HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Հայաստանի Հանրապետությունը խախտել է Օրհուսի կոնվենցիան

ՄԱԿ-ի եվրոպական տնտեսագիտական հանձնաժողովը, որի նստավայրը գտնվում է Ժնեւում, քննելով Թեղուտի հարցի վերաբերյալ Հայաստանի երեք հ/կ-ների` «Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն», «Էկոդար» եւ «Վանաձորի հելսինկյան քաղաքացիական  անսամբլեայի» դիմումները` Թեղուտի հանքավայրի շահագործման ծրագրի` Օրհուսի կոնվենցիայի մի շարք հոդվածներ խախտելու վերաբերյալ, եզրակացրել է, որ Հայաստանի Հանրապետությունը խախտել է Կոնվենցիան:

Կոմիտեի եզրակացության համաձայն` ՀՀ օրենսդրության եւ պրակտիկայի մեջ դեռ կան թերություններ, որոնց պատճառով մասնակից պետությունը սույն գործով չի կատարել Օրհուսի կոնվենցիայի 3-րդ հոդվածի 1-ին կետի պահանջը` հանրության մասնակցության առնչությամբ, ինչպես նաեւ` Կոնվենցայի 6-րդ հոդվածի 2-րդ, 4-րդ եւ 9-րդ կետերի պահանջները` հանրությանը ժամանակին եւ վաղ ծանուցելու Կոնվենցիայով նախատեսված պարտավորությունը: ՄԱԿ-ի եվրոպական տնտեսագիտական հանձնաժողովում, որին կարող են դիմել հ/կ-ները Մասնակից պետությունում Կոնվենցիայի դրույթների կիրառումը վիճարկելու համար, դիմող կազմակերպություններին ներկայացրել է փաստաբան Հայկ Ալումյանը, իսկ ՀՀ Կառավարությանը ներկայացրել է Հայաստանում Օրհուսի կոնվեցիայի համակարգող Աիդա Իսկոյանը: Հկ-ների դիմումի հիմքում Թեղուտի հանքավայրի շահագործման ծրագիրն է, որով ՀՀ Կառավարությունը 25 տարվա շահագործման լիցենզիա շնորհեց «Մանեքս եւ Վալեքս» ՓԲԸ-ին` Լոռու մարզի Թեղուտ եւ Շնող գյուղերի հարեւանությամբ հայտնաբերված պղնձի եւ մոլիբդենի պաշարները արդյունահանելու համար: «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» եւ «Էկոդար» կազմակերպությունները Կոնվենցիայի խախտումները շուրջ երկու տարի վիճարկում են ներպետական դատարաններում: Վարչական դատարանը սկզբում հրաժարվում էր քննել նրանց հայցադիմումը` պատճառաբանելով, որ նրանք պատշաճ հայցվոր չեն: Այնուհետեւ, Վճռաբեկ դատարան բողոքարկելուց հետո վերադաս դատարանի ցուցումով քննելով հայցը մերժեց այն հիմքով, որ ՙվերջինս իրավասու չէ հարցականի տակ դնելու իրավասու մարմինների կայացրած բնապահպանական որոշումները: Վարչական դատարանի այս վճռի դեմ բերված վճռաբեկ բողոքը ընդունվել է վարույթ 2010 թ. մայիսի 29-ին, սակայն առ այսօր որոշում չի կայացվել: Ենթադրաբար, Վճռաբեկ դատարանում նույնպես սպասել են Հանձնաժողովի եզրակացությանը: Հայկ Ալումյանին ուղղված մեր հարցին, թե ինչ հետեւանք կարող է առաջացնել Հանձնաժողովի եզրակացությունը, փաստաբանը պատասխանեց. «Այսուհետ դատարանը չի կարող կասկածի տակ դնել, որ Կոնվենցիայով երաշխավորված իրավունքները ՀՀ-ում խախտվել են»: Հանձնաժողովը անդրադառնալով ՀՀ-ի ներկայացրած առարկություններին դիմողների ներկայացրած փաստարկների վերաբերյալ, հայտնել է. 1. Կոմիտեն գտնում է, որ մասնակից պետությունը չի ապահովել հստակ, թափանցիկ եւ միասնական դաշտ հանրության մասնակցության  առնչությամբ Կոնվենցիայի 3-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դրույթների եւ պահանջների կատարման համար: 2. Կոմիտեն գտնում է, որ հանքարդյունահանման ծրագրին առնչվող ՇՄԱՓ փաստաթղթերն ուսումնասիրելու համար մեկշաբաթյա ժամկետը Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ կետի իմաստով վաղ ծանուցում չէ, քանի որ այն շահագրգիռ հանրությանը տեխնիկական բնույթի մեծածավալ փաստաթղթերին ծանոթանալու եւ արդյունավետորեն մասնակցելու համար բավականաչափ ժամանակ չի ընձեռում եւ այլն: Կոմիտեն գտնում է, որ ՀՀ-ն չի կատարել շրջակա միջավայրի վերաբերյալ որոշումների կայացման մասով հանրությանը ժամանակին եւ վաղ ծանուցելու` Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված պարտավորությունը: ՇՄԱՓ-ի մասին ՀՀ օրենքի համաձայն շրջակա միջավայրի փորձաքննության մասնագիտական եզրակացությունները պետք է հրապարակվեն, եւ շահագրգիռ կողմերը պետք է ծանուցվեն: «Չկան փաստական ապացույցներ առ այն, որ 2006 թ. ապրիլի 3-ի դրական եզրակացությունը ՇՄԱՓ-ի փաստաթղթերի վերաբերյալ կամ 2006 թ. նոյեմբերի 7-ի դրական եզրակացությունը նախագծի աշխատանքային փաստաթղթերի վերաբերյալ հրապարակվել են կամ որ շահագրգիռ հանրությունը համապատասխան կարգով տեղեկացվել է` Հայաստանի օրենքի եւ Կոնվենցիայի պահանջներին համահունչ: Բնապահպանության նախարարության ինտերնետայի կայքը պարունակում է ծանուցումներ հանրային լսումների անցկացման վայրի մասին, սակայն չի պարունակում տեղեկություններ նախարարության կայացրած որոշումների մասին: Կոմիտեն գտնում է, որ Մասնակից պետությունը չի կատարել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 9-րդ մասի պահանջը»,- եզրակացրել է Հանձնաժողովը: Կոմիտեն եզրակացությունից բացի նաեւ հանձնարարականներ է տվել Հայաստանի հանրապետությանը. «խորհուրդ» է տվել ձեռնարկել օրենսդրական, կարգավորիչ եւ վարչական անհրաժեշտ միջոցներ` կատարելու գործնական քայլեր Կոնվենցիայի կիրակումը բարելավելու նպատակով: Մասնավորապես, իրականացնել անհրաժեշտ օրենսդրական միջոցառումներ, որոնցով կապահովվի Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության (ՇՄԱՓ) ընթացակարգի ենթակա գործունեության նվազագույն շեմերի հստակ սահմանումը, ապահովել որոշումների կայացման գործընթացում հանրության հնարավորինս վաղ իրազեկումը, երբ բոլոր տարբերակները դեռ հնարավոր են եւ սահմանել ողջամիտ ժամկետներ, որոնցում հանրությունը կկարողանա ծանոթանալ նախագծին առնչվող փաստաթղթերին եւ մեկնաբանություններ ներկայացնել դրանց վերաբերյալ: Կազմակերպել կոնկրետ ծրագրերի ՇՄԱՓ փաստաթղթերի բնապահպանական փորձաքննության վերջնական եզրակացությունների մասին շահագրգիռ հանրությանն անհապաղ ծանուցելու համակարգ, օրինակ, բնապահպանության նախարարության ինտերնետային կայքի միջոցով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter