Տնտեսագետի կարծիքով՝ ՀՆԱ-ի աճը երկնիշ թիվ չի կազմի
Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ձեռնպահ մնաց 2011թ.-ի բյուջեի նախագիծը որևէ կերպ որակելուց, այլ նշեց, որ այն ձևավորվում է դժվար ժամանակահատվածում` ոչ միանշանակ գնահատվող պայմաններում։ Թաթուլ Մանասերյանը հավելեց, որ Հայաստանի տնտեսության մեջ ներկայումս հակասական միտումներ են նկատվում, մի կողմից` աշխուժացման որոշ գործընթացներ, որը նա չշտապեց պայմանավորել Հայաստանի ներքին ռեսուրսների արդյունավետ օգտագործմամբ, այլ պայմանավորեց համաշխարհային շուկայում գների որոշ ապրանքատեսակների` պղնձի, մոլիբդենի և այլ ապրանքների հանդեպ պահանջարկի աճով:
Այս առումով տնտեսագետը նշեց, որ որքան արդյունաբերական ոլորտը աճ է գրանցել, այնքան էլ դեռ խոցելի է, այսինքն` պետք է դիվերսիֆիկացնել համախառն ներքին արդյունքի կառուցվածքը, որպեսզի կախվածությունը 1-2 ճյուղից խիստ անդրադարձ չունենա ընդհանուր տնտեսության վրա: Նա նշեց, որ էներգետիկայի մոտ 17 %, ինչպես նաև շինարարության և ծառայությունների մատուցման ոլորտի աննշան աճով էլ սահմանափակվում են աճի տեմպերը:
Թաթուլ Մանասերյանը նկատեց, որ գյուղատնտեսական ոլորտի անկումը լուրջ ազդեցություն է թողել տնտեսության վերականգնման վրա։ 2011-ին նախատեսվում է նույն ոլորտը բարձրացնել 10-11 տոկոսով, սակայն, հաշվի առնելով անկման տեմպերը, տնտեսագետը ձեռնպահ մնաց դա աճ անվանելուց, որովհետև եթե գյուղատնտեսությունը 23 տոկոս անկում է արձանագրել, ապա գրեթե կիսով չափ հազիվ վերականգնվի:
Այն, որ գյուղատնտեսության անկումը կապում են բնակլիմայական անբարենպաստ պայմանների հետ, Թաթուլ Մանասերյանը բնական ու օբյեկտիվ պատճառ համարեց՝ չնայած նման իրավիճակ առաջին տարին չէ Հայաստանում գրանցվում, և նման խոչընդոտներ եղել են նախկինում։ Տնտեսագետը նկատեց, որ եթե մշակված լինի արդյուանվետ քաղաքականություն, ապա կարելի կլինի խուսափել նաև նման խնդիրներից։
«Գյուղատնտեսության ոլորտը ղեկավարող բոլոր քաղաքական ուժերին ես առիթ եմ ունեցել ուղղել հարցադրումներ առ այն, թե ՀՀ-ն Առևտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցելուց ի վեր ի՞նչ ծրագիր է իրականացրել, որը միտված պետք է լիներ ոլորտի մրցունակության բարձրացմանը»,- ասաց Թ. Մանասերյանը և նշեց, որ հարկավոր է պատասխանել նաև հարցին, թե պե՞տք է երկրին գյուղատնտեսությունը, թե՞ ոչ։
Ավելին, լավագույն տարիներին գյուղատնտեսության ոլորտը տվել է ՀՆԱ-ի շուրջ 20 տոկոսը, ինչը խոսում է ներկայումս իրականացվող ոչ թե ոչ արդյունավետ քաղաքականության, այլ քաղաքականության բացակայության մասին։ «Անկախ բնակլիմայական պայմաններից գյուղացին պետք է պաշտպանված զգա նման ցնցումներից»,- եզրակացրեց Թաթուլ Մանասերյանը։
Նա նաև փաստեց, որ գյուղատնտեսության ոլորտը մեծ շռայլություն է ցանկացած պետության համար, որովհետև ցանկացած զարգացած երկիր առանց սուբսիդավորման չի կարող պահել այդ ոլորտը։ Իսկ Հայաստանը չի կարող այս փուլում նման շռայլություն թույլ տալ, ուստի անհրաժեշտ է, որ համայնքները կյանքի կոչեն համայնքների համաչափ զարգացման ծրագիրը։
«ՀՀ-ում դեռևս հստակ չեն ձևակերպվել գերակա նպատակները, դեռևս չեն բացահայտվել մրցակցային առավելությունները, իսկ առանց դրա մենք չենք կարող նպատակներ դնել,- ավելացնում է տնտեսագետը,- այսինքն՝ դրանից առաջ մենք պետք է պարզենք, թե ինչ չափորոշիչներով պետք է ընտրել մրցակցային առավելությունները, այդ ինչն է, որ Հայաստանը կարող է ավելի լավ արտադրել, քան հարևան երկրները։ Այդ պարագայում հնարավոր կլինի ճիշտ և արդյունավետ օգտագործել մեր ռեսուրսները»։
Տնտեսագետի գնահատմամբ, առայժմ դրա մասին խոսք լինել չի կարող, այդ իսկ պատճառով ՀՆԱ-ն չի դիվերսիֆիկացվել, և 1 կամ 2 ճյուղի զարգացումը կամ անկումը կարող է խիստ անդրադարձ ունենալ մնացած ճյուղերի ընդհանուր զարգացման վրա. դրա վառ օրինակն ադամանդագործությունն էր, որի անկումը անկման բերեց նաև ողջ արտահանման ծավալները։
ՀՆԱ-ի աճը մինչև տարեվերջ, ըստ տնտեսագետի, երկնիշ թիվ չի կազմի, հստակ կանխատեսումներ անել չցանկացավ՝ հիմնավորելով, որ Հայաստանի տնտեսությունը խոցելի է և կախված արտաքին ազդակներից այն պատճառով, որ Հայաստանն ավելի շատ ներմուծող, քան արտահանող երկիր է։ Ներմուծվող ապրանքների զգալի հատվածի գները, երբ փոքր ինչ տատանումներ են լինում համաշխարհային շուկայում, Հայաստանում կրկնապատկավում կամ եռապատկվում են, ընդ որում՝ սպառողի գրպանի հաշվին։
«8.8 տոկոս տնտեսական աճի տեմպերից հետո եթե որևէ մեկը ասեր, որ կարող է լինել 2.8 տոկոս, նա կդիտվեր ամենակարկառուն ընդդիմադիր գործիչը ՀՀ-ում, բայց իրականությունն այն է, որ դրա մասին խոսում են հենց պաշտոնական տվյալները և վիճակագրությունը»,- ամփոփեց Թաթուլ Մանասերյանը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել