Թաթուլ Մանասերյան. «ՓՄՁ ասելով՝ Հայաստանում հասկանում են առևտուր»
Հայաստանի տնտեսության ներուժը բավականին մեծ է, բայդ տնտեսական պոտենցիալը առայժմ արդյունավետ չի օգտագործվում։ Սա տնտեսագիտության դոկտոր Թաթուլ Մանասերյանի կարծիքն է։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա ասաց, որ կարողությունը, որ ունի Հայաստանի տնտեսությունը, առաջին հերթին թաքնված է ստվերում: «Եթե ասում ենք՝ տնտեսությունն աճում է շատ համեստ, երկչոտ տեմպերով, ապա ստվերային տնտեսությունը դրա քառապատիկ, հնգապատիկ ավելի մեծ տեմպերով։ Հարկվող տնտեսությունը շատ ավելի մեծ տեղ է զբաղեցնում ՀՀ-ում»,- ասաց տնտեսագետը։
Դրանից զատ, ըստ Թ. Մանասերյանի, և գործարարների, և բնակչության շրջանում ժամանակավորապես ազատ դրամական միջոցները ճիշտ չեն օգտագործվում։ Մինչդեռ դրանք կարելի է ներգրավել և ավելի ցածր տոկոսադրույքով տրամադրել վարկերի կարիք ունեցող գործարարներին՝ ՓՄՁ-ներին, իսկ առևտրային բանկերի բարձր տոկոսադրույքները չեն նպատսում տնտեսության իրական հատվածի աշխուժացմանը։ Նա շեշտեց, որ այս փուլում, երբ բանկերը պետական գումարներ են օգտագործում, այդ թվում նաև փոխառնված գումարներ միջազգային կառույցներից և այլ երկրների կառավարություններից, պետությունը պետք է պարտադրի խաղի կանոններ։
«Հետքի» հարցին, թե ինչպես է տնտեսագետը գնահատում կառավարության իրականացրած հակաճգնաժամային ծրագրերի շրջանակներում ՓՄՁ-ների վարկավորման գործընթացը, պատասխանեց, որ ՓՄՁ-ների ծրագիրը ընդհանուր առմամբ կարող է նպաստել ճգնաժամի հաղթահարմանը, բայց դա ավելի երկար վաղեմություն ունի. «Եթե տնտեսական աճի տեմպերը չեն վերածվում մարդկային զարգացման, ապա դա անվանել տնտեսական աճ չենք կարող։ Եթե տնտեսությունը զարգանում է խոշոր բիզնեսով, դա ևս տնտեսության զարգացում անվանել չենք արող, այլ կարող ենք խոշոր բիզնեսի զարգացում անվանել։ Եթե բանկերը շահույթով են, իսկ իրական հատվածը չի կարող հասցնել մարել տոկոսադրույքները, ուր մնաց մայր գումարը, և լուրջ վերադարձելիության խնդիր ունի, մենք չենք կարող խոսել բանկային համակարգի ըստ էության ինտեգրման մասին ընդհանուր տնտեսությանը»։
Թաթուլ Մանասերյանը կարծում է, որ ՓՄՁ-ների զարգացումը պետք է ունենա հստակ թիրախներ, մինչդեռ ՓՄՁ ասելով հայաստանում հասկանում են առևտուր։ Առաջին հերթին պետք է լինեն փոքր արտադրությունները, որոնք հետագայում կզարգանան։ «Դրան պետք է ուղղվի ամբողջ տնտեսական քաղաքականությունը, այլ ոչ թե միայն հիմնադրամ ստեղծվի, որը ոմանց համար անհայտ սկզբունքներով կամ ճանապարհներով կարող է կատարել տվյալ տարվա բոյւջեով նախատեսված պլանը, բաշխել եկամուտները, բայց ըստ մարզերի եթե նայենք, ըստ համայնքների եթե նայենք, բնավ ոչ մի առաջընթաց չենք արձանագրի»,- հավելում է տնտեսագետը։
Ավելին, նա նշում է, որ երբ խոսում են տնտեսության զարգացման մասին, պետք է սկսել փոքր մասշտաբներից՝ որևէ գյուղից, ամեն ինչ ուղղել այնտեղ, ռեսուրսները ճիշտ օգտագործել, հետո եթե փորձը հաջողվեց, ապա նոր ընդլայնել հանրապետության մասշտաբով։ «Արդեն 18 տարի է՝ Հայաստանի տնտեսությունը փորձադաշտի է վերածվել, և եթե չի ստացվում որևէ բան ոչ ոք պատասխանատվություն չի կրում, լավագույն դեպքում կարող են լինել հրաժարականներ»,- ավելացնում է Թաթուլ Մանասերյանը։
Մյուս աղբյուրը, տնտեսագետի խոսքերով, սփյուռքի մասնագիտական կարողության օգտագործումն է, որն առայժմ հաշվառված չէ և պատկերացում չունեն սփյուռքի տնտեսական հզորության մասին։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել