HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խմում են ոսկու հանքի ջուրը

Լոռու մարզի Մղարթ գյուղի խմելու ջուրը գալիս է «Մուլտի գրուպ» ընկերությանը պատկանող ոսկու հանքավայրի տարածքից: Այն վատ համ ու հոտ ունի: «Էդ ջուրը խմի, մարդը առողջություն կունենա՞: Էդ էլ մեր գյուղապետի շնորհքով բերին, բայց էդ ջուրը չի օգտագործվում, խմելու համար պիտանի չի:

Ջուրը գյուղի անասուններն էլ չեն կարում խմեն»,- ասաց մղարթցի Վանիկ Մեհրաբյանը: Համայնքապետ Վաչիկ Նավասարդյանը տեղեկացրեց, որ ոսկու հանքավայրի մոտից ջուրը 5 տարի առաջ են բերել գյուղ, երբ հանքավայրը դեռ չէր շահագործվում: Այդ ժամանակ էլ սանէպիդկայանը ստուգումներ է կատարել: «Հանքավայրի շահագործումից հետո հիմա արդեն ջուրը չի խմվի, որովհետեւ ջրի վերեւում գտնվող ոսկու հանքը բաց է: Էդ ջրից գյուղում ով ռիսկ է անում` խմում է, ով էլ ռիսկ չի անում` չի խմում: Հիմնականում անասուններն են խմում, մեկ էլ լվացքի համար են օգտագործում»,- ասաց համայնքապետը: Ջուրը երբեք չի հետազոտվել, համայնքապետը ցանկալի համարեց գյուղի ջրի հետազոտումը: «Մեր գյուղը էնքան բնական ջուր ուներ, որ կոլխոզի անասուններին գոմերում էինք ջուր տալիս: Մեր հին ջուրը գետնի տակին ա, քանդվել ա, խողովակ չկա, 50 տարի ա, գյուղի ջրի ներքին ցանցը չի փոխվել: Հարկավոր ա էդ ջուրը գտնել ու վերականգնել»,- ավելացրեց Վանիկ Մեհրաբյանը: Վերջինս խնդրեց գրել նաեւ գյուղի գազաֆիկացման խնդրի մասին: Համայնքապետ Վ. Նավասարդյանն ասաց, որ սեփական միջոցներով չեն կարող այդ հարցը լուծել: «Մտածում եմ, 100 տեղ եմ դիմել, 2009 թ. խոստացել էին տալ, չտվեցին: Գազը գյուղ հասցնելու համար 25-28 մլն դրամ է հարկավոր: Համայնքի բյուջեից դրա 15 տոկոս ներդրման գումարը ես ունեմ եւ պահում եմ: 2009 թ. խոստացել էին տալ, չտվեցին: Պետբյուջեից 2011 թ. խոստացել են, կհատկացնեն այդ գումարը»: Վաչիկ Նավասարդյանը նաեւ հայտնեց, որ «Մուլտի գրուպ» ընկերությունը մեկ տարի առաջ աջակցել է` ապահովելու գյուղի դպրոցի դասասենյակների ջեռուցումը: Այլ հարցերում ընկերությունից աջակցություն չեն ստացել: «Գյուղի անանցանելի ճանապարհի բարեկարգման համար մի քանի անգամ դիմել եմ «Մուլտի գրուպ»-ի փոխտնօրեն Սեդրակ Առուստամյանին: Ասել ա` հա, կօգնեմ, բայց ոչնչով էլ չի օգնել»,- ասաց համայնքապետը: Մղարթի հիմնական դպրոցում սովորում է 55 աշակերտ: Դպրոցը չունի 5-րդ դասարան: «Էդ տարի ծնունդ չի եղել, դպրոց չեն ընդունվել»,- բացատրում է տնօրեն Լյովա Հարությունյանը: Բոլոր ուսուցիչները բարձրագույն կրթություն ունեն: Սակայն անգլերենի դասաժամերը պարապում է աշխարհագրության ուսուցչուհին: Առաջին դասարանում սովորում է 10 աշակերտ: «Հետո կսկսի պակասել, երիտասարդները չեն մնում գյուղում, մնացողներն էլ երկու երեխայից ավել չեն ունենում»,- ասաց Լ. Հարությունյանը: Դպրոցի շենքը կառուցվել է 1967 թ. եւ առայսօր հիմնանորոգման չի ենթարկվել: Անմխիթար վիճակում են տանիքը եւ սպորտդահլիճը: Իր ուժերով սպորտդահլիճը վերանորոգելու տնօրենի փորձերը արդյունք չեն տվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter