HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները պահանջում են ճանաչել Արցախի Հանրապետությունը

Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում արցախյան օրակարգով քաղաքացիական ժողովի նախաձեռնող խմբի ներկայացուցիչներ Տիգրան Փաշաբեզյանը («Ուխտ Արարատի» հասարակական նախաձեռնություն, Երևան), Սամվել Սեդրակյանը («Ազատ Հայք» հասարակական կազմակերպություն, Երևան) և Արմեն Ռաքեդջյանը («Աղավնի» հասարակական կազմակերպություն, Շուշի) ներկայացրին նախորդ օրը ՀՀ գրողների միության տան մեծ դահլիճում տեղի ունեցած քաղաքացիական ժողովի արդյունքները: Նախաձեռնության ներկայացուցիչները նշեցին, որ ժողովը լեցուն դահլիճում ընթացել է բարձր ոգևորության, լայն բազմակարծության մթնոլորտում: Ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ գրողների միության նախագահ Լևոն Անանյանը և Մշակույթի հայկական հիմնադրամի նախագահ Արևշատ Ավագյանը: Բացի հիմնական 7 զեկույցից` օրակարգային հարցերի շուրջ իրենց բանավոր կամ գրավոր դիրքորոշումն են ներկայացրել նաև «Ժառանգություն», ՀՅԴ, ՀՌԱԿ, ԺՈՒԿ,  «Սոցուժերի միություն» կուսակցությունների և «Հայկական ընտրություն» նախաձեռնող խմբի ներկայացուցիչները: Ապա տեղի է ունեցել բաց քննարկում, որի ընթացքում ելույթ ունեցած մտավորականները, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները իրենց մտահոգությունն են հայտնել Արցախի Հանրապետության առջև ծառացած մարտահրավերների կապակցությամբ` կարևորելով դրանց արդյունավետորեն դիմակայելու անհրաժեշտությունը: Քաղաքացիական ժողովի արդյունքներով ևս 6 կազմակերպության միանալուց հետո նախաձեռնող խմբի անդամների ընդհանուր թիվը հասել է 40-ի: Նախաձեռնող խումբը բաց է նոր անդամակցողների առջև: Նախաձեռնող խմբի` Քաղաքացիական ժողովից հետո տեղի ունեցած աշխատանքային քննարկման արդյունքում որոշվել է վերակազմակերպվել մշտապես գործող ձևաչափի, ինչպեսև ընդունվել է հետևյալ հայտարարությունը: Արցախյան օրակարգով քաղաքացիական ժողովի նախաձեռնող խմբի հայտարարությունը Ընդունվել է 2010թ. հոկտեմբերի 21-ին տեղի ունեցած արցախյան օրակարգով քաղաքացիական ժողովի աշխատանքների ամփոփման արդյունքում Մենք` արցախյան օրակարգով քաղաքացիական ժողովի նախաձեռնող խմբի անդամներս, համարում ենք, որ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունը թե իր հռչակումից անմիջապես հետո և թե այժմ` դրանից գրեթե 20 տարի անց, ունի բոլոր իրավական, քաղաքական և բարոյական հիմքերը Հայաստանի Հանրապետության և միջազգային հանրության կողմից իր անկախության ճանաչման համար: ԼՂՀ ճանաչված չլինելը խոչընդոտում է հանրապետության զարգացմանն ու առաջընթացին, միջազգային մշակութային համագործակցությանը, Արցախի քաղաքացիների տնտեսական, սոցիալական, մշակութային, քաղաքական և քաղաքացիական իրավունքների լիարժեք իրականացմանը: Արցախի բնակչության կրկնակի կամարտահայտման արդյունքում ձևավորված անկախությունն ու ինքնիշխանությունը ինքնին արժեք են, իսկ դրա ճանաչումը չի կարող լինել ոչ սակարկման առարկա և ոչ էլ դրա արդյունք: Հայաստանի Հանրապետությունը և միջազգային հանրությունը պետք է օր առաջ ճանաչեն Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունը: Մենք անընդունելի ենք համարում, առանց Արցախի պաշտոնական ներկայացուցիչների մասնակցության, միջազգային ցանկացած ձևաչափով նրան վերաբերող խնդիրների քննարկումը, ինչպեսև բանակցային սեղանին դրված մադրիդյան սկզբունքները, որոնք կասկածի տակ են դնում ԼՂՀ ինքնիշխանությունը և իր Սահմանադրությամբ հաստատված տարածքային ամբողջականությունը: Մինսկի խմբին առաջարկում ենք հակամարտության խաղաղ կարգավորումը քաղաքական դաշտից տեղափոխել իրավական դաշտ` «Միջազգային բախումների խաղաղ կարգավորման մասին» 1907թ. հոկտեմբերի 18-ի Հաագայի կոնվենցիայում ամրագրված լուծումներին և քայլերին համապատասխան: Հայաստանի քաղաքացիական հասարակությունը պետք է իր օժանդակությունը ցուցաբերի Արցախի քաղաքացիական հասարակության հանրակարգերի և ժողովրդավարության զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության  գործում: Հայաստանի, Սփյուռքի և Արցախի համատեղ ներգրավմամբ պետք է մշակվի հստակ համազգային ծրագիր` առաջիկա տարիներին Արցախի բնակչությունը բազմապատկելու, Ադրբեջանից մազապուրծ հայ փախստականներին Արցախում բնակեցնելու, ինչպես նաև ապօրինաբար Ադրբեջանի վերահսկողության տակ մնացած հայկական ազգային օջախներին, հոգևոր և նյութական արժեքներին վերատիրանալու ուղղությամբ: Մենք պահանջում ենք պետական մակարդակով մշակել և ընդունել Արցախի Հանրապետության` որպես հայկական անկախ պետականության կայացման, ամրապնդման ու միջազգային ճանաչման հայեցակարգ և Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների միջև փոխազդեցության և փոխհարաբերությունների ապագա տեսակին ու բնույթին վերաբերող ռազմավարություն: 22 հոկտեմբերի 2010թ., Երևան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter