Քննարկվել են աշնանային զորակոչի խնդիրները
Այսօր պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել Հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված նիստ, որի ընթացքում ամփոփվել են 2010թ. գարնանային զորակոչի արդյունքները և քննարկվել այս տարվա աշնանային զորակոչի պլանավորման աշխատանքները:
Նիստը բացել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Իր խոսքում նա կարևորել է աշնանային զորակոչի ընթացքում հանրային լայն իրազեկման իրականացումը, թափանցիկության և բանակ-հասարակություն լիարժեք փոխվստահության մթնոլորտի ապահովումը:
Հիմնական զեկույցով հանդես են եկել ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը: Ներկայացնելով 2010թ. գարնանային զորակոչի արդյունքները` նա անդրադարձել է ինչպես գրանցված հաջողություններին, այնպես էլ թերացումներին: Խաչատուրովը զեկուցել է նաև, որ 2010թ. աշնանային զորակոչի նախապատրաստական աշխատանքները լիարժեքորեն կատարված են:
Ելույթներով հանդես են եկել Լոռու մարզպետ Ա. Քոչարյանը, ՀՀ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի նախագահ Ա. Պետրոսյանը, Արարատի զինկոմիսար, գնդապետ Գ. Դավթյանը` ներկայացնելով իրենց ոլորտներում առկա խնդիրները:
Ինչպես հայտնում են տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նիստն ամփոփել է Սեյրան Օհանյանը: Գարնանային զորակոչի ամփոփման և աշնանային զորակոչի նախապատրաստական աշխատանքներ, ընդհանուր առմամբ, նա գնահատել է բավարար, խոսել աշնանային զորակոչի ընթացքի վերահսկման լրացուցիչ մեխանիզմների մասին` մատնանշելով, մասնավորապես, պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծված հատուկ հանձնաժողովը, որն օպերատիվ կերպով ուսումնասիրելու և ընթացք է տալու հասարակության դիմում-բողոքներին` ապահովելով թեժ գծի արդյունավետ գործունեությունը:
Նախարար Օհանյանը կարևորել է զինկոմիսարիատների և Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի բարեխիղճ աշխատանքը` ֆիզիկապես և հոգեպես անառողջ զորակոչիկների ներթափանցումը զինված ուժեր բացառելու համար: Նման դեպքերը հետագայում առավել մեծ խնդիրներ են ստեղծում զորամասերում` տարբեր դժբախտ պատահարների պատճառ դառնալով և ազդելով բանակի մարտունակության վրա:
Այս համատեքստում պաշտպանության նախարարն անդրադարձել է նաև վերջին շրջանում բանակում տեղի ունեցած դեպքերին, կարևորեց բարոյահոգեբանական մթնոլորտն ամրապնդելու անհրաժեշտությանը:
Նիստի ավարտին Ս. Օհանյանը խիստ ցուցումներ է տվել զորակոչի գործընթացը պատշաճ մակարդակով կազմակերպելու, նախկինում ի հայտ բերված թերացումները բացառելու, ժողովրդավարական վերահսկման և բավարար թափանցիկություն ապահովելու համար:
2010թ. գարնանային զորակոչի աշխատանքներին ցուցաբերած աջակցության համար նախարարը պատվոգրերով, մեդալներով ու նվերներով պարգևատրել է պաշտպանության նախարարության և պետական այլ կառույցների մի շարք ներկայացուցիչների:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել