Վերաբացվեց ԱԺ նիստերի վերակառուցված դահլիճը
Այսօր պաշտոնապես վերաբացվել է Ազգային ժողովի նիստերի վերակառուցված դահլիճը: Արարողությանը ներկա են եղել նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն, վարչապետ Տիգրան Սարգսյանը, այլ պաշտոնյաներ, հոգևորականներ: Սերժ Սարգսյանը ԱԺ պատգամավորներին շնորհավորել է ժամանակակից և հարմարավետ դահլիճի բացման կապակցությամբ, գնահատանքի խոսքեր ուղղել վերակառուցման ծրագրին մասնակցած բոլոր անձանց:
Դիմելով պատգամավորներին` Սերժ Սարգսյանն ասել է. «Մեր ժողովրդի ստեղծագործական ձիրքն ու տաղանդը դրսևորվել են մայրաքաղաքի այս հիասքանչ կառույցում` խորհրդարանի շենքում, որը 20-րդ դարի հայ ճարտարապետության լավագույն ձեռքբերումների արտացոլումն է: Վստահ եմ, որ այստեղ երբեք չեն դադարելու մեր պետականության ու ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված ջանքերը»:
Նախագահը նշել է, որ տպավորված է դահլիճով: «Իրոք, մենք ստացել ենք շատ ժամանակակից և աշխատելու համար հարմարավետ դահլիճ: Հաճելի է, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն այսուհետև իր նիստերը կանցկացնի այս նոր դահլիճում, որը վերակառուցվել է` հաշվի առնելով տարբեր երկրների օրինակը»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել