
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը նամակ է ուղարկել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին: Նամակում նշվում է.
«Հարգելի պարոն Երիցյան,
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի աշխատակիցների 19.10.2010-21.10.2010թթ. ՀՀ Վայոց Ձորի մարզի Խաչիկ համայնք կատարած այցելության ընթացքում հարց է բարձրացվել, որ համայնքը, լինելով սահմանամերձ գոտի և գլխավոր ճանապարհից հեռու լինելով հանդերձ (հաշվի առնելով նաև ճանապարհի բարդ ռելիեֆն ու ոլորանները), չունի հրշեջ մեքենա:
Որևէ պատահար լինելու դեպքում հրշեջ մեքենան կարող է դեպքի վայր հասնել 2-3 ժամվա ընթացքում: Խնդրի լուծումը ռազմավարական նշանակություն ունի նաև այն պատճառով, որ համայնքում տեղակայված է զինվորական գումարտակ: Բարձրացված հարցը քննարկվել է նաև մարզպետի տեղակալ Ս.Թարվերդյանի հետ, որը, հայտնելով խնդրի կարևորության մասին, հավելել է, որ մինչ Հայաստանի անկախացումը` խորհրդային տարիներին, գյուղում եղել է առանձին հրշեջ մեքենա:
Ղեկավարվելով «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքով ինձ տրված լիզորություններով` խնդրում եմ հանձնարարել քննարկել բարձրացված հարցը և արդյունքների մասին տեղեկացնել»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել