HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ջրային խնդիրը» բարդացնում է ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացը

Հայկական կողմը մտահոգվում է, որ Ղարաբաղի ապագա կարգավիճակի վերաբերյալ բանակցային գործընթացը կարող է սպառնալիք դառնալ ջրային անվտանգության համար Քարվաճառի բնակիչները պարծենում են իրենց ջրի որակով եւ քանակությամբ: «Մեր ջուրն ամենահամեղ եւ կատարելապես մաքուր ջուրն է, որը ֆիլտրման կարիք չունի, նույնիսկ գետից կարելի է ջուր խմել: Բացի դրանից մեզ մոտ` Քարվաճառում, ի տարբերություն Ղարաբաղի շատ այլ քաղաքների եւ շրջանների, ջրամատակարարումը շուրջօրյա է»,- ասում է Ալեքսանդր Քանանյանը, ով արդեն 9 տարի ապրում է Քարվաճառում: Քարվաճառի ջրի համբավը տարածված է նաեւ նրա սահմաններից դուրս: Խորհրդային Ադրբեջանից ժամանակին առանձնացած Լեռնային Ղարաբաղի ջրամատակարարումն 80 տոկոսով ապահովում է հենց այս շրջանը: Խնդիրն այն է, սակայն, որ Քարվաճառը մեկ այլ անվանում ունի`Քելբաջար: Այս ադրբեջանական անվանումը հանդիպում է ինչպես խորհրդային ժամանակների, այնպես էլ ավելի վաղ շրջանի քարտեզներում: Ի տարբերություն Ղարաբաղի այլ շրջանների` Քարվաճառը Խորհրդային Ադրբեջանի տարածքի մեջ մտնող Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ) կազմում չի եղել, հետեւաբար, ներկայում ընթացող խաղաղ բանակցությունների շրջանակներում այն առանձին ձեւաչափով է քննարկվում: Որոշ փորձագետների կարծիքով, եթե Բաքվի պահանջները բավարարվեն, ապա առանց հաշվի առնելու միակողմանի կերպով իրեն անկախ հռչակած եւ ՄԱԿ-ի անդամ ոչ մի երկրի կողմից չճանաչված Ղարաբաղի Հանրապետության ճակատագիրը, այս շրջանը կվերադառնա Ադրբեջանի վերահսկողության ներքո: «Ներկայում քննարկվող խաղաղության համաձայնագրով, ինչպես նաեւ համարյա մյուս բոլոր կարգավորման տարբերակներով նախատեսվում է վերադարձնել բոլոր 7 ադրբեջանական շրջանները, որոնք ներկայում ամբողջությամբ կամ մասամբ հայկական զինված ուժերի վերահսկողության տակ են: Դրա փոխարեն`Լեռնային Ղարաբաղին որոշակի «միջանկյալ միջազգային կարգավիճակ» կշնորհեն եւ կխոստանան հանրաքվե անցկացնել`դրա վերջնական կարգավիճակը որոշելու համար»,- ասում է Կարնեգի հիմնադրամի Ռուսաստանի եւ Եվրասիայի ծրագրի Կովկասի հարցերով փորձագետ Թոմաս դե Վաալը: «Հայաստանը Լեռնային Ղարաբաղին միացնող Լաչինի միջանցքն առանձին կարգավիճակ կստանա: Նախատեսվում է նաեւ, որ Քելբաջարը` հայկական ուժերի վերահսկողության տակ գտնվող ամենամեծ ադրբեջանական տարածքը, որը տեղակայված է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ, մյուս տարածքներից ավելի ուշ կվերադարձվի»: Սակայն սա անընդունելի է Ղարաբաղի բնակիչների համար: Բացի այն, որ ըստ Ղարաբաղի սահմանադրության` նրա իրավասությունը տարածվում է երկրի վերահսկողության տակ գտնվող բոլոր տարածքների վրա, ներառյալ նրանք, որոնք գտնվում են Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի սահմաններից դուրս, Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ տեղակայված շրջանն այստեղ անվտանգության տեսանկյունից կարեւոր նշանակություն ունի: Ղարաբաղում ջրամատակարարման խնդիրը հին արմատներ ունի: Շատ բնակարաններում ջուր տալիս են օրական 2 ժամ, երբեմն նաեւ ավելի քիչ: Մարդիկ ստիպված են ջուր հավաքել լոգարանակոնքերում, դույլերում եւ այլ տարաներում, որպեսզի հնարավոր լինի դիմանալ մինչեւ հաջորդ «ջրի ժամը»: Այսպիսին է իրավիճակը քաղաքներում, մինչդեռ գյուղերում այս խնդիրն ավելի սուր բնույթ է կրում, եւ ամռանը երաշտը պարզապես ոչնչացնում է դաշտերն ու ցանքատարածությունները, քանի որ ջուրն այնտեղ ընդհանրապես չի հասնում: Խնդիրն էլ ավելի սրվեց, երբ ղարաբաղյան հակամարտության գոտում 1992-94 թվականներին տեղի ունեցած ռազմական գործողությունների արդյունքում շատ ենթակառուցվածքներ վնասվեցին, ավերումների մասշտաբը եւս նշանակալի էր, այդ թվում ջրամատակարարման համակարգում: Սա էր պատճառը, որ անմիջապես պատերազմից հետո Կարմիր խաչի միջազգային կոմիտեն սկսեց նախեւառաջ «ջրային» նախագծեր իրականացնել, որոնց շնորհիվ գյուղերը եւ ավանները սկսեցին ջուր ստանալ: Այսօր Ղարաբաղի իշխանությունների առջեւ դրված առաջնահերթ խնդիրներից մեկը կապված է ջրամատակարարման, կոյուղու եւ ոռոգման համակարգերի բարելավման եւ ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման հետ: 2007 թվականի նոյեմբերից Ստեփանակերտում մեկնարկել է «Արցախ ՀԷԿ» նախագիծը, որի շրջանակներում պետք է 5 փոքր ՀԷԿ կառուցվի (յուրաքանչյուր 2 տարին մեկ): Նախագծի յուրահատկությունն այն է, որ դրա բաժնետոմսերը կարող էին գնել բոլոր ցանկացողները, այդ թվում`արտասահմանցիները: Թողարկված թվով ավելի քան 3 միլիոն սովորական եւ անվանական բաժնետոմսերը խիստ մատչելի են եղել`ընդամենը 1000 դրամ: Ղարաբաղի էներգետիկ անկախությանն ուղղված նախագծի շրջանակներում արդեն իսկ մեկ ՀԷԿ է կառուցվել: Ղարաբաղի իշխանությունները ներկայում ցանկանում են այս նախագծի միջոցով ջրով ստացված հավելյալ էլեկտրաէներգիա վաճառել: Բացի այդ` ամենամյա համահայկական «Հեռուստամարաթոն» դրամահավաքի շրջանակներում հայկական Սփյուռքը մեծ նվիրատվություններ է արել Ղարաբաղի ջրամատակարարման համակարգի բարեկարգման նպատակով: ԼՂՀ իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ այս ոլորտը էներգետիկ անկախության եւ ազգային անվտանգության ապահովման ռազմավարական բնագավառներից մեկն է: Ընդ որում, «ջրային խնդիրը» ոչ միայն կարեւոր տնտեսական, այլ նաեւ քաղաքական հարց է համարվում: Այսպես, «Ջրի խնդիրը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համատեքստում» մենագրության հեղինակ Դավիթ Բաբայանը, ով արդեն երկար տարիներ զբաղվում է ջրային անվտանգության հարցերի ուսումնասիրմամբ, նշում է. «Ղարաբաղի տարածքը նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի վարչական սահմանների մոտ բավականին խոցելի է ջրային ռեսուրսների վրա ազդեցության տեսակետից: Նախկին ԼՂԻՄ-ի հիդրոռեսուրսների առյուծի բաժինը սկիզբ է առնում իր վարչական սահմաններից դուրս: Նախկին ԼՂԻՄ-ի հիմնական գետերի միջին տարեկան հոսքի 83,4 տոկոսը բաժին է հասնում Թարթառ եւ Խաչեն գետերին, որոնք սկիզբ են առնում Քարվաճառի շրջանի սահմաններում»: «Այսօր ԼՂՀ-ն ի վիճակի է գրեթե ամբողջությամբ ապահովել իր բնապահպանական անվտանգությունն ու դրա ջրային բաղկացուցիչը, եւ այս տեսակետից առանցքային դեր է խաղում Ղարաբաղի Քարվաճառի շրջանը»,- համոզված է նա: Ներկայում Քարվաճառի շրջանի բնակչության մեծամասնությունը հայեր են, ովքեր 1994-ին զինադադարով ավարտված, սակայն այդպես էլ չկարգավորված ղարաբաղյան հակամարտության ժամանակ լքել են իրենց բնակավայրերը, որոնք ներկայում ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ են: ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամներ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի համանախագահությամբ ընթացող ղարաբաղյան խաղաղ կարգավորման բանակցություններում այդպես էլ նշանակալի առաջխաղացում չի գրանցվել` երկու կողմերի անհամաձայնությունների պատճառով: Ադրբեջանը պահանջում է վերադարձնել կորցրած տարածքների նկատմամբ իր իրավունքները, սակայն տեղացիներն այս մասին լսել անգամ չեն ուզում: «Ինչպե՞ս եք դա պատկերացնում: Մենք մեծ դժվարությամբ այստեղ երկրորդ տուն ենք կառուցել, ապրում ենք, եւ հիմա պարզ չէ, թե մեզ ինչ է սպասվում: Դա երբեք չի լինի: Քարվաճառ կատարած իր այցի շրջանակներում Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը հայտարարեց, որ «քանի դեռ գոյություն ունի Ղարաբաղը, իսկ այն, վստահեցնում եմ ձեզ, միշտ էլ գոյություն է ունենալու, Քարվաճառը նրա տարածքի մասն է կազմելու»»,- ասում է Մարիաննա Հովսեփյանը, ով Քարվաճառ է գաղթել Սումգայիթից, որտեղ 1988-ին երեք օր տեւած հակահայկական բռնությունները նախանշեցին հայ-ադրբեջանական արյունալի հակամարտության սկիզբը: Տեղացիները քաջ գիտակցում են Քարվաճառի շրջանի նշանակությունը ողջ Հարավային Կովկասի համար: «Իհարկե, շրջանն ունի ռազմավարական նշանակություն, քանի որ ջուրը ոչ միայն ներկայի, այլեւ ավելի շուտ ապագայի հեռանկարային ռեսուրս է: Ավելի ու ավելի վատթարացող բնապահպանական պայմաններում ապագայում ջուրը կլինի ամենաանհրաժեշտ եւ թանկ հումքը: Եվ, իհարկե, չեմ խոսում Քարվաճառի շրջանի ռազմական եւ ռազմավարական նշանակության մասին: Սա Ղարաբաղի ամենաբարձր եւ աշխարհագրորեն ամենաանխոցելի կետն է, հետեւաբար ով տիրում է Քարվաճառին, նա տիրում է ողջ Ղարաբաղին»,- ասում է Քարվաճառի 36-ամյա բնակիչ Ալեքսանդր Քանանյանը: Կարինե Օհանյան, Ստեփանակերտ Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter