HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահը` Շիրակի մարզում

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Շիրակի մարզ: Հանրապետության ղեկավարը եղել է Ախուրյանի տարածաշրջանում կառուցված շաքարի գործարանում: Նախագահը շրջայց է կատարել նորաբաց գործարանի արտադրամասերում, ծանոթացել կատարված աշխատանքներին, առկա խնդիրների և զարգացման ծրագրերի մասին զրուցել գործարանի ղեկավարության ու աշխատակիցների հետ: 2006 թվականից Ախուրյանի տարածաշրջանի Արևիկի նախկին բազայի տարածքում շաքարի գործարանի կառուցումը նպատակ ունի Հայաստանում վերականգնել շաքարի արտադրությունը` մարզերում խթանելով նաև ճակնդեղագործությունը, այդպիսով նպաստելով նոր աշխատատեղերի ստեղծմանը ևս: Դեռևս 2008թ. այդ նպատակով Կառավարությունը հաստատել է  «ՀՀ-ում ճակնդեղագործության զարգացման հայեցակարգը», որից հետո Գյուղատնտեսության նախարարությունը Շիրակի և Լոռու մարզպետարանների հետ միասին աշխատանքներ է իրականացրել արդեն իսկ 2010թ. հիշյալ երկու մարզում շաքարի ճակնդեղի մշակությունը վերականգնելու ուղղությամբ: Նախագահ Սարգսյանին ներկայացրել են, որ առ այսօր կատարվել է շուրջ 102 մլն. ԱՄՆ դոլարի ներդրում, գործարկվել է ներկրվող հումքով աշխատող սխեման: Մինչ օրս ներկրվել է 17.0 հազ. տոննա կիսաֆաբրիկատ հումք, որը վերամշակելով ստացվել է սպիտակ շաքար: Արտադրված շաքարը համապատասխանում է եվրոպական չափանիշներին: Հայաստանում աճեցված շաքարի ճակնդեղի վերա­­­մշակ­ման սխեման ավարտին հասցնելու համար, մնացել են գործարկման և կարգավորման աշխա­տանքները, որոնք կիրականացվեն բերքահավաքից հետո: Շաքարի գործարանում շրջայցից հետո նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանելով լրագրողների հարցերին, նշել է, որ կատարված աշխատանքը շատ տպավորիչ է, և ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած այս գործարանը մի քանի խնդիրներ է լուծելու: Նախ` այս տարածաշրջանում ապահովելու է 1000 աշխատատեղ: Հիմա արդեն աշխատում է 700 հոգի: Երկրորդ` այս գործարանն այս համայնքների համար լոկոմոտիվի դեր է կատարելու, որովհետև գործարանն ի վիճակի է վերամշակելու տեղում արտադրած ճակնդեղը: Եւ երրորդ կարևորագույն խնդիրը, որ լուծում է այս գործարանը,  դա ներմուծման կրճատման և արտահանման ավելացման քաղաքականության իրականացումն է: «Կարճ ժամանակ հետո, Հայաստան, կարծում եմ, ընդհանրապես, շաքար չի ներմուծվելու, որովհետև այս գործարանի շաքարի որակը բավականաչափ բարձր է լինելու և ավելի էժան է լինելու, քան արտերկրում արտադրված շաքարը»-ասել է Հանրապետության ղեկավարը: Շիրակի մարզ աշխատանքային այցի շրջանակներում Հանրապետության ղեկավարը ներկա է եղել նաև Գյումրիի բժշկական կենտրոնի հիմնարկեքի արարողությանը: Քաղաքի հիվանդանոցային համակարգի արդիականացման ծրագրի շրջանակներում Գյումրիի նոր բժշկական կենտրոնի կառուցումն ուղղված է հիվանդանոցային հաստատությունների կողմից մատուցված ծառայություն­ների արդյունավետության աճին, հիվանդանոցային ծառայությունների որակի և մատչե­լիու­­թյան բարելավմանը: Այն իրականացվում է ՀԲ-ի «Առողջապահական համակարգի արդիականացում» ծրագրի շրջանակներում: Ծրագրի համաձայն, որոշվել է միավորել Շիրակի մարզային, Սամարիթեր և Գյուլբեն­կ­յանի անվան վիրաբուժական հիվանդանոցները և Գյումրի քաղաքում ստեղծել մեծահա­ս­ակ­ների մեկ բազմապրոֆիլ հիվանդանոց՝ 200 մահճակալ հզո­րութ­յամբ Գյումրիի նոր բժշկական կենտրոն: Այդ նպատակով, կառավարության որոշմամբ Գյումրիի ավստրիա­կան մանկական հիվանդանոցի ներկա շենքին կից կկառուցվի նոր եռահարկ մասնաշենք և այնտեղ կտեղակայվեն նշված երեք հիվանդանոցների թերապևտիկ և վիրաբուժական ծառայութ­յուն­ները: Այսպիսով` Գյումրիի թե' մանկական, թե' մեծահասակների հիվանդա­նոցային բազմապրոֆիլ ծառայությունները տեղակայված կլինեն իրար մոտ, մեկ վայրում` ապահովելով առավելագույն մատչելիություն ծառայություններից օգտվող բնակչության համար: Ընդհանուր ներդրումները Գյումրիի նոր բժշկական կենտրոնում կկազմեն շուրջ 11 մլն ԱՄՆ դոլար, որից 8.3 միլիոնը շենքի կառուցման և 2.5 միլիոնը բժշկական սարքավո­րումների և կահույքի ձեռք բերման նպատակներով: Նախագահ Սերժ Սարգսյանը բժշկական կենտրոնի շինհրապարակից մեկնել է Շիրակի մարզպետարան, որտեղ խորհրդակցություն է անցկացրել մարզի սոցիալ-տնտեսական խնդիրների շուրջ: Այնուհետև Երկրի ղեկավարն այցելել է Գյումրիի «Սուրբ Ամենափրկիչ» եկեղեցու հարևանությամբ ստեղծված «Խաչքարերի պուրակ», դիտել  Ջուղայում ավերված խաչքարերի կրկնօրինակները, որոնք ստեղծվել են քաղաքի քանդակագործների կողմից` իբրև յուրօրինակ բողոք ընդդեմ ադրբեջանցիների կողմից Ջուղայում իրագործված մշակութային եղեռնի: Նախագահին ներկայացրել են, որ հետագայում պուրակում տեղադրվելու է ավելի քան  հարյուր խաչքար: Սերժ Սարգսյանը Գյումրիի Վարդանանց հրապարակում մասնակցել է նաև «Քաղաքի օր» տոնակատարությանը: 2003 թվականից ավանդական դարձած այս տոնակատարության ժամանակ, որ նշվում է ամեն տարի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, Գյումրին մեծարում է իր լավագույն հայ­­րե­նա­կից­ներին` պարգևատրելով  նրանց «Վարպետ»-ի ոսկյա կրծքա­նշա­նով, «Պատ­վավոր քաղա­քացի» և այլ պատվավոր կոչումներով: Շիրակի մարզ աշխատանքային այցը նախագահ Սերժ Սարգսյանն ավարտել է   Գյումրիի քաղաքապետարանի նորակառույց վարչական շենք այցելությամբ: Նախագահը ծանոթացել է իրականացված աշխատանքին և աշխատակիցների համար ստեղծված պայմաններին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter