HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոսկան Սարգսյան

Գյուղ դարձած նախկին բանավանը` Ազատամուտ

Իջեւանից 14 կմ հեռավորությամբ գտնվող Ազատամուտը, Թումանյանի հերոսի խոսքերով ասած, հին «ադաթից» ընկել է, իսկ «նորն էլ չգիտի, թե ինչ է եկել»: 1968 թ. հիմնված արդյունաբերական ավանը «սեղմված է» 41 հա տարածքում: Այն զրկվել է արդյունաբերական ավանի կարգավիճակից. բենտոնիտի փոշու վերամշակման գործարանը գրեթե չի աշխատում: Ազատամուտ անունը բնակավայրին տրվել է, քանզի Ադրբեջանից 11-րդ կարմիր բանակն այս տարածքով է մտել Հայաստան` «ազատություն բերելով»: Գյուղի զարգացման հնարավորությունները սուղ են, որովհետեւ Ազատամուտը հող չունի, հիմնվել է հարեւան Դիտավան համայնքի հողերի վրա: 3764 բնակիչ ունեցող համայնքի այս տարվա բյուջեն 38 մլն 410 հազար դրամ է, որից պետական լրավճարը` 33 մլն 854 հազար դրամ, սեփական եկամուտները` 3 մլն 220 հազար դրամ: Վերջինիս մեջ գերակշռողը գույքահարկն է` 1 մլն 733 հազար դրամ: Սեպտեմբերի 8-ի դրությամբ գույքահարկը հավաքագրվել է տարեկան պլանի 75 տոկոսի չափով: 2008 թ. նոյեմբերից համայնքը ղեկավարող Ժորա Մարտիրոսյանն ասում է, որ մինչ իր պաշտոնավարումը սեփական եկամուտների տարեկան հավաքագրումը նախատեսվածի 38 տոկոսն է կազմել, իսկ անցյալ տարի հավաքագրումը եղել է 103 տոկոս: Նախկինում քաղաքատիպ ավան համարվող Ազատամուտը քաղաքային բնակավայրին հարիր կենցաղ ու մշակույթ ունի. գործում է երաժշտական դպրոց, 3 խմբով մանկապարտեզ, նկարչական, մարզական խմբեր եւ այլն: Կատարված գործեր Համայնքապետ Ժորա Մարտիրոսյանի հետ շրջում ենք համայնքի տարածքում, նա ցույց է տալիս իր պաշտոնավարման ընթացքում կատարված գործերը. գյուղի տարբեր հատվածներում խճապատ նոր ճանապարհներ են կառուցվել, բարեկարգվել են ներհամայնքային ճանապարհները, գերեզմանատուն տանող ճամփան, համայնքի տարբեր հատվածներում ծառուղիներ են հիմնվել, մշակույթի տանը կից մանկական կարուսելներ տեղադրվել, փողոցներում գիշերային լուսավորություն է անցկացվել, հիմա էլ համայնքի 22 բազմաբնակարան շենքերի մուտքերի համար սենսորային լամպեր են գնվել: Գյուղում կառուցվել է հացատուն, ուր տեղի են ունենում արարողություններ: Համայնքը սնուցող խմելու ջրագիծը 10 տարով հանձնված է «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ին, այդ պայմանագրի ժամկետն այս տարի է ավարտվում: Ժորա Մարտիրոսյանի վկայությամբ` ինքը պաշտոնավարումը սկսել է, երբ համայնքի բյուջեում եղել է ընդամենը 8168 դրամ: Համայնքապետի խոսքերով` իր անձնական միջոցներից 1 մլն 700 հազար է տրամադրել, որով ջրագծում նորոգման աշխատանքներ են կատարվել, ընդհանուր առմամբ տեղադրվել է 2400 գծամետր պողպատյա խողովակաշար: Բնակիչների առողջության համար վտանգավոր էին խմելու ջրագծի 800մ հատվածում տեղադրված ցինկե խողովակները, ուստի դրանք փոխարինվել են պողպատով: Խմելու ջրագծում վթարներ են վերացվել` Դիտավանի անասնաֆերմայի, թիվ 18 եւ թիվ 14 բազմաբնակարան շենքերի մոտ: Այդ աշխատանքներին ֆինանսապես օգնել է ԱԺ պատգամավոր Միքայել Վարդանյանը: Համայնքապետն իր պաշտոնավարման ընթացքում իրականացված ծրագրերից նշում է նաեւ 2 հա տարածքում «Թամարա ֆրուտ» ընկերության հիմնած մոշի, մոռի եւ հաղարջի օրգանիկ այգին: Այս տարի բերքը լավ չի եղել, որովհետեւ այգին ընդամենը երկու տարեկան է, այն լրիվ բերքատու կդառնա երրորդ տարուց: Բացի այդ, լուծված չէ ոռոգման խնդիրը: Ժորա Մարտիրոսյանը վստահեցնում է, որ եկող տարի օրգանիկ այգին Աղստեւի ջրերով, ինքնահոս եղանակով կոռոգվի: Համայնքային գույքն էժան գնով օտարվել է 2008 թ. նոյեմբերին համայնքապետի պաշտոնը ստանձնելով` Ժորա Մարտիրոսյանը պարզել է, որ համայնքի գույքի մի մասն օտարվել է նախկին համայնքապետ Աշոտ Ամիրջանյանին եւ նրա կողմնակիցներին: Մարտիրոսյանի խոսքերով` այն երկհարկանի շենքը, որտեղ համայնքապետարանն էր գտնվում, դեռեւս 1998 թ. 290 հազար դրամով սեփականաշնորհել է «Ազատամուտի բնակարանային կոմունալ տնտեսություն» ԲԲԸ-ն: Բաժնետերերը 4 հոգի են: Մինչեւ 2008-ի աշուն այդ ընկերության տնօրենը նախկին համայնքապետի փեսան է եղել` Աշոտ Գեւորգյանը: Համայնքապետարանն էլ ամեն տարի, որպես վարձակալության վճար, այդ ընկերությանը 300 հազար դրամ է մուծել: Ընտրվելուց հետո Ժ. Մարտիրոսյանը, չհամաձայնվելով վարձակալության նման պայմաններին, ադրբեջանական գնդակոծություններից վնասված մշակույթի տանը 4 սենյակ է նորոգել, որտեղ էլ այժմ տեղակայված է համայնքապետարանը: Մշակույթի տան մի հատված նախկին համայնքապետը օտարել է: Ընդ որում, օտարման փաստաթղթերը կարգին են. կա ավագանու որոշում, հայտարարություն է տրվել թերթում, աճուրդի ձեւական կողմը պահպանվել է: Արդյունքում մշակույթի տան առաջին հարկում գտնվող 124.3 քառակուսի մետր տարածքը 286 հազար 380 դրամով օտարվել է Աշոտ Ամիրջանյանի կնոջը` Անուշ Չոբանյանին: Այժմ այնտեղ խանութ է գործում: Օրինականության առումով ավելի շատ խնդիրներ կան համայնքի թիվ 2 շենքի առաջին հարկի տարածքի դեպքում: Համայնքի ղեկավարն ասում է, որ 15 տարի այդ տարածքը զբաղեցրել են համայնքապետարանի նախկին առաջատար մասնագետ Վրեժ Վարդապետյանը եւ նրա կինը` համայնքապետարանի նախկին ֆինանսիստ, ավագ մասնագետի որակավորում ունեցող Աիդա Ափինյանը: Նրանք տարածքը որպես խանութ են օգտագործել` ոչ մի լումա չմուծելով համայնքի բյուջե: Միայն 2008-2010 թթ. այդտեղ որպես խանութպան աշխատող Հերիքնազ Ուլիխանյանն է վարձակալության գումար մուծել: Ժորա Մարտիրոսյանի վկայությամբ` Վրեժ Վարդապետյանը միաժամանակ եղել է նաեւ ավագանու անդամ: Սա ՏԻՄ օրենքի խախտում է: Համայնքապետը ցույց է տալիս լուսանկարներ, որոնք վկայում են, թե ինչ հակասանիտարական պայմաններում է գործել այդ խանութը: Ինչու՞ չի գործում կաթի հավաքման կետը Ազատամուտը ընդգրկված է «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Գյուղերի զարգացման ծրագրի» մեջ: Այդ ծրագրով Ֆրանսիայի մի հայկական կազմակերպություն 500 հազար դրամի մարզական գույք է նվիրաբերել մշակույթի տանը գործող մարզասրահին: Անցյալ տարվա վերջին, այս տարեսկզբին դպրոցի վերակահավորում է կատարվել, մոտ երկուսուկես տարի առաջ համայնքային գրադարանն է նորոգվել: Հիմնադրամի մյուս ծրագրով, «Աշտարակ կաթ» ընկերության համագործակցությամբ, կաթի հավաքման կետ է հիմնվել: Ազատամուտի կիսակառույց դպրոցի մասնաշենքերից մեկում կաթի հավաքման կետը գործարկվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի ԱՄՆ Արեւմտյան շրջանի տեղական մարմնի եւ Սան Ֆրանցիսկոյի հայ համայնքի աջակցությամբ: Շենքը նորոգվել եւ համալրվել է անհրաժեշտ լաբորատոր սարքավորումներով, սառնարաններով, ձեռք է բերվել կաթի հավաքման 2 ավտոմեքենա: 45 մլն դրամ ֆինանսավորմամբ կառուցված կաթի հավաքման կետը հնարավորություն ունի օրական 4500 լ կաթ ընդունելու: Այն պետք է սպասարկեր Ազատամուտի եւ հարակից Խաշթառակ, Լուսահովիտ, Լուսաձոր, Դիտավան, Ակնաղբյուր, Այգեհովիտ եւ Աչաջուր գյուղերի տնտեսություններին: Սակայն 1.5 ամիս աշխատելուց հետո փակվել է: Ժորա Մարտիրոսյանը տեղեկացնում է. «Կաթ հավաքելու համար ստիպված էինք Սեւքարի, Սարիգյուղի սարերը գնալ: Սակայն անասնատերերը չէին ցանկանում լիտրը 100 դրամով կաթ հանձնել»: «Աշտարակ կաթ»-ից հայտնել են, որ ընդունված կաթը Ճամբարակի կաթի հավաքման կետ պետք է հանձնեն լիտրը 125 դրամով: Վնասով չաշխատելու համար «Ազատամուտի կաթ» ՍՊԸ-ն օրական նվազագույնը մեկ տոննա կաթ պիտի ընդուներ, սակայն... «Գյուղի անասնատերերը Ազատամուտի բազմաբնակարան 22 շենքերի բնակիչներին մածունի լիտրը 200 դրամով են վաճառում, ո՞վ 100 դրամով կաթ կհանձնի»,- ասում է համայնքի ղեկավարը: Ստիպված Ազատամուտում հավաքած կաթը պանիր են սարքել, վաճառել: Խնդրի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար հանդիպեցինք «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրերի եւ արտաքին կապերի բաժնի պետ Վարդան Փարթամյանի հետ: Նա հայտնեց, որ Ազատամուտում կաթի հավաքման կետ հիմնելուց առաջ, հիմնադրամի պատվերով, 2007 թ. «ՔԱՐԴ» ընկերությունն ուսումնասիրություններ է կատարել: Ընկերության ներկայացուցիչներն ասել են, որ այդ տարածաշրջանը կաթի հավաքման եւ այդ գործի զարգացման համար ներուժ ունի: Պրն Փարթամյանն ասաց, որ սույն թեմայով զրուցել են Ազատամուտի եւ հարակից գյուղերի համայնքապետերի, գյուղացիների, Տավուշի մարզպետարանի ներկայացուցիչների հետ, եւ նրանց կողմից կաթի հավաքման կետի գաղափարը դրական է ընդունվել: Գյուղացիներն ասել են, որ իրենց պահած 1-2 կովի կաթը տան կարիքների համար են օգտագործում, իսկ կաթի հավաքման կետի առկայության դեպքում կավելացնեն անասունների թիվը եւ կհամագործակցեն հավաքման կետի հետ: «ՔԱՐԴ»-ի ուսումնասիրության մեջ նաեւ նշված էր, որ մոտ 1 տարի է հարկավոր, որպեսզի կաթի հավաքման կետը կարողանա համապատասխան քանակի կաթ ընդունել եւ ֆինանսապես ինքնաբավ դառնալ: Գյուղացին ժամանակի ընթացքում իմանալով, որ իր հարեւանը կաթն այդտեղ է հանձնում, ինքն էլ կհանձնի: Վ. Փարթամյանն ասաց, որ հակառակ սպասումների` ընդունման կետը չգործեց, գյուղացիներն ասացին` «լավ կլիներ, որ կաթը 200 դրամով ընդունվեր», սակայն պետք է հաշվի առնել շուկայի պահանջները: «Մենք այժմ մարզպետարանի հետ համատեղ համագործակցում ենք Տավուշի մարզից պատգամավոր Միքայել Վարդանյանի հետ` կաթի հավաքման մենեջմենթի, կառավարման հարցերը լուծելու համար»,- ասաց Վ. Փարթամյանը` հավելելով, որ այդ առումով «Գրանդ հոլդինգի» հնարավորություններն ավելի մեծ են: Վ. Փարթամյանը հավաստիացրեց, որ եթե այս ձեւով էլ չստացվի, լուծման այլ տարբերակներ կփնտրեն, կաթի հավաքման կետը կաշխատի, գործը կիսատ չի մնա, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը ծրագրեր իրականացնելիս հետեւողական է: Իսկ Ազատամուտը բազում այլ հոգսեր ունի: Բազմաբնակարան 22 շենքերից 19-ի տանիքների շիֆերները հին ու մաշված են, անձրեւը ներս է լցվում: Այս հարցում պետական աջակցություն դեռ չկա, համայնքում համատիրությունն էլ նոր է ստեղծվում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter