HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեղարքունիքի մարզպետը պատասխանել է

«Մեկ ամիս ժամանակ է տրվել ապամոնտաժելու կիսակառույց ինքնակամ շինությունները» «Ժառանգություն» խմբակցությունը ստացել է Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանի հոկտեմբեր 10-ով թվագրված գրությունը, որով  նա պատասխանել է խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանի հոկտեմբեր 8-ի պատգամավորական հարցմանը: «Ժառանգություն» խմբակցության կողմից բարձրացված հարցը վերաբերում էր Արգիճի գետի Գայլաձոր վտակի հունը փոխելու նպատակով կառուցված ինքնակամ կառույցների ապամոնտաժմանը, որի մասին ՀՀ Կառավարության անունից քաղաքական հայտարարություն էր արել ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը ԱԺ-Կառավարություն գրավոր եւ բանավոր հարցուպատասխանների ընթացքում: «Նոր, ինքակամ կառույցների» ապամոնտաժման կապակցությամբ ՀՀ բնապահպանության նախարարը հոկտեմբերի 6-ին Ազգային ժողովում մասնավորապես` հայտարարել էր, որ դրանց «հետագա ընթացքը Գեղարքունիքի մարզպետարանի միջոցով պետք է որոշվի: Այո, մենք այսօր նույնպես քննարկում ենք ունեցել եւ տվյալ կառուցապատողը համապատասխան օրենքի շրջանակներում տուգանվելու է եւ պարտադրվելու է, որպեսզի հետեւանքները  վերացնի, ինչին մենք ձեզ հետ միասին հետամուտ ենք լինելու»: Ստեփան Սաֆարյանը Գեղարքունիքի մարզպետից հետաքրքրվել էր, թե «ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանը ե՞րբ է կառուցապատողին պարտադրելու սկսել Արգիճի գետի Գայլաձոր վտակի հունը փոխելու նպատակով ինքնակամ կառուցված շինության ապամոնտաժման աշխատանքները»: Գեղարքունիքի մարզպետ Ն. Պողոսյանի նամակով հայտնվել է հետեւյալը. «Հարգելի պարոն Սաֆարյան, Արգիճի գետի Գայլաձոր վտակի վրա ինքակամ կատարվող շինարարության համար «Զանգեզուր Էքսիմպ» ՍՊԸ, հանձինս տնօրեն Ա. Սարգսյանի, ենթարկվել է վարչական պատասխանատվության: Նշանակվել է վարչական տույժ 400.000 դրամի չափով, որը սահմանված կարգի համաձայն մուծվել է պետական բյուջե: Բացի այդ, մեր 19.10.2010թ. թիվ 01/08/2554-10 գրությամբ ժամկետ է տրվել (մեկ ամիս) ընկերությանն իր միջոցներով ապամոնտաժելու կիսակառույց ինքնակամ շինությունները եւ վերականգնելու քանդված տարածքը` այն բերելով նախկին տեսքին: Ընկերությանը ներկայացված պահանջը ժամկետում չկատարելու դեպքում կկիրառվեն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188 հոդվածի 2-րդ կետի եւ ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 731-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջները»,- ասված է Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանի նամակում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ինքնակամ կառույցները ապամոնտաժելու համար մեկամսյա ժամկետը «Զանգեզուր Էքսիմպ» ընկերությանը տրվել է 2010թ. հոկտեմբերի 19-ին, «Ժառանգություն» կուսակցությունը եւ հանրությունն ակնկալում են, որ առաջիկա օրերին, երբ կլրանա վերջնաժամկետը, կառուցապատողի կողմից դրանք կապամոնտաժվեն եւ տարածքը կբերվի նախկին տեսքին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter