HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Նախարարի եկամուտներն ավելացել են 45 անգամ

ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունի դրամական եկամուտները 2009 թ. ավելացել են մոտ 45 անգամ` 2008-ի համեմատ: 2006 թ. Արամ Հարությունյանը (այն ժամանակ` քաղաքաշինության նախարար) որպես աշխատավարձ ստացել է 3 մլն 781 հազ 794 դրամ: 100 մլն դրամ էլ ստացել է Երեւանում գտնվող իրեն պատկանող հանգստյան գոտու մի մասի վաճառքից:

2008 թ. արդեն բնապահպանության նախարար Ա. Հարությունյանի եկամուտներն ավելի համեստ են: Այդ տարի նա հայտարարագրել է ընդամենը 2 մլն 906 հազ 178 դրամ, որը նրա աշխատավարձն է: Մեկ տարվա ընթացքում նախարարը 45 անգամ ավելացրել է դրամական եկամուտները` հասցնելով 131 մլն 61 հազ. 616 դրամի: Այդ եկամտի հաշվին բնապահպանության նախարարը 42 մլն դրամով Երեւանում գնել է մեկ բնակարան եւ ավտոտնակ: Արամ Հարությունյանը «Հետքին» բացատրեց, թե ինչպես է միանգամից հարստացել: Նախարարին են պատկանում մի շարք ձեռնարկություններ, որոնք եկամտաբեր են եղել 2009 թ.: «Եղվարդի ճանապարհաշինարարական ԲԲԸ-ն, որտեղ գլխավոր բաժնետերը ես եմ, 2009 թ. շահույթով է աշխատել»,- խոստովանում է Ա. Հարությունյանը: Նախարարն անկեղծացավ, որ Եղվարդի ճանապարհների շինարարությունը հիմնականում իր ընկերությունն է անում, սակայն ընդգծեց, որ տենդեր շահելու համար որեւէ միջամտություն չի արել. «Ես չեմ խառնվում, ոչ մեկը չգիտի, որ ես եմ փայատերը, որ գրեք, նոր կիմանան: Կառավարությունում էլ չգիտեն, այն ժամանակվա տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանի ինչի՞ն էր պետք, որ իմանար` բաժնետե՞ր եմ, թե՞ չէ: Իմ ընկերությունն անցնում է բոլոր ընթացակարգերը եւ բոլոր ընկերությունների նման մասնակցում է մրցույթին»,- ավելացրեց Ա. Հարությունյանը: Նախարարի համար շահույթ են ապահովել նաեւ Դավիթ Անհաղթ փողոցում գտնվող «Նոր Ռեժանս» ռեստորանային համալիրը, որտեղ Ա. Հարությունյանն ունի 42 տոկոս բաժնեմաս, եւ դրա հարեւանությամբ գտնվող գազալցակայանը, որն ամբողջությամբ նախարարինն է: Նախարարն ասում է, որ «Հանարդնախագիծ» ԲԲԸ-ի բաժնեմասերի հիմնական փաթեթը նույնպես իրենն է, այն եւս 2009 թ. շահույթով է աշխատել: Նրան է պատկանում նաեւ Եղվարդի «Հայինկոմսպասարկում» ԲԲԸ-ի 70 տոկոս բաժնեմասը: Ընկերությունն այժմ օգտագործվում է որպես հեղուկ վառելանյութի պահեստ, որտեղ կարող է պահեստավորվել 4000 տոննա վառելանյութ: Եղվարդում Ա. Հարությունյանն ունի նաեւ 0.08 հա տնամերձ հողամաս եւ 0.43 հա վարելահող: Թեեւ մամուլը բազմիցս գրել է, որ Արամ Հարությունյանը Սեւանում հանգստյան գոտի ունի, սակայն նախարարը հերքում է այդ փաստը` ասելով, որ Սեւանը շատ է սիրում, նույնիսկ ձմռանն այնտեղ լողանում է, սակայն հանգստյան գոտի ձեռք բերելու ցանկություն հիմա էլ չունի: «Անձնապես չեմ գնա դրան, բայց եթե հնարավորություն լինի մեծ ներդրումային ծրագիր իրականացնել, ու դրան միանան այլ ներդրողներ, հնարավոր է, որ այդ շրջանակներում հանգստյան գոտու ծրագրեր իրականացնենք: Կարծում եմ` շատ լավ կլինի, որ մեծ ծրագրեր իրականացվեն, որովհետեւ Սեւանի ազգային պարկի տարածքն ուսումնասիրելով` գալիս ենք այն եզրակացության, որ փոքր ծրագրերը հագեցած են, անհրաժեշտ է խոշոր ներդրումներ անել, իմ կարծիքով` դրա անհրաժեշտությունն այսօր կա»,- ավելացնում է Արամ Հարությունյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter