Գիտավերլուծական կենտրոնը ստանձնել է քաղաքացիների եւ փաստաբանների իրավունքների պաշտպանությունը
ՀՀ Փաստաբանների պալատի խորհրդին առընթեր գիտավերլուծական կենտրոնն հոկտեմբերի 23-ին Կոնգրես հյուրանոցում հրավիրել էր իր առաջին նիստը: Կենտրոնի կազմում գործում է 4 հանձնաժողով` Սահմանադրական արդարադատության, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի գործերի վերլուծության, նորմատիվ իրավական ակտերի փորձաքննության եւ Փաստաբանների պալատի ներքին իրավական ակտերի փորձաքննության:
Նորաստեղծ գիտավերլուծական կենտրոնի այսօրվա աշխատանքային օրակարգում ընդգրկված էին դատական ծախսերի մեջ ներառող փաստաբանի ողջամիտ վարձատրության գնացուցակին հավանություն տալու, փաստաբանական ծառայությունները խոչընդոտող պետական մարմինների նկատմամբ օրենքով նախատեսված միջոցառումներ իրականացնելու եւ այլ հարցեր: Հանձնաժողովների գործունեությանն աջակցում է Ամերիկյան իրավաբանների ընկերակցության հայաստանյան ներկայացուցչությունը:
Դատական ծախսերի մեջ ներառող փաստաբանի ողջամիտ վարձատրության գնացուցակի հարցը ՀՀ քաղաքացիական եւ վարչական դատավարության օրենսգրքերով ներառվել է դատական ծախսերի մեջ: Գիտավերլուծական կենտրոնի համակարգող Արա Զոհրաբյանի դիտարկմամբ` խնդիրը նրանում է, որ օրենսդիրն օգտագործել է «ողջամիտ» կամ «խելամիտ» վարձատրություն հասկացությունը, որով դատավորին տվել է կողմերի կնքած պայմանագրում նշված գումարի ողջամտությունն ինքնուրույն որոշելու լայն հնարավորություն: Պրակտիկայում դատավորը մի դեպքում ողջամիտ է համարում 100 հազար դրամը, մյուս դեպքում` դրանից ավելին: Ա. Զոհրաբյանը ներկայացրեց Կենտրոնի առաջարկած գնացուցակը, որն ընդունվելու դեպքում կներկայացվի դատարաններին` այս հարցում միատեսակ պրակտիկա ձևավորելու նպատակով:
Ա. Զոհրաբյանը նիստի մասնակիցներին, որոնք բոլորն էլ գործող փաստաբաններ են, տեղեկացրեց նաեւ փաստաբանական գործունեության օրենսդրական դաշտում սպասվող փոփոխությունների մասին: Մասնավորապես, փաստաբաններին անհանգստացնում է այն, որ առաջիկայում ՀԴՄ-ի կիրառում է նախատեսվում նաեւ փաստաբանական ծառայությունում: Այս հանգամանքը փաստաբանները դիտեցին իրենց անկախությանը խոչընդոտող գործոն, որը հատկապես իր բացասական դրսեւորումը կունենա հարկային մարմինների դեմ դատական գործեր ստանձնելու ժամանակ: Իսկ եթե քաղաքական երանգ ստացող դատավարություններ լինեն` փաստաբանների գործունեությունն ընդհանրապես դադարեցնելու պատճառներ կարող են գտնել հենց այդ հիմքով:
Անդրադառնալով նիստի օրակարգային մյուս հարցերին` գիտա-վերլուծական կենտրոնի խորհրդի անդամները նշեցին, որ քաղաքացիների եւ փաստաբանների իրավունքներն ամենից շատ խախտվում են հանրային այն ծառայություններում, որոնց հետ քաղաքացիներն ավելի հաճախակի են առնչվում` ՔԿԱԳ, նոտար, ռեգիստր, քաղաքապետարան եւ այլն:
Քննարկվեցին նոտարների որդեգրած ոչ օրինական գործողությունները, մասնավորապես փաստաբանների կազմած փաստաթղթերը հիմք չընդունելու, իրենց կազմած ձեւաթղթերը քաղաքացիներին պարտադրելու, որոշ նոտարական գործողություններ իրականացնելուց խուսափելու և այլ հարցեր: Նշվեց, որ քաղաքացիներին ամենից շատ անհանգստացնում է հիշյալ կառույցներում մատուցվող ծառայությունների որակն ու գնային չափերը, որոնք անկանխատեսելի են:
Նոտարական մարմինները փաստաբանների կազմած փաստաթղթերը չեն ընդունում վավերացման` պատճառաբանելով ձեւակերպումները, սակայն, ինչպես նշեցին ելույթ ունեցողները, նոտարի խնդիրը փաստաթղթերը վավերացնողների ստորագրությունները հաստատելն է, ոչ թե գրվածի բովանդակությունը: Շեշտվեց նաեւ, որ գործարքները վավերացնելու արժեքները նոտարների համար հայեցողական են. նրանցից ամեն մեկն ինքն է որոշում գանձելիք գումարի չափը, այն դեպքում, երբ նրանք ընդամենը հաստատում են առքուվաճառքի պայմանագիրը, որի դեպքում անշարժ գույքի արժեքը որոշիչ չպետք է լինի:
Փաստաբանների կարծիքով` գնացուցակ է անհրաժեշտ նաեւ նոտարների համար: Ելույթ ունեցողները նշեցին նաեւ, որ նոտարները լիարժեք չեն կիրառում իրենց օրենսդրական պարտավորությունները հատկապես ժառանգական գույքի տիրապետման, կտակների եւ նման այլ դեպքերում: Առաջարկվեց համակողմանի ուսումնասիրություն իրականացնել այս ոլորոտում եւ վիճակը կարգավորող լուծումներ առաջարկել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել