավետորեն անդրադառնալ խնդրո առարկային:
Վալտեր Կալինը և Մարգարետ Սեկագիան վերջին շրջանում այցելել են Հայաստան: ՄԱԿ-ի Մարդու իրավունքների պաշտպանների իրավիճակի հարցերով հատուկ զեկուցող Մարգարետ Սեկագիան տեղեկացրեց, որ հաջորդ տարվա մարտ ամսին իր Հայաստան կատարած այցն անփոփող ցեկույցը կներկայացնի Ժնևում գործող ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի հերթական նստաշրջանի ընթացքում:
Այս մասին հայտնում է ՀՀ Արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել