HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Գործարանները խաղողի մթերման գինը որոշում են իրենց հաշվարկներով

Հոկտեմբերի 5-ից խաղող է մթերում ԱԺ պատգամավոր, գեներալ-մայոր Սեյրան Սարոյանին պատկանող «Սար Կոպ» գինու, օղու, կոնյակի գործարանը: Այն գտնվում է Էջմիածնում եւ ընդունում է հիմնականում Արմավիրի մարզի խաղողագործների բերքը: Գործարանի պատին հայտարարություն է փակցված, որ գինու եւ կոնյակի գինենյութի համար նախատեսված խաղողի տեսակները, որոնց շաքարայնությունը 24 տոկոս եւ ավելի է, մթերվում են կիլոգրամը 120 դրամով: Մեր այցելության պահին գործարանը դեռ շարունակում էր գյուղացիներից խաղող ընդունել: Հայկը գործարանին հանձնելու համար սեղանի խաղող էր բերել Մեծամորից: Նրան վճարեցին կիլոգրամը 110 դրամով, մի քանիսին էլ` 100 դրամով: Գումարը վերցնելիս Հայկը չդժգոհեց, սակայն դեմքի արտահայտությունից էլ երեւում էր, որ հիասթափված է: Շուկայում խաղողը վաճառվում է 250 դրամից ոչ պակաս, մինչդեռ նրա բերքը մոտ 2 անգամ պակաս գնով են մթերել: Գործարանի տնօրեն Արամ Պողոսյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ օրվա ընթացքում առավելագույնը 5 խաղողագործի են 120 դրամից պակաս վճարում: Իսկ 100 դրամով մթերվում է սեւ խաղողը, քանի որ այն որպես գույն է օգտագործվում գինեգործության մեջ: «110 դրամանոց խաղողն էլ իրականում այդ գինը չունի, մենք իրեն ավել ենք վճարում»,- նշում է Ա. Պողոսյանը: Տնօրենի ասելով, ինչպես անցյալ, այնպես էլ այս տարի խաղողի որակը ցածր է, այս տարի մի քիչ քաղցրությունն է շատ: Պատճառը բնակլիմայական պայմաններն են, ինչպես նաեւ` գյուղացիների սոցիալական պայմանները: Այգեգործները չեն կարողանում ժամանակին պարարտացնել, ջրել այգին, պայքարել հիվանդությունների դեմ: «Այգի մշակողը կարող է միլիոնատեր լինել, եթե օր ու գիշեր քրտնի այդ վազի վրա, դա հեշտ բան չէ: Պետությունը պետք է այգեգործներին օգնի: Շատ գյուղացիներ մի քանի տարի առաջ վարկեր էին վերցնում եւ ճիշտ մշակություն էին իրականացնում, բայց, եղանակային պայմաններից ելնելով, տուժեցին ու մնացին բանկերի տոկոսների տակ, հիմա վախենում են վարկեր վերցնել: Հիմա էլ կարող են վարկ վերցնել, բայց մտածում են` վարկը վերցնեն, բա որ կարկուտ խփի, կամ մի բան լինի, ո՞նց են փակելու: Գյուղացին երաշխավորված չի ոչ բանկի, ոչ բնության, ոչ էլ պետության կողմից, որ աղետի դեպքում փոխհատուցի կրած վնասները»,- ասում է Արամ Պողոսյանը: Նա անձամբ է գնացել գյուղեր եւ այգեգործներին հորդորել, որ չշտապեն եւ թողնեն` խաղողը քաղցրանա: Սակայն գյուղացիները շտապել են եւ գործարան են տարել ոչ քաղցր խաղող: «Ես ո՞նց կարող եմ 17.4 տոկոսանոց խաղողը գնել 120 դրամով: Լավագույն դեպքում իրենց կարող եմ վճարել 110 դրամ: Նրանց էլ ասում եմ, որ մթերում ենք միայն այն պատճառով, որ իրենց պարզապես խոստացել էինք խաղող մթերել, հակառակ դեպքում այդ քաղցրության խաղող չէինք էլ մթերի»,- ավելացնում է Ա. Պողոսյանը: Նա պարզաբանեց, որ 22 եւ բարձր տոկոս շաքարայնություն ունեցող 7.5-8 կգ խաղողից ստացվում է 1 լիտր կոնյակի սպիրտ: 17.4 տոկոս շաքարայնության դեպքում նույն քանակությամբ կոնյակի սպիրտ ստանալու համար օգտագործվում է 10-11 կգ խաղող: Թեեւ չգտնվեց մի գյուղացի, ով մեր ներկայությամբ կպնդեր իր խաղողը 120 դրամով մթերել, սակայն Ա. Պողոսյանն ասում է, որ գործարանը ցածր գնով մթերում է այն մարդկանց բերքը, ովքեր ստիպում են, որ իրենց խաղողը մթերեն: Հակառակ դեպքում այդ խաղողը ոչ մի գործարան չի ընդունի, եւ գյուղացիները պետք է այն թափեն: «Մենք չենք եկել ժողովրդին կողոպտելու: Ինչ խոստում տվել ենք, կատարել ենք, բայց այսօր չենք կարող մեր երեխայի բերանից կտրենք, տանք ուրիշի: Մի մասնիկ կարող ենք տալ, բայց ամբողջությամբ տալ չենք կարող»,- ավելացնում է գործարանի տնօրենը: Նշենք, որ ընդամենը օրեր առաջ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանն անձամբ էր հավաստիացնում, որ այն ընկերությունները, որոնք խաղողի 1 կգ-ը մթերում են մինչեւ 120 դրամով, պետք է հիմնավորեն իրենց գնային քաղաքականությունը: Անհրաժեշտության դեպքում չի բացառել, որ հարցը լրացուցիչ կքննարկվի նաեւ Կառավարությունում: Արտոնյալ վիճակում են գտնվում միայն պատգամավորի ընտրատարածքի (թիվ 19) խաղողագործները: Նրանցից խաղողն ընդունվում է առաջնահերթության կարգով, եւ անկախ որակից` նրանց վճարում են 120 դրամ 1 կգ-ի համար: Տարեցտարի «Սար Կոպ» ՍՊԸ-ն պակասեցնում է խաղողի մթերման ծավալները: Մթերում իրականացնելու առաջին տարում` 2007 թ., ընդունվել է 10.000 տոննա խաղող, 2008-ին` 7800 տոննա: Անցյալ տարի գործարանը գյուղացիներից ընդունել է 4700 տոննա խաղող, իսկ այս տարվա համար դեռ ծավալը որոշված չէ, սակայն հավաստիացնում են, որ նախորդ տարվանից շատ են մթերելու: Ա. Պողոսյանի ասելով, մթերման ծավալի կրճատումը պայմանավորված է գործարանի վերազինմամբ: Գործարանը պատրաստի ապրանքով դեռ շուկա չի մտել: Այժմ հնեցվում է 4 տարեկան կոնյակ: Սպասվում է, որ այն շուկա կհանվի հաջորդ տարի: Պատգամավորը պատրաստվում է իր կոնյակն արտահանել Ռուսաստան, Ֆրանսիա եւ Իտալիա: Գործարանի ոգելից խմիչքների շշերը պատրաստվելու են Ֆրանսիայում: Արամ Պողոսյանը պնդում է, որ ինչպես արտերկրում, այնպես էլ Հայաստանում հայկական կոնյակն այլեւս նախկին համբավը չունի, ուստի դժվար է միջազգային շուկայում մրցակցել: «Շուկայում հայտնված գեղեցիկ շշերով կոնյակը վաճառվում է 1500-2000 դրամով: Ինչպե՞ս է դա հնարավոր, երբ միայն կոնյակի մեկ լիտր հումքի վրա ծախսվում է մոտ 1750 դրամ»,- նշում է տնօրենը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter